Երկրապահ կամավորականների միության կազմած կամավորական խմբերն արդեն առաջնագծում են: Մարտական հենակետեր մեկնելու դիմում են ներկայացրել հազարավորները: Արդեն իսկ բոլոր մարտական հենակետերում կան երկրապահ կամավորականներ, երկրապահներ կան նաեւ սահմանային զորամասերում, բավական մեծ թվով երկրապահներ էլ իրենց հերթին են սպասում Ստեփանակերտում: Քանի որ արդեն իսկ բավական մեծ ռեզերվ կա, այս պահին դեպի Արցախ նոր խմբեր չեն գործուղվում, սակայն, մեծ թափով շարունակվում է կամավորականների ցուցակագրումը:
Երկրապահի կենտրոնական շտաբ եւ տեղական շտաբեր են դիմում հազարավոր մարդիկ, այդ թվում` կանայք, երիտասարդ աղջիկներ, ուսանողներ, նույնիսկ արտերկրից ժամանածներ կան, որ առաջնագիծ մեկնելու դիմումներ են ներկայացնում: Առանձին հայտարարություններով առաջնագիծ մեկնելու ցանկություն են հայտնել նաեւ ԵԿՄ արտերկրի ներկայացուցչությունները: Նախօրեին Ստեփանակերտում հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Կատարվել է սահմանային իրավիճակի վերլուծություն, որի հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ: Ըստ այդմ` կատարվել է երկրապահական վաշտերի բաշխումն ըստ հենակետերի:


















































