Լրահոս
«Յոխ»
Օրվա լրահոսը

«Զինվորական համազգեստի կրման կանոնները բոլորի՞ համար են պարտադիր, թե՞ կան բացառություններ նաև Գլխավոր շտաբի պետի համար»

Նոյեմբեր 25,2026 12:21 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ պաշտպանության նախարարության հերթական պաշտոնական հաղորդագրությունից և դրան կից հրապարակված լուսանկարներից տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր բանակային դիրքեր, հանդիպել զինծառայողների հետ և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին։

Հաղորդագրության համաձայն՝ Գլխավոր շտաբի պետն այցելել է նաև Պաշտպանության նախարարության մի շարք զորամասեր, որտեղ ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ։

Ուսումնասիրելով հրապարակմանը կից լուսանկարները՝ անհրաժեշտ ենք համարում հերթական անգամ ուշադրություն հրավիրել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի կողմից զինվորական համազգեստի կրման սահմանված կարգի պահպանման խնդրին։

Մասնավորապես, Զինված ուժերում, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն, նոյեմբերի 15-ից սահմանվում է զինվորական համազգեստի ձմեռային կրման փուլը, որը վերաբերում է բոլոր զինծառայողներին։ Մինչդեռ Պաշտպանության նախարարության պաշտոնական հրապարակման լուսանկարներում Գլխավոր շտաբի պետը ներկայանում է ամառային նմուշի զինվորական գլխարկով, այն էլ՝ մարտական դիրքերում՝ սաղավարտի և զրահաբաճկոնի բացակայությամբ։

Գուցե ոմանց համար այս հանգամանքը երկրորդական թվա, սակայն զինված ուժերում համազգեստի կրման սահմանված կարգի պահպանումը զուտ արտաքին տեսքի հարց չէ։ Այն զինվորական կարգապահության և ծառայողական պահանջների միասնական կատարման կարևոր բաղադրիչներից է։

Ավելին՝ զինվորական կարգապահության պահանջները պետք է հավասարապես պարտադիր լինեն բոլորի համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից և զինվորական կոչումից։ Եթե շարքային զինծառայողից պահանջվում է անվերապահորեն պահպանել սահմանված կարգը, ապա նույն պահանջը, առավել ևս, պետք է պահպանվի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի կողմից։

Հակառակ պարագայում ստացվում է, որ սահմանված կանոնները պարտադիր են ենթակաների, բայց ոչ միշտ՝ նրանց նկատմամբ պահանջներ ներկայացնող ղեկավարների համար։ Իսկ նման գործելաոճը ոչ միայն հակասում է կարգապահության միասնական սկզբունքին, այլև բացասական օրինակ է ծառայում զինանձնակազմի համար։

Չէ՞ որ զինվորական կարգապահությունը նախևառաջ սկսվում է հրամանատարից, իսկ ղեկավարի անձնական օրինակը հաճախ ավելի ազդեցիկ է, քան նրա տված բազմաթիվ հանձնարարականները։

Հ.Գ. Պարոն գեներալ-լեյտենանտ, ի՞նչն է պատճառը, որ Դուք չեք պահպանում զինվորական համազգեստի ձմեռային կրման սահմանված կարգը։ Արդյո՞ք այդ պահանջը չի տարածվում նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի վրա։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30