Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. «Լավ չէ, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն զենք է վաճառում ագրեսոր Ադրբեջանին»

Ապրիլ 09,2016 20:29

Քիչ առաջ Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում տեղի ունեցավ Արցախի պաշտպանության ժամանակ նահատակված 20-ամյա շարքայիններ Գևորգ Վարդանյանի, Տիգրան Աբգարյանի ու 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի հոգեհանգստի կարգը: Մեծ թվով գյումրեցիներից բացի նահատակների հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը: Հերոսների ընտանիքի անդամներին իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնելուց հետո Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարցին, թե նորմալ համարո՞ւմ է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այսօր հնչեցրած այն հայտարարությանը, թե ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Իհարկե, լավ կլինի, որ չվաճառեն, մեր հորդորն է եղել իրենց, ինչպես հանրապետության նախագահի, այնպես էլ մեր, բայց դա իրենց ինքնուրույն գործն է, իրենք են որոշում, բայց մենք՝ որպես ռազմավարական գործընկեր, հորդորում ենք ու հորդորելու ենք, որպեսզի իրենք չվաճառեն այն ագրեսոր երկրին, որը զենքը օգտագործելու է խաղաղ բնակիչների դեմ»:

Aravot.am-ի այն հարցին՝ այսքանից հետո ի վերջո Ռուսաստանի Դաշնությանը պիտի համարե՞լ մեր ռազմավարական դաշնակիցը, թե՞ ոչ, վարչապետն ասաց. «Իհարկե, մեր ռազմավարական դաշնակիցն է, իրենք չեն հերքել երբեք, որ մեր ռազմավարական դաշնակիցը չեն, բայց նորից եմ ուզում կրկնել, իրոք, մեր ժողովուրդը ցավ է ապրում, որ Ռուսաստանի Դաշնությունը զենք է վաճառում ագրեսոր ադրբեջանցուն, թուրքին: Դա վատ բան է, մենք հորդորել ենք, ասել ենք, որ մենք դա լավ չենք ընդունում եւ գտնում ենք ոչ ճիշտ, որ մեր ռազմավարական գործընկերը, դաշնակից գործընկերը զենք վաճառի Ադրբեջանին, որը օգտագործում է սպանելու խաղաղ բնակիչներին, նաեւ ծերերի, երեխաների: Մի երկիր, մի ժողովուրդ, որը կրակում է դպրոցի վրա, սպանում է աշակերտին, դրանից վատ որեւէ ազգ, պետություն չեմ տեսել, նույնիսկ պատմության մեջ»,- ասաց վարչապետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ռուսական զէնքերով, յարձակման տակ սպանվեցին հայ զինվորներ եւ նաեւ խաղաղ քաղաքացիներ:

    Հետեւաբար, նվազագոյնը, սկսելու համար միայն՝ Ռուսաստանը պարտաւոր է վնասուց հատուցում տալու մեզի:

    Եւ այլեւս կազի գինի զեղչով չէ որ շիջանելու է այս տարրական պարտքը:

  2. karen says:

    Էս մարդը տաս երես ունի:Երկու օր առաջ Մեդվեդևի նեկայությամբ արդարացնում էր ռուսների կողմից մեր թշնամուն զենք վաճառելը:Հիմա էլ որիշ բանէ ասում:Չէ՞ որ նրանց տված զենքով են էս հերոսին սպանել,ինչի՞ ես եկել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930