«Նիդերլանդական Օրագիր». Ապրիլի 23-ին’ Հայոց Ցեղասպանության 101-ամյակի նախօրեին, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները Ամստերդամի սրտում’ Museumplein hրապարակից, որտեղ տեղակայված են մի քանի հանրահայտ թանգարաններ, բողոքի երթ կազմակերպեցին դեպի քաղաքի մեկ այլ հայտնի’ Beursplein հրապարակ: Այստեղ էլ մասնակիցներն այնուհետև հանրահավաք անցկացրեցին:


Ակցիայի մասնակիցները, ովքեր հայ-հոլանդական եռագույն դրոշներից բացի կրում էին Թուրքիայի ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներ, ցեղասպանության վավերագրեր պատկերող լուսանկարներ, Մեծ Եղեռնի պատմության մասին բրոշյուրներ էին բաժանում անցորդներին:
Կարդացեք նաև

Հատկապես կարգալուծվեց տրամվայների կանոնավոր աշխատանքը, որոնք ստիպված էին արգելակել իրենց ընթացքը’ մինչև կանցնեին մարդկանց հոծ խմբերը: Այդ ընթացքում էլ ուղևորները մոտենում էին փոխադրամիջոցի պատուհաններին և դիտում ցուցապաստառները, երթի մասին բրոշյուրներ խնդրում մասնակիցներից: Բազմաթիվ զբոսաշրջիկներ պարզապես լուսանկարչական սարքերն էին նախապատրաստում, երբ լսում էին թմբուկների խրոխտ զարկերը: Գետից անցնող զբոսանավերից մեկն էլ, որպես համերաշխություն երկար ազդանշան հնչեցրեց:
Մինչ երթի մասնակիցները կժամանեին Beursplein Հրապարակ, ամբողջ ժամանակ հարթակից հնչել է հայկական ազգային երաժշտություն:

Ցեղասպանությունը, որպես երևույթի դատապարտումով են հանդես գալիս Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, քրդական համայնքի անունից Ջերան Օզհանը,արամեական համայնքի առաջնորդ Ջոնի Շաբոն,«Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը, ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության նախագահ Սերինե Աբրահամյանը, «AJO Ամստերդամ» երիտասարդական կազմակերպության ղեկավար Գրիգոր Այվազյանը, հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը:
Հուզական և անկեղծ ելույթ ունեցավ Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության երիտասարդ թևի ղեկավար Լաուրա Յակը: Նա մատնանշեց, որ իրողությունն ունի 101 տարվա պատմություն և 101 տարի է ինչ անարդարություն է տեղի ունենում ու այսօր հայն իր տարածքում ապահով չի ապրում: «Ես հայ չեմ, բայց սա իմ խնդիրն է նաև» ասաց նա:
Գեղարվեստական կատարումներով հանդես եկան երգիչներ Վրեժ Սահակյանը, Մամբրե Սիմոնյանը, Սվետլանա Աղաջանյան,Ամստերդամի հայկական եկեղեցու Անի պարային համույթը:
Ապրիլի 23-ի երթ-հանրահավաք ամփոփում է Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անդամ տիկին Ինգա Դրոստը:

Ապրիլի 24-ին Հոլանդահայ կազմակերպությունների անդամները ծաղկեպսակ կդնեն Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձաններին:


















































