Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի թեթեւ աթլետները Ռիոյի օլիմպիական ուղեգրեր կնվաճեն

Մայիս 04,2016 14:30

Հայաստանի թեթեւ աթլետներն Անկախ Հայաստանի մարզական պատմության ողջ ընթացքում միշտ էլ մասնակցել են օլիմպիական խաղերին: Ընդ որում, բոլորն էլ այդ իրավունքը վաստակել են վարկանիշներ նվաճելով: Իսկ օլիմպիական խաղերում ամենաբարձր արդյունքը ցույց է տվել եռացատկորդ Արմեն Մարտիրոսյանը՝ Ատլանտայում զբաղեցնելով 5-րդ տեղը:

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում էլ ակնկալում ենք առնվազն 2-3 մասնակից ունենալ ու նրանց թիվը, հնարավոր է, նաեւ ավելի լինի:

«Առավոտը» զրուցել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ, Հայաստանի թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանի հետ:

-Տիկին Շահբազյան: Նշվում է, որ Հայաստանը Ռիոյում կարող է ներկայացված լինել 2-3 մարզիկով: Ովքե՞ր են նրանք:

-Հիմնական շեշտն այսօրվա դրությամբ դրվում է Ամալյա Շառոյանի եւ Լեւոն Աղասյանի վրա, որոնք այս պահին ուսումնամարզական հավաքում են գտնվում Սոչիում եւ լուրջ նախապատրաստվում են վարկանիշային մրցաշարերին: Նրանք մայիսի 6-ին կվերադառնան, իսկ մայիսի 14-ին կմեկնեն Աթենք՝ առաջին, որից հետո Ալբանիայի Տիրանա քաղաք՝ երկրորդ օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցելու:
Բացի դա, մայիսի վերջին օրերին կայանալու է Հայաստանի առաջնությունը, որը նույնպես վարկանիշային կարգավիճակ ունի: Չի բացառվում, որ այստեղ էլ մեր մարզիկներից ոմանք՝ նիզականետորդ Մելիք Ջանոյանը, հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը, վազքային ձեւերից՝ Դիանա Խուբեսերյանը, Լիլիթ Հարությունյանը նույնպես վարկանիշ ձեռք բերեն: Տա Աստված, որ նախնական 2-3-ը դառնան 4-5 եւ ավելի:

-Առայժմ խոսենք հիմնական թեկնածուների՝ Ամալյա Շառոյանի եւ Լեւոն Աղասյանի մասին:
-Վազորդուհի Ամալյա Շառոյանը վազքային ձեւերից հետո առաջին անգամ պատրաստվում է Ռիոյի ուղեգիր նվաճել հեռացատկից եւ հիմա կենտրոնացած է հենց դրա վրա: Ամալյան անցած տարի ցույց է տվել բավականին բարձր արդյունք՝ 6 մ 30 սմ: Վարկանիշի համար Ամալյայից պահանջվելու է մոտավորապես 6,70 մետր արդյունք: Նա հիմա նպատակաուղղված է հենց այդ ցուցանիշին: Իսկ Լեւոն Աղասյանը մարզվում է իր մրցաձեւում՝ եռացատկում: Հուսով ենք, որ երկուսն էլ կկատարեն պահանջվող արդյունքները:

-Մարզասերների մեծամասնությունը չգիտի, թե ի՞նչ կարգով են ձեռք բերվում օլիմպիական ուղեգրերը. կոնկրետ արդյունքո՞վ, թե՞ գրաված տեղով:

-Արդյունքով: Ի դեպ, աթլետիկան միակ մարզաձեւն է, որտեղ որոշիչը ոչ թե զուտ վարկանիշային մրցումներն են, այլ քառամյա ցիկլի բոլոր այն մրցումները, որոնք ներառված են միջազգային օրացուցային պլանում եւ որտեղ կա նորմատիվային պահանջ: Դրանք բոլորն էլ, կարելի է ասել, վարկանիշային են: Այսինքն, եթե կա նորմատիվային պլան, դա կատարելու դեպքում, անկախ ցանկացած մրցման տեսակից ու որակից, քո արդյունքը համարվում է որպես օլիմպիական վարկանիշ: Սակայն վարկանիշային արդյունքը ցանկալի է ու պետք է կրկնել:

-Սպորտում գուշակություններ անելն անշնորհակալ զբաղմունք է: Այնուամենայնիվ՝ ձեր կանխատեսումները:

-Ես հավատով ու հույսով լցված եմ, որ մեր մարզիկները կարողանալու են վարկանիշ կատարել եւ օլիմպիական խաղերին էլ լավ են մասնակցելու: Օրինակ, եթե Ամալյա Շառոյանը կարողանալու է 6,67-6,70 ցատկել, դա ոչ միայն վարկանիշ է, այլեւ օլիմպիական խաղերում՝ եզրափակչի ուղեգիր: Իսկ օլիմպիական խաղերի եզրափակչում մասնակից ունենալը, ինչպես Արմեն Մարտիրոսյանն էր 1996-ին, մեզ համար շատ մեծ արդյունք կլինի:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031