Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրատեսակ հանրագիտարան բոլոր նրանց համար, ովքեր արհեստավարժորեն զբաղվում են բանակցային գործընթացով

Մայիս 11,2016 08:03

Երևանի «Դե ֆակտո» հրատարակչությունը լույս է ընծայել Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Ստեփանակերտից» գիրքը։ Այն իրենից ներկայացնում է գիտական հրատարակություն և տպագրության է երաշխավորվել Արցախի պետական համալսարանի Գիտական խորհրդի կողմից։

Գրքում ներկայացված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության զարգացման հարաշարժությունը և հիմնախնդրի փոխակերպումը դիմակայության ողջ ընթացքում։ Հրատարակության մեջ հանգամանորեն նկարագրվում է ղարաբաղյան խաղաղ գործընթացը 2008-2015 թվականներին, քննադատական վերլուծության են ենթարկվում հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների մոտեցումները, ներկայացվում են բանակցային փակուղուց դուրս գալուն և տարածաշրջանի կայուն ու անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծմանն ուղղված առաջարկներ։

Գրքի նախաբանի հեղինակ, մոսկվաբնակ դիվանագետ և լրագրող-միջազգայնագետ Արսեն Մելիք-Շահնազարովի կարծիքով՝ հրատարակության մեջ ժողովված հեղինակային նյութերը մի յուրատեսակ հանրագիտարան են բոլոր նրանց համար, ովքեր արհեստավարժորեն զբաղվում են բանակցային գործընթացով կամ էլ ուշի ուշով հետևում են դրա ընթացքին։

Ժողովածուի մեջ ի թիվս այլոց ներկայացված են ղարաբաղյան կարգավորման առանցքային խնդիրներ արծարծող հետազոտական հոդվածներ, ինչպես նաև համեմատական վերլուծություն, որն անհրաժեշտ է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լավագույնս ընկալման համար։

Գրքի գրախոսականում քաղաքագիտության դոկտոր, «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշել է, որ Մասիս Մայիլյանի աշխատությունը ունի ոչ միայն գիտական ու վերլուծական, այլև գործնական արժեք, քանի որ հեղինակն իր առջև դրել է խաղաղ գործընթացում հայկական կողմերի բանակցային դիրքերն ամրապնդելու և ընդլայնելու, ինչպես նաև միջազգային հանրությանը և առաջին հերթին բանակցային գործընթացի միջնորդներին ղարաբաղյան հակամարտության մոտեցումներն ու ընդհանուր համապատկերը իրատեսորեն ներկայացնելու ունակ առաջարկների ու լուծումների մշակման միանգամայն կոնկրետ նպատակներ։

Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի անդամ Գեղամ Բաղդասարյանը կարծում է, որ պաշտոնական բանակցային գործընթացում Մասիս Մայիլյանի բազմամյա մասնակցությունը և միջազգային հետազոտական ծրագրերում ներգրավվածությունը թույլ են տվել նրան գտնելու և հանրությանը, իշխանություններին ու միջազգային դերակատարներին առաջարկելու հակամարտության առանցքային խնդիրների լուծման նոր մոտեցումներ։

Ռուսերեն հրատարակված «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Ստեփանակերտից» գիրքը հասցեագրված է քաղաքական գործիչներին, դիվանագետներին, ռազմական փորձագետներին, պատմաբաններին, հակամարտաբաններին, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանի արդի պատմությամբ և հիմնախնդիրներով հետաքրքրվող անձանց։

Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031