Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է թաքնված TRIPP-ի և նոր Սահմանադրության նախագծի միաժամանակյա մեկնարկի հետևում. փորձագետների գնահատականները

Նոյեմբեր 24,2026 14:04 Share
Աջակցեք aravot.am-ին

TRIPP ծրագրի մեկնարկը և ՀՀ նոր սահմանադրության նախագծի հրապարակումը տեղի ունեցան գրեթե միաժամանակ։ Արդյոք սա պատահական ժամանակային համընկնո՞ւմ էր, թե՞ իշխանությունները այս գործընթացները դիտարկում են որպես մեկ ռազմավարության փոխկապակցված բաղադրիչներ։ Մեդիա կենտրոնում կայացած «TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկման ժամանակ, պատասխանելով այս հարցին, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր Սերգեյ Մինասյանը նշեց, որ չի բացառվում՝ այդ համընկնումը պատահականություն լինի՝ համադրելով գործընթացները ԱՄՆ նախագահի ուղերձի հետ։

Սերգեյ Մինասյան

Միևնույն ժամանակ նշեց. «Բայց կարծում եմ, որ տրամաբանությունն այստեղ ընդհանուր է, այն ներառում է Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների տրաեկտորիան և խաղաղության օրակարգի շրջանակում նաև TRIPP-ի իրագործումը: Դրա հետ մեկտեղ պետք է հասկանանք, որ Հայաստանի դեպքում ներքին քաղաքական զարգացումները և տարածաշրջանային համատեքստը խիստ փոխկապակցված են, ինչը պետք է հաշվի առնել»։

Սերգեյ Մինասյանի ձևակերպմամբ՝ Հայաստանի ներքին քաղաքական ցանկացած զարգացում՝ ընտրական, սահմանադրության հետ կապված գործընթացներ կամ ներքին քաղաքական ուժերի դասավորության փոփոխություններ, համապատասխան արձագանք են ստանում և՛ տարածաշրջանային համատեքստում, և՛ հակառակը՝ յուրաքանչյուր զարգացում, նույնիսկ Հարավային Կովկասից դուրս, օրինակ՝ ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարող է ուղղակի անդրադարձ ունենալ TRIPP-ի շուրջ հետագա գործընթացների վրա, նույն կերպ նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա գործընթացների վրա։

«Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոն» անկախ մտակենտրոնի համահիմնադիր և վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի ձևակերպմամբ՝ TRIPP-ը մեզ համար նախ և առաջ անվտանգային գործիք է. «Եթե հիշենք, 2025 թվականին հայ-ադրբեջանական կարգավորումն առաջ չէր գնում, ադրբեջանական կողմը որպես պատրվակ նշում էր, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի պարտավորությունները չի կատարում, Հայաստանը չի տրամադրում Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհը, գործածվում էր «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը: Հիշենք նաև պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունն այն մասին, որ 2025-ի գարնանը ամերիկյան դիվանագիտության միջոցով կանխվել էր ադրբեջանական հարձակումը Հայաստանի վրա: Այս համատեքստում ձևավորվել է TRIPP-ը, և օգոստոսի 8-ից հետո իրականում անվտանգային սպառնալիքները զգալիորեն նվազել են, ամբողջովին չեն վերացել, սակայն օգոստոսի 8-ի առավոտյան Հայաստանն ավելի անվտանգ էր»։

Դավիթ Պետրոսյան

Նրա ձևակերպմամբ՝ աշխարհաքաղաքական առումով արձանագրվել է իրավիճակ, երբ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում ունի ռազմավարական շահ (մինչ այդ նշվում էր կարևոր, բայց ոչ կենսական շահի մասին), ինչն ընդունում են ամերիկյան իշխանություններն ու փորձագիտական համայնքը։ Հիշատակվեց նաև ամերիկյան ներգրավվածությունը՝ կապված արհեստական բանականության, Firebird-ի և նմանատիպ այլ նախագծերում։

Անդրադառնալով Իրանի շահերը հաշվի չառնելու վերաբերյալ մեկնաբանություններին՝ բանախոսը նշեց, որ հարցը պետք է նախևառաջ դիտարկել Հայաստանի շահի տեսանկյունից և մտածել, թե որն էր TRIPP-ի այլընտրանքը։ Նրա խոսքով՝ Հայաստանը հնարավորություն չուներ Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից ստանալու Հայաստանի և Իրանի համար ցանկալի ճանապարհի տարբերակ, իսկ ռիսկերից մեկը կարող էր լինել Ադրբեջանի կողմից ճանապարհը ռազմական ճանապարհով վերահսկողության տակ վերցնելը, ինչն Իրանի համար ավելի վատ կլիներ՝ հաշվի առնելով տարածաշրջանում և հյուսիսում թուրքական ազդեցությունը հավասարակշռելու Իրանի ձգտումը և Հայաստանի դերը՝ որպես պատուհան դեպի աշխարհ։

Անդրադառնալով Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը՝ հայկական կողմի հավաստիացումներից հետո TRIPP-ի հետ խնդիրներ չունենալու մասին, ինչպես նաև Իրանում իշխանության տարբեր կենտրոնների (հոգևոր, քաղաքացիական) ընկալումներին՝ բանախոսը նշեց, որ թեև կարող են լինել հայտարարություններ իրենց տարածքում օտար զորքեր չլինելու ցանկության մասին, սակայն, իր կարծիքով, Իրանի համար սա եղած տարբերակներից ամենահարմարն է։

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իր կարծիքով՝ այս պահի դրությամբ TRIPP-ի հետ կապված ռիսկեր չկան, ծրագիրն առաջ է ընթանում, ամերիկյան կողմի համար դա մեծ նշանակություն ունի. «Իհարկե, Ռուսաստանն իր համար ավելի լավ տարբերակ կուզենար, նոյեմբերի 9-ի կետն իր համար ավելի լավ հնարավորություններ էր ստեղծում, քան TRIPP-ը… ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եղել էր Ռուսաստանում: Չեմ կարծում, թե ռուսական կողմը իրազեկված չի եղել, որ նման բան կա սեղանին: Այո, ռուսական կողմը դեմ կարտահայտվի, կասի, որ TRIPP-ը խնդրահարույց է, բայց TRIPP-ը գնում է առաջ, և դրանից օգտվելու է նաև ռուսական կողմը»։

Քննարկումն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30