Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու-երեք տարին՝ 2028-2029-ն է, կարծում եմ որոշ չափով իրատեսական և իրագործելի է»․ Սերգեյ Մինասյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հնարավորության մասին

Հուլիս 07,2026 11:26 Share

«Երկու-երեք տարին՝ 2028-2029-ն է, կարծում եմ որոշ չափով իրատեսական և իրագործելի է»,- Aravot.am-ի հարցին՝ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խնդիր ունենք երկու տարվա ընթացքում, այսինքն՝ 2029-ի դրությամբ ունենալ վիզաների ազատականացման իրադրություն, դա իրատեսակա՞ն ժամկետ է՝ հաշվի առնելով այն աշխատանքը, որ ՀՀ-ն պետք է կատարի այդ գործընթացի շրջանակում, «Եվրոպական միությունը Հայաստանի համար․ արժեքներ, վստահություն, բարեկեցություն» վերնագրով վերլուծական փաստաթղթի ներկայացման արարողությունից հետո այսպես պատասխանեց փաստաթղթի հեղինակ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կրթաթոշակառու, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը։

Ըստ նրա՝ խնդիրը նույնիսկ արդեն ոչ թե քաղաքական է, այլ տեխնիկական․ «Պարզապես տեխնիկապես լրացնելու համար բաներ կան, որ մենք կարող է չհասցնենք․ շատ մեծ ծանրաբեռնվածության մասին է խոսքը։ ՆԳՆ համապատասխան կառույցները, պարզապես ներսից գիտեմ, որ աշխատում են։ Մյուս գործընթացների հետ կապված այդքան էլ տարբերությունը մենք չենք զգալու, քանի որ վիզաների ազատականացումն առաջին քայլն է լինելու, որ տեսնենք՝ որակապես ՀՀ-ԵՄ հարաբերությունները փոխվել են։ Երբ ունես մոբիլություն, Շենգեն գոտում ազատ ճամփորդելու տրամաբանություն, դա որակապես մի աստիճան է, որը տարբերվում է հայտարարություններից։ Դրանից հետո շատ բան կախված կլինի՝ ինչ զարգացումներ կունենանք արևելյան գործընկերության այլ երկրների հետ՝ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի։ Միգուցե այդ ժամանակ նաև կարող է դիտարկվել ՀՀ-ի անդամակցության թեկնածության հարցը։ Բայց այս պահին մենք նման կանխատեսում անել չենք կարող։ Դա քաղաքական որոշում է, որը պիտի լինի ոչ միայն ՀՀ-ի կողմից․ ՀՀ կողմից եթե կոնսենսուս էլ լինի, պետք է ունենանք բոլոր 27 երկրների համաձայնությունը և Բրյուսելի պատրաստակամությունը ու համապատասխան աշխարհաքաղաքական դրական գործոնները, և քայլեր լինեն հետխորհրդային տարածքում՝ առաջին հերթին Ուկրաինայում, որովհետև Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան դա ստացան մեծամասամբ նաև ուկրաինական պատերազմի համատեքստում։ Քանի որ ՀՀ-ն տարբեր պատճառներով հետ էր մնացել, ինչ որ լուրջ զարգացումներ պետք է լինեն, որ կարողանանք այդ աստիճան բարձրանալ։ Այսինքն՝ այստեղ խոսքը էլի 2030-2035 թվականների մասին է։ Մենք չենք կարող ասել, դա գծային գործընթաց չէ»։

Մեր այն դիտարկմանը՝ որոշ փորձագետներ առաջարկում են ՀՀ-ի դեպքում միջանկյալ լուծումներ վիզաների ազատականացման հետ կապված, օրինակ՝ որոշ երկրներ ազատ վիզայի ռեժիմ սահմանեն ՀՀ-ի հետ, Սերգեյ Մինասյանն արձագանքեց․ «Գիտեմ՝ հակառակ տարբերակն է եղել շատ երկրների դեպքում, որոնք Շենգենի մաս են կազմել, երբ նրանք պատրաստ էին, բայց որոշ երկրներ խոչընդոտում էին այդ գործընթացին։ Դա ազգային մակարդակով կարող է լինել, օրինակ՝ Կիպրոսը Շենգեն անդամ չէ և Շենգեն ընդունում է ու կարող է իր ազգային մակարդակում դա լուծել, բայց դա վերաբերվում է միայն այդ երկրներ մուտք գործելուն և երկիրը միանձնյա որոշում ընդունել չի կարող, որ ՀՀ քաղաքացիներն, օրինակ, մուտք գործելով Հունաստան՝ շարունակեն նաև Շենգեն այլ երկրներ այցելել»։

Մեր այն դիտարկմանը՝ ՀՀ իշխանություններն ուզում են ժամանակ շահել աշխարհաքաղաքական կուրսի հարցում կոնկրետ ընտրություն կատարելու առումով, բայց Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը ցանկանում են, որ Հայաստանը որքան հնարավոր է՝ շուտ որոշում կայացնի ԵԱՏՄ-ին եւ Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ և հարցին՝ որքա՞ն երկար հնարավոր կլինի ապահովել այդ ընտրության կայացման երկարաձգումը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ինչքան հնարավոր է։ Հասկանալի է՝ տնտեսական, ֆինանսական, սոցիալական առումով այս պահին ՀՀ-ի համար շատ ցավալի կլինի որևէ ձևով խզել տնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ-ի ՌԴ-ի հետ։ Նախորդիվ եղել են շրջաններ, երբ ԵՄ-ն ավելի կոշտ դիրքորոշում ուներ․ այս պահին ԵՄ-ն ժամանակավոր օպերատիվ արձագանքման առումով տեսնում ենք՝ ավելի ճկուն է, քան մեր ՌԴ և ԵԱՏՄ գործընկերները։ Իրավիճակը փոխվել է, ժամանակավոր գործընթացները կարող են մեկ-երկու տարի լինել։ Հաշվի առնելով տասնամյակների տնտեսական համագործակցությունը, կախվածության ձևաչափը ՌԴ-ից՝ լուրջ տնտեսական և դրանից բխող քաղաքական հետևանքներ կարող են լինել»։

Մեր հարցին՝ արդյոք ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող աջակցությունը բավարա՞ր է հաղթահարելու այդ խնդիրները, Սերգեյ Մինասյանը պատասխանեց․ «Եթե մենք դա տեսնում ենք որոշ չափով իրագործելի անվտանգային ոլորտում․ մի կողմից ռուսական բազա, սառեցված ՀԱՊԿ-ը, բայց նաև երկու ԵՄ առաքելություն ՀՀ-ում, ռազմական աջակցություն ԵՄ-ի և այլ երկրների կողմից, միգուցե հնարավոր է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031