Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան անուղղակի լուրեր, որ նոր հրթիռներ են վաճառվել Ադրբեջանին». Արա Պապյան

Մայիս 11,2016 23:24

«Կրակոցները հետեւողականորեն շարունակվում են, մի փոքր լարվածությունը իջել է, կարծում եմ՝ դա առավելապես պայմանավորված է Ադրբեջանի ներքին հարցերով: Առջեւում «Ֆորմուլա 1» ունեն, հսկայական ներդրումներ ու իրենց ընդհանրապես ձեռք չի տալիս ներկա փուլում լայնածավալ պատերազմական գործողություններ: Բայց ես էլի մտավախություն ունեմ, որ դա կվերսկսի «Ֆորմուլա 1»-ից հետո, նրանք կկրկնեն ապրիլի սկզբի արկածախնդրությունը»,- Aravot.am-ին ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Անդրադառնալով ԼՂՀ-ն ճանաչելու հավանականության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ պարոն Պապյանը կարծիք հայտնեց, որ դա չէր կարող Ադրբեջանի գործողությունները զսպող գործոն լինել. «Ինձ համար հասկանալի չէ՝ եթե ճանաչում էինք, պետք է ճանաչեինք, ինչ է նշանակում՝ կճանաչենք  լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում: Ո՞վ է որոշելու լայնածավալի չափը, արդյոք այն, ինչ ունեցանք, լայնածավա՞լ էր, թե՞ ոչ: Այսինքն, ամեն ինչ հարաբերական է: Եթե դրա նպատակն էր զուտ  որպես զսպող գործոն օգտագործել Ադրբեջանի դեմ , կարծում եմ՝ դա չի աշխատի, որովհետեւ ԼՂ-ն կլինի Հայաստանի կողմից ճանաչված, թե չի լինի, Ադրբեջանի համար որեւէ նշանակություն չունի»:

Մեր հարցին, թե ինչո՞վ էր, ըստ իրեն, պայմանավորված մայիսի 9-ին Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի զարմանքը՝ ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցին, պարոն Պապյանը դեսպանի պատասխանը զենքի վաճառքի մասին համարեց ծաղր:

Հիշեցնենք, որ դեսպանը լրագրողներին ասել էր՝ ցույց տվեք փաստաթղթեր, որոնք կվկայեն, որ ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին:

«Սա  ձեռ առնել է: Ինքը ձեռ է առնում, որովհետեւ Ալիեւն ինքն է հայտարարել հինգ միլիարդ զենքի մասին, Պուտինն էլ կողքին նստած էր, ու ՌԴ կողմից որեւէ հերքում չի եղել: Իսկ ինչ  է նշանակում՝ ցույց տվեք փաստաթղթեր, այսինքն ինչ է ուզում, որ մենք պայմանագրի պատճեննե՞րը ցույց տանք: Ի վերջո, այդ զենքը Ռուսաստանից մտնում է Ադրբեջան, ֆիզիկապես տեսնում ենք, դրանից ավելին ինչ է պետք, մեր աչքերի՞ն էլ չհավատանք»:

Արա Պապյանի համոզմամբ, լավ էր, որ Սերժ Սարգսյանի մակարդակով դատապարտվեց Ադրբեջանին զենք վաճառելու ՌԴ քաղաքականությունը, բայց ուշացած էր.« Վաղուց պետք է արվեր, դեռ 2010 թվականին, երբ առաջին տեղեկությունը եղավ զենքի վաճառքի մասին, պետք է բողոքեին ու բողոքեին շատ կոշտ եւ անեին համապատասխան քայլեր, եթե Ռուսաստանը չդադարեցներ:  Ներկայիս հայտարարությունները որեւէ ազդեցություն չեն թողնի, որովհետեւ Ռուսաստանը վարչապետի ու փոխվարչապետի մակարդակով հայտարարել է, որ շարունակելու են զենքի վաճառքը եւ արդեն կան անուղղակի լուրեր, որ նոր հրթիռներ են վաճառվել Ադրբեջանին, այսինքն ստորագրվել է վաճառքի պայմանագիր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Բլից-կրիգին հաջորդած օրերի՝ պետական մակարդակով անտրամաբանական քայլերը, ավելի շուտ անգործությունը թերևս փաստում է մի բանի մասին, նախագահի սանձերը շատ ամուր Կրեմլի դռանն են գամված: Նախագահը իրեն է փրկում(ընտանիքին, բիզնեսին, կլանին, շրջապատին), ոչ թե երկրի շահերից ելնող քաղաքականություն է իրականացնում:

Պատասխանել փիրուզակ

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031