Լրահոս
Օրվա լրահոսը

Զուտ քաղաքական ընտրություն

Մայիս 17,2016 10:14

Ի տարբերություն Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնության` ես կարծում եմ, որ լրագրությունը «ճշմարտությունը բացահայտելու», ինչ-որ բանի դեմ կամ նույնիսկ՝ հանուն ինչ-որ բանի «պայքարելու» գործիք չէ: Դա աղբյուրների վրա հիմնված տեղեկատվության փոխանցում է. որքան շատ են աղբյուրները, այնքան արժանահավատ է տեղեկատվությունը: Եթե ոչ մի աղբյուր չկա (ինչպես աշխատում են մի քանի տասնյակ կայքեր, ինչպես նաեւ ֆեյսբուքյան «ստատուսագիրներ» ու մեկնաբաններ), տեղեկատվությունն ինձ համար արժանահավատ չի: Եթե տեղեկատվություն հաղորդողը շահագրգռված անձ է, այն ինձ համար ավելի կասկածելի է, քան այն պարագայում, եթե աղբյուրը որեւէ շահագրգռվածություն չունի:

Կիրակի օրը լրատվամիջոցները (նաեւ «Առավոտը») հայտնեցին, որ «Եվրատեսիլում» հաղթած Ջամալայի մայրը հայ է: Աղբյուրն ինքը երգչուհին է եւ նրա մայրը՝ Գալինա Թումասովան, որոնք այս հարցում ստելու որեւէ շահագրգռություն չունեն: Պարզապես հետաքրքիր փաստ՝ առանց, գոնե մեր կողմից, որեւէ հրճվանքի կամ դատապարտման, հպարտության կամ ամոթի: Ի պատասխան՝ բուռն քննարկում, այդ թվում՝ ինչո՞ւ եք այդ թաթարին (այսինքն՝ թուրքին) բարձրացնում մինչեւ երկինք: Բայց նախ՝ «Եվրատեսիլի» մշակութային նշանակությունը զրոյական է՝ այնտեղ մասնակցելու կամ հաղթելու համար ամենեւին պարտադիր չէ Մոնսերատ Կաբալյե լինել, եւ այդ մրցույթի հաղթողն ամենեւին էլ մեծարման արժանի չէ:

Երկրորդ՝ ես կարծում եմ, որ թաթար, թուրք կամ ադրբեջանցի լինելն ամենեւին էլ հանցագործություն չէ: Ադրբեջանցի զինծառայողները դիմում են սահմռկեցուցիչ վայրագությունների ոչ թե իրենց ազգային պատկանելության, այլ այն պատճառով, որ այդ երկրում նացիստական ռեժիմ է, ու պաշտոնական գաղափարախոսությունը ռասիզմն է: (Այդպիսի ռեժիմ էր նաեւ Գերմանիայում, եւ գերմանացի զինվորները նույնպես կատարում էին սադիստական հանցագործություններ: Բայց գերմանացիների դեմ մենք ոչինչ չունենք՝ այդպես չէ՞): Մյուս կողմից՝ հայ լինելն էլ ինքնին արժանիք չէ: Այն գեներալներն ու պաշտոնյաները, որոնք կերել են Հայոց բանակին հասանելիք փողերը, նրանք, որքան հասկանում եմ, ազգությամբ հայ են: Իսկ դիրքերում նահատակված Քյարամ Ալոյանն ազգությամբ եզդի է, բայց մենք նրան վերաբերվում ենք որպես Հայաստանի քաղաքացու:
Ահա եւ Ջամալան նախեւառաջ Ուկրաինայի քաղաքացի է, եւ «Եվրատեսիլում» ներկայացնում էր իր երկրի քաղաքական շահերը Ղրիմի հարցով՝ իր երգում պատմելով 1944 թվականին Ղրիմից թաթարների արտաքսման մասին: Հենց այդ պատճառով էլ նա հաղթեց մրցույթում, որովհետեւ եվրոպական երկրների մեծ մասի քաղաքական շահերը համընկնում են Ուկրաինայի շահերի հետ եւ հակասում Ռուսաստանի շահերին: Երգի ու Ջամալայի «գեղարվեստական արժանիքներն» այստեղ որեւէ կապ չունեն՝ «Եվրատեսիլը» զուտ քաղաքական միջոցառում է:

Ի դեպ, հետաքրքիր է՝ ինչո՞ւ «Եվրատեսիլում» չի կարելի է բարձրացնել Արցախի հարցը (եւ դրա համար մերոնց սպառնում են պատժամիջոցներով), բայց կարելի է բարձրացնել Ղրիմի հարցը: Կրկնակի ստանդարտների եւս մի ցայտուն դրսեւորում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == ինչո՞ւ «Եվրատեսիլում» չի կարելի է բարձրացնել Արցախի հարցը (եւ դրա համար մերոնց սպառնում են պատժամիջոցներով), բայց կարելի է բարձրացնել Ղրիմի հարցը:==
    Նախ՝ Ջամալայի երգում բարձրացված էր ոչ թե Ղրիմի՝ այլ 1944 թ. Ղրիմի թաթարների նկատմամբ իրականացված ցեղասպանության հարցը: Իսկ մենք արդյո՞ք հնարավորություն չենք ունեցել մեր՝ 1915 թ. ցեղասպանության մասին արտահայտվելու:
    Ահավասիկ՝
    Apricot Stone – 2010
    https://www.youtube.com/watch?v=buGOZExVf8o
    Face The Shadow – 2015
    https://www.youtube.com/watch?v=VVVvgD0-Mu0
    Ուկրաինայի պարագան մի փոքր այլ է այն առումով, որ Ռուսաստանը ագրեսիա սկսեց նրա դեմ այն բանից հետո, երբ վերջինս ընտրություն կատարեց հետսովետական ամբողջատիրության և եվրոպական ազատամտության միջև, ինչը սովետացված ցարիզմի համար հավասարազոր էր մայր հայհոյելուն, և Նա, իր ինքնապահպանման բնազդից ելնելով Ուկրաինայի հետ վարվեց այնպես, ինչպես մինչ այդ՝ Վրաստանի:
    Հիմա ի՞նչ, բարոյական աջակցությունը ագրեսիայի ենթարկվածի նկատմամբ անբարոյականությո՞ւն է:
    Կարծում եմ՝ ո՛չ:
    Հետո՝ մոդայիկ է դարձել Եվրատեսիլը քննադատել քաղաքական բաղադրիչ ունենալու համար: Իսկ ի՞նչ է, չի կարելի՞ երգի մրցույթի միջոցով նպաստել առաջիդիմությանը, հատկապես, որ առաջին տասնյակում տեղ զբաղեցրած երգերից յուրաքանչյուրն էլ, այդ թվում և մերը, արժանի էր տիրելու միակ մրցանակին, թե՞ երգը պետք է բաղկացած լինի միայն սիրատոչոր կլկլոցներից ու նվնվոցներից:
    /Կանխատեսում եմ, որ առաջիկայում մրցանակները կլինեն երեքը. հանդիսատեսի, պրոֆեսիոնալ ժյուրիի և գլխավոր մրցանակ/
    Ի վերջո՝ երբ ասում են, թե Եվրատեսիլը երաժշտական առումով միջակ մրցույթ է, ես այդտեղ մեծամտություն եմ տեսնում:

    • Հ.Շ. says:

      Թաթարներու այդ պատմութիւնը «ցեղասպանութիւն» պիտակելը համազօր է նախատելու Մեծն Եղեռնի մեր նահատակները, նսեմացնելով անոնց անասելի չարչարանքներն ու հաւաքական սպանդի իւրայատկութիւնները:

      Եթէ ամէն բան «ցեղասպանութիւն« դառնայ,
      այլեւս ոչ մի բան ցեղասպանութիւն չի լինելու:

      Երանի թէ համայն աշխարհը այդքան հեշտօրէն գործածէր այդ բառը, մեր ժողովուրդին վիճակված դէպքերի մասին: Այդ որակումը կը կրէ մասնայատուկ իմաստ եւ նշանակութիւն, եւ անոր համար է որ կը պայքարինք վաթսուն տարիներէ ի վեր, օտար երկիրներու մէջ: Այդ պատճառով է որ Թուրքիան մինչեւ օրս տակաւին կ’ուրանայ թէ տեղի ունեցածը՝ այդ էր:

      Եւ ահա որ, յիմար մրցոյթի մը անճոռնի հարթակից մի հատ դատարկ երգի միջոցաւ, յանկարծ Թաթարները դարձան ցեղասպանութեան վերապրողներ… Այդ ալ, ըստ հայերու անգամ !

      «Ո՛վ Մարդկային Արդարութիւն, թող…..»

      • Մարգար Մախսուդյան says:

        Կներեք, մոռացել էի, որ ցեղասպանության գծով մենք մենաշնորհ ունենք, մյուսների հերն էլ անիծած, թեկուզ հենց հրեաների վեց միլիոնը, բացի այդ, այդ Ղրիմի թաթարները ըստ էության թուրքեր են, որոնցից մենք պաշտոնապես զզվում ենք:
        Դարդ ունենալու իրավունքը միայն մերն է, մյուսները պարտավոր են միայն երջանիկ լինել:
        == յիմար մրցոյթի մը անճոռնի հարթակից մի հատ դատարկ երգի միջոցաւ, ==
        Հարգելի ազգակից, ախր էդ հոտած Կանադայում ի՞նչ գործ ունեք, եկեք բոլշևիզմի մայր Ռուսաստան, այնտեղ ձեզ նման պատրիոտները մեծ հարգանք ու պատիվ են վայելում:

        • Հ.Շ. says:

          Ուրիշի նկատմամբ վշտակցութեան հետ կապ չունի նիւթը, բնաւ:

          Ի տարբերութիւն ձեր հասկացողութեան, «ցեղասպանութիւն» բառը սովորական գոյական մը չէ, պատկերաւոր, զգայացունց ըլլալ ուզող խօսք մը չէ, այլ՝ օրինական յատուկ իմաստ – եւ հետեւանքներ – ունեցող յղացք: Եթէ ոչ, թուրքերը շատոնց է որ ընդունած կ’ըլլային զայն:

          Հրեաները անշուշտ թէ ենթարկուած են ցեղասպանութեան:

          Իսկ որքան որ ուզես, «հարվածէ» իմ Կանատա ապրելուս,
          շատ վարժ եմ ես այդ մակերեսային առարկութեան:

          Միայն թէ ես իմ կամքովս, իմ ընտրութեամբս է որ հայ եմ, հայ եմ մնացել,
          եւ ոչ թէ հարկադրաբար, ուրիշ ճար կամ այլընտրանք չունենալուս համար…:

          Այդ գետնի վրայ, պէտք է տեսնես Հայաստանէն արտագաղթողների վիճակը…

          Նաեւ, շնորհիւ Կանադա ապրելուս, վստահաբար աւելի օգտակար եմ Հայաստանին, քան թէ անոր բնակչութեան մէկ մասը, չասելու համար մեծ մասը: Որոնցմէ շատերը արդէն ամէն առիթով քառասմբակ փախչում են այնտեղից – եւ ոչ միայն վերջին տասը-տասնըհինգ տարիներին, այդտեղի այժմու վիճակի պատճառով, այլ Վերանկախութեան առաջին օրերէն սկսեալ… –

          Իրողութիւն է թէ Սփուռքի հայութիւնը շատ աւելի լաւ գիտէ Մայր Հայրենիքի արժէքը, քան թէ անոր բնակիչների մէկ մասը: Ամէնաաղմկալից մասը:

  2. Հ.Շ. says:

    Մէյ մը որ “politically correct” անտանելի մօտեցումը մէկդի շպրտենք, յուսալով որ Հայաստանը կը խուսափի Արեւմուտքի – ի միջի այլոց – այս ախտից եւս (թէեւ, այս նիւթին մէջ եւ մանաւանդ այս պահին, այս Խմբագրի գրիչին տակ, կայ նաեւ հաւանաբար մի քիչ աւելի վեհանձն եւ իմաստալից միտում՝ ժողովուրդի կիրքերը զսպելու ուղղութեամբ…), թուրքերի յատկանշական, տիպական բարբարոսութիւնը միայն ու բացառապէս վերագրելը իրենց ստացած քաղաքական դաստիարակութեան՝ պարզապէս սխալ է:

    Իսկ Գերմանացիների օրինակի կապակցութեամբ, տարբերութիւնը այն է թէ անոնք,
    նազիներու հրեշային շեղումներու կապակցութեամբ՝ տեւաբար եւ բազմաթիւ առիթներով, լիովին եւ անվերապահօրէն խոստովանեցան եւ ընդունեցին իրենց հաւաքական ազգային պատասխանատվութիւնը, եւ ծայրագոյն հատուցումներ ստանձնեցին ու գործադրեցին, կը շարունակեն նոյնիսկ կիրառել, կատարվուած ոճիրների նկատմամբ:

    Նաեւ մի էական տարբերութիւն՝ գերմանացի քաղաքացիները, իրենք իրենց ձեռքերով եւ ուղղակիօրէն, երբեք չմասնակցեցան սպանդի գործողութիւններին:

    Քանի որ երեւի ոմանք դժուարութիւն ունին գիտնալու կամ ընբռնելու թէ ճիշդ ինչ բաներ կատարուեցան Արեւմտեան Հայաստանում, գոնէ թող հարց տան Ադրբեջանից փախած մեր այժմու ազգակիցներին, ինչպէս նաեւ Արցախցիներին, թէ անոնք ինչ արարքների ենթարկուեցան, ուղղակի թուրք ժողովուրդի կողմէ: Քսաներորդ դարում: Եւ ոչ թէ ֆաշական վարչակարգի տակ, այլ ճիշդ հակառակը՝ ազգերի միջեւ զուտ եղբայրութիւն քարոզող քաղաքա-փիլիսոփայական դաւանանքի ներքոյ:

  3. Լավատես says:

    ՝Երկրորդ՝ ես կարծում եմ, որ թաթար, թուրք կամ ադրբեջանցի լինելն ամենեւին էլ հանցագործություն չէ:՝

    Ես կասեի ավելին՝ բոլոր ցեղերն էլ լավն են, ինչպես գազանանոցում բոլոր կենդանիներն էլ անվտանգ են՝ լինեն խոտակեր թե գիշատիչ, քանի դեռ վանդակի ճաղերի մյուս կողմում են: Կարճ ասած՝ քոչվորը, լուսանցքայինը լավն են, քանի դեռ իշխանություն չունեն մեզ վրա, դրա համար դրանց հետ լավ հարաբերություն ունենալու համար դրանց պետք է ապացուցես, որ իրենց Տերը դու ես ու ձեռքիդ էլ լավ շրխկան ճիպոտ ունես:

  4. Հ.Շ. says:

    Gentleman ես, Մարգար: Նոյն նպատակների համար կը պայքարինք, բոլորս – պատնէշի վրայ մնացողներս – : Սակայն… իշդէ, հայ ենք… պէտք է որ մէկ-մէկ ալ իրարու հետ կռվտինք… Կարեւորը հաշտվիլն է…

    (Ի դէպ, տեղեա՞կ ես թէ այժմ ուր է աշխատում քո հերոս Իվանը… Մի հատ ստուգէ, ուզես… Ես մասնաւոր խնդիր չունեմ այդ իրողութեան հետ, ինծի համար անակընկալ չէ ոչ ել զարմանալի, սակայն մի քանի ամիս առաջվայ քո գաղափարապաշտ խանդավառութեան կապակցութեամբ՝ կացութեան հակասութիւնը հետաքրքիր է լինելու հաւանաբար…)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031