«Հասկանալի է, որ Երեւանը հավանաբար ցանկալի կհամարեր, դա ակնհայտ է, բայց ձեւակերպո՞ւմ է դա իբրեւ բանակցային պահանջ, մի փոքր այլ մակարդակ է»,- մայիսի 20-ին, հայաստանցի մի քանի լրագրողների հետ զրույցում ասել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին`պատասխանելով ԼՂՀ-ի բանակցային սեղանին վերադառնալու մասին դիտարկումներին: Նա նաեւ հավելել էր, որ ինքը բանակցային գործընթացի մանրամասներին չի տիրապետում, ուստի իր դիտարկումները կարող են նաեւ «աբստրակտ» բնույթ կրել:
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջեց, որ այս հարցը հրատապ քննարկման թեմա դառնա եւ խորհրդարան հրավիրվեն ԱԳՆ-ի ներկայացուցիչները` խոսելու համար ոչ թե իրենց դիվանագիտական ձեռքբերումներից, այլ ապացույցներ ներկայացնեն այն մասին, որ ՀՀ-ն ամեն ինչ անում է, որ ապահովի ԼՂՀ-ի ներգրավվածությունը բանակցություններում:
Այս հարցը մի քանի օր առաջ խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ էլ էր բարձրացրել: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատգամավորին պատասխանել էր. «Բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք մինչ այսօր քննարկվել են եւ դրվել են Վիեննայում` ի պահ գլխավոր քարտուղարության գրասենյակում, կա կետը, որ ԼՂՀ-ն պետք է ներգրավված լինի բանակցություններում: Առանց ԼՂՀ անհնար կլինի որևէ փաստաթղթի մշակում»:

Կարդացեք նաև
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` պատմության առջեւ չմեղանչելու համար արձանագրեց, որ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է մնացել 1998-ից Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի ջանքերով, ու միայն այդ ժամանակից է գործում Սամվել Ֆարմանյանի ասած տարբերակը:
Արտաշես Գեղամյանն էլ վկայակոչելով Վիեննայի համաձայնագրի`1994 թվականի պայմանագրին հղումն, ասաց, որ Վիեննայում այդ ուղղությամբ ջանքեր են գործադրվել եւ արդյունք է եղել: Բայց համամիտ է Փաշինյանի հետ` հավելյալ տեղեկատվությունը չի խանգարի: «Բայց եթե առաջիկայում ԼՂՀ-ն չներգրավվի, հաշիվ պիտի պահանջենք ոչ թե մեր իշխանություններից, այլ Մինսկի խմբից, որ հետեւողական լինեն իրենց իսկ ընդունած բանաձեւերին»,- ասաց Գեղամյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանն էլ պահանջեց, որ ԱԳՆ-ից «լինի պատշաճ ներկայություն»: Էդմոն Մարուքյանը հստակեցրեց. «Եթե պիտի էլի Քոչարյանը գա…»
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ գործընկերներին տեղեկացրեց, որ արտգործնախարարի հետ կա պայմանավորվածություն`ոչ միայն ԼՂՀ խնդրի հետ կապված, այլ նաեւ հարցերի, որոնք պատգամավորները տարբեր ժամանակներում կարեւոր են համարել եւ մոտ օրերս ԱԳՆ տարբեր պատասխանատու պաշտոնյաների հետ պատգամավորների հանդիպումներ են նախատեսված:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































