Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունիսի 6-ից 14-ը արվեստասերներին երաժշտական իրական տոնախմբություն է սպասվում». Աննա Տեր-Հովակիմյան

Հունիս 06,2016 17:51

Հունիսի 6-ը հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է, և այսօր մեկնարկում է նրա անվան  12-րդ երաժշտական միջազգային մրցույթը:

Ամեն տարի մրցույթն անցկացվում է երաժշտական տարբեր մասնագիտությունների շրջանակներում, այս անգամ մասնակցելու են միայն դիրիժորներ: Մասնակցության համար այս տարի դիմել են 29 երկրից 57 դիրիժորներ։ Նրանցից ընտրվել են 12-ը, որոնք հունիսի 6-14- ը կպայքարեն մրցութային տեղերի համար։

Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի մեկնարկին նախորդող ասուլիսի ժամանակ մրցույթի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նկատեց, որ 2013թ-ից մրցույթը հանդիսանում է միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ. «Հունիսի 6-ից 14-ը արվեստասերներին երաժշտական իրական տոնախմբություն է սպասվում: Այս տարի մրցույթի ավարտին մեզ մոտ կանցկացվի համաշխարհային ֆեդերացիայի գագաթաժողովը և աշխարհի լավագույն մրցույթները կգան այստեղ, ծանոթանալու Հայաստանի մշակույթին, տեսնելու Արամ Խաչատրյանի անվան մրցույթի անցկացման կարգը, եւ, կարծում եմ, որ դա է ամենամեծ հաղթանակը մեզ համար»:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը նշեց, որ դիրիժորական մրցույթներ աշխարհում հազվադեպ են կազմակերպվում, և իրենք կասկածում էին՝ կստացվի՞ արդյոք իրենց մոտ, թե՞ ոչ. «Տարեցտարի մենք զգում ենք, թե ինչպիսի հետաքրքրություն կա ոչ միայն դեպի մրցանակաբաշխությունն, այլև դեպի Հայաստանը, դեպի մեր մշակույթը՝երաժշտական մշակույթը: Կարծում եմ՝ մեզ համար սա շատ կարևոր է, որովհետև մեզ ճանաչում են մեր մշակույթով, մեր արվեստով, երաժշտությամբ»:

Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը հավելեց, որ մրցույթն ամեն տարի որակական և քանակական աճ է գրանցում, որը խոսում է նրա հաջողված լինելու մասին. «Մրցույթը յուրաքանչյուր տարի ոչ միայն իր աշխարհագրությունն է ընդլայնել, այլև իր կատարողական վարպետության չափանիշներն է բարձրացրել, ժյուրիի ներկայացուցչական կազմն է ավելացրել, և որ ամենակարևորն է, յուրաքանչյուր տարի անդրադարձել է մի նորամուծության՝ նոր մրցակարգեր սահմանելուն: Միայն այն փաստը, որ այս մրցույթը դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ, դա արդեն խոսում է այս մրցույթի բարձր վարկանիշ ունենալու մասին»:

Այս տարի  Ժյուրին կղեկավարի ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը (Հայաստան), կազմում կլինեն Սան Պաուլոյի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլի), արվեստի կառավարում իրականացնող «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), Ֆիլհարմոնիա նվագախմբի գործադիր տնօրեն Դեյվիդ Ուելտոնը (Մեծ Բրիտանիա), կոմպոզիտոր, դիրիժոր Միխալիս Իկոնոմուն (Հունաստան), դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը (Իսրայել/Հայաստան), դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ)։ Պատվավոր հյուրերի ցանկում են Էլժբետա Պենդերեցկան, Դոնաթելլա Ֆլիքը, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թատրոնի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը:

Յուրի Դավթյանը փաստեց, որ այս տարի Հայաստանը ներկայացնող մասնակիցներ չկան, սակայն Ռուսաստանն ու Լիբանանը ներկայացնող մասնակիցները հայ են: Նա նաև անդրադարձավ գնահատման կարգին՝ասելով, որ առաջին հերթին կարևորվելու է մասնակցի՝ստեղծագործության իմացությունը, այնուհետև անհատական ու  յուրօրինակ մոտեցումը:

Պարգևատրման արարողությամբ և  գալա-համերգով   Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 14-ին  կամփոփվեն խաչատրյանական  միջազգային 12-րդ մրցույթի  արդյունքները: Առաջին մրցանակակիրը կստանա 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, դափնեկրի դիպլոմ, ինչպես նաև երկու համերգների հնարավորություն:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930