«Ծննդալուծել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ 150 կին, ե’ւ ոչ մի նորածին վարակ չկրի, դա, իսկապես, հերոսություն է»,-այսօր Բժշկական համալսարանի դահլիճում ասաց առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
Բուժաշխատողի օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ բժիշկ Աբրահամյանը ոլորտի այլ հաջողություններ էլ թվարկեց: Ասաց, որ եթե 2000 թ.-ին մայրական մահացության ինդեքսը մեր երկրում 40-ն էր, ապա 2012-2014 թթ. այն նվազել է` դառնալով 18:
Ըստ նրա, հաղթահարել են մեր երկրի համար կարեւոր`անպտղության խնդիրը. «Եթե 2000-ին երկրորդային անպտղությունը կազմում էր 28 %, առաջնայինը` 4, ապա 2015-ին հանրապետական ուսումնասիրության արդյունքում այն նվազել է երկու եւ կրկնակի անգամ` ժամանակակից մեթոդների կիրառման շնորհիվ, լապարոսկոպիան, արտամարմնային բեղմնավորումը եւ այլն»:
Գլխավոր գինեկոլոգի խոսքերով, զգալի պակասել է նաեւ հղիության ընդհատումների թիվը: Եթե 2000 թ.-ին ամեն մի ծննդաբերությանը բաժին էր ընկնում 5 հղիության ընդհատում, ներկայումս, ամեն մի հղիության ընդհատմանը բաժին է ընկնում 5 ծննդաբերություն. «Տարեկան ունենում ենք 8 հազար հղիության ընդհատում, բայց ունենք 40-42 հազար ծննդաբերություն»:
Կարդացեք նաև
Ռազմիկ Աբրահամյանը, սակայն, գտնում է, որ դեռեւս չենք հաղթահարել հղիության ախտաբանության բարձր մակարդակը, պտղի զարգացման արատները, դեռահասների առողջության հետ կապված խնդիրները: Նա ասաց, որ դրանց լուծման ուղիները վերարտադրողական առողջության ռազմավարությունով են ամրագրված, որը սահմանվել է 2016-2020 թթ.-ի համար: Ռազմավարությամբ ամրագրված է նաեւ ծնելիության բարձրացման խնդիրը:
Բուժաշխատողի օրը մի քանի բուժհիմնարկներ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը» եւ Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հոսպիտալը պարգեւատրվեցին «Էմիլ Գաբրիելյանի» անվան մրցանակներով:



«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանն ասաց, որ հիմնադրամի կողմից տրված գումարին էլ բուժհիմնարկն իր կողմից կավելացնի եւս մեկ միլիոն եւ կտա հոսպիտալին:
Նրա օրինակին հետեւեց նաեւ Ռազմիկ Աբրահամյանը, որը Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի (Հանրապետական ծննդատուն) տնօրենն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

















































