Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկան Վարդան Ապրեսյանի ցուցմունքները ոչ արժանահավատ են». Տիգրան Հայրապետյան

Հունիս 23,2016 16:15

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործի դատավարության ընթացքում այսօր շարունակվեց վկա ոստիկան Վարդան Ապրեսյանի հարցաքննությունը:

Հիշեցնենք՝ երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ապրեսյանն ավելի քան երկու ժամ հարցաքննվեց, Գեւորգ Սաֆարյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ պնդեց, որ վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում բազմաթիվ հակասություններ կան:

Այսօր փաստաբանը հենց այդ հակասությունների վերաբերյալ վկային հարցեր տվեց:

Նա հետաքրքրվեց՝ դատարանում հերքեցիք, թե հարվածներ ձեր կողմից չեն եղել, մինչդեռ նախաքննական ցուցմունքում ասել էիք, թե ձեռնամարտի հնարքներ եք օգտագործել, վտանգը կանխելու համար: Վկան բացատրեց՝ ինքնապաշտպանության նպատակով է հնարքներին դիմել, իսկ ինքնապաշտպանության նպատակով օգտագործված ձեռնամարտի հնարքը չի համարում հարված. «Ձեռնամարտի հնարք կիրառել եմ, բայց չեմ հարվածել»:

Պարոն Հայրապետյանի հաջորդ հարցն էլ գործով տուժող, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանին հարվածելուն էր վերաբերում, միջադեպի տեւողությանը. վկան այս մասով հակասական մտքեր էր արտահայտել, մասնավորապես, մեկ ասել էր, թե տեւել է հինգ րոպե, մի ուրիշ անգամ էլ ասել էր՝ քսան րոպե: Վկան դատարանում չկարողացավ հստակեցնել տեւողությունը՝ բացատրելով, որ վեց ամիս է անցել միջադեպից, ու ինքը հիմա չի կարող հստակեցնել:

Փաստաբանը Վարդան Ապրեսյանին հիշեցրեց նաեւ իր նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որ ասել էր՝ քաղաքացին իր կոկորդից բռնել, գցել է գետնին ու ոտքով հարվածել, ոտքով հարված է հասցրել որովայնին, շնչառությունն է կորցրել, հետո ինքը տեսել է՝ հարվածողը Վահրամ Պետրոսյանն էր, ում ձեռքին տեսախցիկ կար: «Իսկ ինչու դատաքննության փուլում այդ մասին չէիք հիշում, ոչ մի բառ չասացիք»,- հարցրեց փաստաբանը:

«Վնասվածք չեմ ստացել, չեմ արձագանքել»,- պատասխանեց վկան՝ դժգոհելով, որ այդ հարցին արդեն տասներորդ անգամ է պատասխանում:

Սաֆարյանի պաշտպանն էլ նկատեց, որ վկան ստում է, թե տասներորդ անգամ է պատասխանում: Փաստաբանը զարմացել էր՝ ինչպես կարող էր ինքը տասներորդ անգամ այդ հարցը տալ, եթե այդ հարցը կարող էր տալ միայն նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո:

Նախագահող դատավորն էլ հստակեցրեց՝ առանց ցուցմունք հրապարակելու էլ տվել եք այդ հարցը:

«Վեց ակտիվիստի հետ եք առերեսվել, բոլորն ասել են, թե դուք հարվածել եք իրենց, բայց դուք հիմա հրաժարվում եք, ինչով կբացատրեք սա»,-փաստաբանի այս հարցն էլ նախագահող դատավորն անհարկի համարեց:

«Վարդան Ապրեսյանի ցուցմունքները ոչ արժանահավատ են»,- պնդեց Սաֆարյանի փաստաբանը՝ ի մի բերելով ու առանձնացնելով վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների տասնհինգ հակասություն:

«Վկան բազմաթիվ հարցերի չի պատասխանել, շեղվել է հարցերից: Նա հորինում է ցուցմունքները»,- հավելեց Տիգրան Հայրապետյանը»,- «Չի կարելի այս վկայի ցուցմունքով անձին մեղադրանք ներկայացնել: Այս վկայի հակասական ցուցմունքներից մոլորված եմ»:

Դատարանն էլ հորդորեց՝ եթե դատական նիստի ձայնագրությունները լսեք, մոլորությունը գուցե անցնի:

Փաստաբանը դժգոհեց նաեւ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործողություններից՝ ասելով, թե չկա քաղաքացի, որը կկարողանա հասկանալ այս վկայի ասածները, բայց ձեր կողմից մեկնաբանվում է որպես հասկանալի, գնահատական եք տալիս, թե ով չի հասկանում՝ մոլորված է:

Այսօր Վարդան Ապրեսյանի հարցաքննությունն ավարտվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930