Լրահոս
Օրվա լրահոսը

Մնացական Մարտիրոսյանը՝ իր նախագահությամբ դատական նիստերում մահացությունների մասին․ «Այո, կարող է երկու դեպք եղած լինի։ Մեկը նիստի ընթացքում է եղել, մյուսն էլ վարույթի ընթացքում»

Մայիս 05,2026 22:45 Share

Որպես կանոն՝ լայն արձագանք գտնող կալանավորման որոշումներով հանրությանը հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողներին հանդիմանեց՝ իր պատկերացմամբ իրենց աշխատանքը վատ կատարելու համար։

«Ձեզանից դուրս անհիմն հանգամանքների մասին եք գրում, ձեր աշխատանքը շատ վատ եք կատարում»,- ասաց նա։

Հակադարձմանը, որ իր մասին էլ են նման բաներ ասում, ավելին՝ մեղադրում են անբարեխիղճ աշխատանքի մեջ, և հորդորին՝ փաստարկել, թե լրագրողներն ի՞նչ են արել, որը սխալ է, պատասխանեց․ «Օրինակ, գրել են, որ Շանթ Հարությունյանի որդին, դատավորը գտել է, որ պետք է կալանավորվի։ Բայց դատական ակտում առանձին իմ կողմից գրված է, որ ազատազրկում պատիժ չպետք է կրի Շահեն Հարությունյանը և մինչև վերջ չի կրել։ Ժիրայր Սեֆիլյանը։ Երբ որ հինգ տարի ազատազրկում էի միջնորդել միայն հրազենի, ռազմամթերքի համար պատասխանատվության ենթարկել, բոլորովին այլ մեկնաբանություն էր»։

Դիտարկմանը, որ իր նախագահած նիստերի ժամանակ մարդիկ են մահացել, դատավորը պատասխանեց․ «Մարդիկ ընդհանրապես աշխարհում մահանում են։ Այո, կարող է երկու դեպք եղած լինի։ Մեկը նիստի ընթացքում է եղել, մյուսն էլ վարույթի ընթացքում։ Դրանց պետք է մոտենալ այնպես, ինչպես իրականում կան։ Ոչ թե նրա համար, որ դատական քննության ընթացքում են վատ վիճակում հայտնվել, այլ որ պարզվել է՝ այդ մարդիկ վատառողջ են եղել և պատահաբար մահացել են»։

Հարցին, թե Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի թիկնազորի հետ միջադեպի մասնակից դպրոցահասակ Դավիթ Մինասյանին ինչո՞ւ կալանավորեց, Մնացական Մարտիրոսյանը պատասխանեց․ «Դավիթը շատ դրական բնութագրով անձնավորություն է։ Բայց այդ կարգի լավ բնութագրություն ունեցող անձնավորությունը ենթադրաբար ինչ-որ գործողություն է կատարում։ Բա քննիչի միջնորդությունն ասում է՝ հլը մի հատ խափանման միջոցն ընտրենք՝ տեսնենք՝ ո՞ւմ հետ է այս մարդը համագործակցում, ո՞վ է իրեն ստիպել, որ էսքան լավ բնութագրվող անձնավորությունը կարող է գա, ենթադրաբար կատարի էդ արարքը։ Բա մի հատ չտեսնե՞նք։ Եվ պարզվեց, որ նա ճիշտ է։ Չբեկանվեց այդ որոշումը։ Հաջողություն ձեզ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031