Այսօր տեղի ունեցավ Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցների կողմից հիմնված «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում հաստատվեց կուսակցություն հիմնելու մասին որոշումը, ծրագիրը, կանոնադրությունը, ընտրվեցին կուսակցության ղեկավար մարմիններ, կազմավորվեց քաղաքական խորհուրդը: Վարչության նախագահ ընտրվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Վահան Խաչատրյանը:
ԳԱԼԱ-ի աշխատակազմը կուսակցություն հիմնելու իր որոշումը նախեւառաջ ներկայացրեց ֆիլմի տեսքով՝ հիշեցնելով իշխանությունների կողմից հեռուստաընկերության դեմ սկսած հալածանքներն ու իրենց անզիջում պայքարը:







Կարդացեք նաև
Քրիստինե Մկրտչյանն էլ հրապարակեց ԳԱԼԱ կուսակցության ծրագիրը՝ նշելով, որ այս կուսակցության առաջնահերթություններն են՝ ժողովրդավարական,ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, դրա արդյունքում լեգիտիմ ու պատասխանատու իշխանությունների ձեւավորումը, մարդու ու քաղաքացու ազատ, անվտանգ ապրելու ու արարելու հնարավորությունների, արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Ծրագրում շեշտված է նաեւ հայրենական արտադրողների շահերի միջեւ հավասարակշռության ստեղծումը ու պահպանումը, հայրենական արտադրանքը միջազգային շուկա դուրս գալուն աջակցելը: Կուսակցությունը, ըստ բանախոսի, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներին ազդելու նպատակով ոչ միայն պիտի մասնակցի ընտրություններին, այլ հաղթի: Կուսակցության նպատակը բարեփոխված Հայաստան ունենալն է:
«Այս ամբիոնից չեմ ուզում ասել, թե խոստանում ենք իշխանափոխություն, որովհետեւ մենք, դուք, բոլորս Գյումրիում արդեն արել ենք, հաղթած կողմ ենք, մի քանի անգամ հաջողել ենք դա: Հաղթանակած Գյումրիում միայն մի բան կարող եմ ասել՝ մենք մեր պարտքն ենք վերադարձնում ձեզ, սա պարտքի հատուցում համարեք: Վերադարձնելով պարտքը՝ գնում ենք նաեւ հաղթած գյումրեցու իշխանությանը տեր կանգնելու, պետք է պարզապես ստանձնել այդ իշխանությունը ու ծառայեցնել ի շահ ժողովրդի: ԳԱԼԱ-ն միայն հեռուստատեսություն չէ, ԳԱԼԱ-ն միայն կուսակցություն չէ, ԳԱԼԱ-ն ապրելակերպ է, նորմալ ապրելակերպ է մեր ապագայի, մեր զավակների համար»,- ասաց Քրիստինե Մկրտչյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































