Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կռիվն ավարտված չէ». տեղի ունեցավ ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 01,2016 16:41

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցների կողմից հիմնված «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում հաստատվեց կուսակցություն հիմնելու մասին որոշումը, ծրագիրը, կանոնադրությունը, ընտրվեցին կուսակցության ղեկավար մարմիններ, կազմավորվեց քաղաքական խորհուրդը: Վարչության նախագահ ընտրվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Վահան Խաչատրյանը:

ԳԱԼԱ-ի աշխատակազմը կուսակցություն հիմնելու իր որոշումը նախեւառաջ ներկայացրեց ֆիլմի տեսքով՝ հիշեցնելով իշխանությունների կողմից հեռուստաընկերության դեմ սկսած հալածանքներն ու իրենց անզիջում պայքարը:

n-2 n-1 gala-6 gala-5 gala-3 gala-2 gala-1Արմենուհի Վարդանյանը իր ելույթում շեշտեց, որ Գյումրին դարձել է հանրապետության այն կորիզը, որը շնչահեղձ է անում գործող իշխանություններին: «Զգում ենք հետզհետե ծանրացող պատասխանատվությունը, բայց մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությանը: Հավատացեք, 11 տարի շարունակ ԳԱԼԱ-ով, ԳԱԼԱ-ի հետ միասին ճանապարհ անցնելով՝ կոփվել ենք, թրծվել ենք այնքան, որ շատ հաստատակամ ենք բռնել այս ուղին, շատ վճռական ենք, շատ համարձակ ենք բռնել այս ճանապարհը, որը համարել ենք ճիշտ: Միգուցե 1-2 տարի առաջ չլիներ այսպիսի վճռականություն ու համարձակություն, որովհետեւ պետք է հասունանար այդ պահը, պահը հասունացել է: Ճիշտ 11 տարի առաջ օրվա հրամայականն էր, որ ըմբոստ Գյումրիում պետք է ծնվեր ԳԱԼԱ-ն: Այսօր օրվա հրամայականն է, որ այս քաղաքում պետք է ծնվեր «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության: Գիտեք, որ մեր կռիվը ավարտված չէ, առճակատումը շարունակվում է, դժվար, բազմաթիվ խոչընդոտներով ճանապարհ է սպասվում, սակայն մենք հասկանում ենք, որ հենց այնպես ազատությունը մեզ որեւէ մեկը չի շնորհի, այն հարկավոր է ձեռք բերել, վաստակել մեծ դժվարությամբ»,- ասաց Արմենուհի Վարդանյանը:

Քրիստինե Մկրտչյանն էլ հրապարակեց ԳԱԼԱ կուսակցության ծրագիրը՝ նշելով, որ այս կուսակցության առաջնահերթություններն են՝ ժողովրդավարական,ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, դրա արդյունքում լեգիտիմ ու պատասխանատու իշխանությունների ձեւավորումը, մարդու ու քաղաքացու ազատ, անվտանգ ապրելու ու արարելու հնարավորությունների, արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Ծրագրում շեշտված է նաեւ հայրենական արտադրողների շահերի միջեւ հավասարակշռության ստեղծումը ու պահպանումը, հայրենական արտադրանքը միջազգային շուկա դուրս գալուն աջակցելը: Կուսակցությունը, ըստ բանախոսի, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներին ազդելու նպատակով ոչ միայն պիտի մասնակցի ընտրություններին, այլ հաղթի: Կուսակցության նպատակը բարեփոխված Հայաստան ունենալն է:

«Այս ամբիոնից չեմ ուզում ասել, թե խոստանում ենք իշխանափոխություն, որովհետեւ մենք, դուք, բոլորս Գյումրիում արդեն արել ենք, հաղթած կողմ ենք, մի քանի անգամ հաջողել ենք դա: Հաղթանակած Գյումրիում միայն մի բան կարող եմ ասել՝ մենք մեր պարտքն ենք վերադարձնում ձեզ, սա պարտքի հատուցում համարեք: Վերադարձնելով պարտքը՝ գնում ենք նաեւ հաղթած գյումրեցու իշխանությանը տեր կանգնելու, պետք է պարզապես ստանձնել այդ իշխանությունը ու ծառայեցնել ի շահ ժողովրդի: ԳԱԼԱ-ն միայն հեռուստատեսություն չէ, ԳԱԼԱ-ն միայն կուսակցություն չէ, ԳԱԼԱ-ն ապրելակերպ է, նորմալ ապրելակերպ է մեր ապագայի, մեր զավակների համար»,- ասաց Քրիստինե Մկրտչյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031