Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի» միջնաբերդում հայ-ֆրանսիական արշավախմբի հնագիտական պեղումների վերաբերյալ

Հուլիս 07,2016 18:07

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի հնավայրում շարունակվում են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի կողմից իրականացվող պեղումների 2-րդ՝ ավարտական փուլի աշխատանքները:

Հայ-ֆրանսիական արշավախմբի աշխատանքների արդյունքում բացվել է նոր խճապատ փողոց, հայտնաբերվել է ջրահեռացման համակարգի հատվածը: Բացի այդ, Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ սրահում բացահայտված տարբեր ժամանակաշրջանների հնագիտական շերտերը էական նշանակություն կունենան տաճարի վերականգնման համար:
Էրեբունի միջնաբերդի վերականգնման և այցելուների սպասարկման բարելավման ծրագիրը և ֆրանսիական կողմի հետ համատեղ իրականացվող պեղումները կարևոր են հնավայրի գիտական ճանաչման ընդլայնման, ինչպես նաև գտածոների անվտանգ պահպանության համար, հույս կա, որ ֆրանսիական կողմի հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական: Հատկանշական է, որ թանգարանի այցելուների թվում վերջին տարիներին ավելացել են ֆրանսիացի զբոսաշրջիկները, ովքեր մեծ հետաքրքրությամբ են ծանոթանում Էրեբունու միջնաբերդին և հազարամյակների պատմություն ունեցող մայրաքաղաքային քաղաքակրթությանը:

2016թ. հունիսից Էրեբունի միջնաբերդում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբն օրերս համալրվել է իրանցի մասնագետներով, ովքեր ԻԻՀ Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցներ են: Իրանից ժամանած հնագետները պեղումներին մասնակցում են 2015թ. Երևանում եռակողմ՝ ԻԿՕՄՕՍ/Հայաստան, ԻԿՕՄ/Հայաստան և ԻԿՕՄ/Իրան կազմակերպությունների միջև ստորագրված համագործակցության Հուշագրի շրջանակում: Այն միտված է երկու երկրների տարածքներում հնագիտական համատեղ պեղումների իրականացմանը և դրանց արդյունքում հայտնաբերված գտածոների ուսումնասիրությանն ու հրատարակմանը: Սույն համագործակցությունն առավել ամրապնդվել է 2016թ. մայիսին Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետություն Երևանի քաղաքապետարանի պատվիրակության այցի շրջանակում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ու ԻԻՀ Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտների միջև հնագիտության, ազգագրության և բանահյուսության ոլորտում լայն գիտահետազոտական ուսումնասիրությունների վերաբերյալ Համաձայնագրի ստորագրմամբ: Նշյալ համագործակցությամբ այս տարի աշնանը նախատեսվում է նաև հայ հնագետների մասնակցությունը Իրանի Պերսեպոլիս հնավայրում իրականացվող պեղումներին: Հատկանշական է, որ իրանական կողմի հետ նման արդյունավետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ, ինչն, անշուշտ, կավելացնի հետաքրքրությունը դեպի հազարամյակներ շարունակ իր գոյությունը պահպանած Էրեբունի բերդաքաղաքը՝ Երևանի բնօրրանը, ինչպես նաև, այս ոլորտում սկիզբ է դրել հայկական, ֆրանսիական և իրանական յուրօրինակ գիտական համագործակցության:

2017թ.-ից ակնկալվում է նաև Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանի մասնակցությունը այս եռակողմ համագործակցությանը, որի արդյունքում նախատեսվում է հրատարակել Ուրարտուի ժառանգությանը նվիրված ծավալուն ալբոմ, ուր զետեղված կլինեն ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում պահպանվող, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող գտածոները:

2008-2016թթ իրականացված հայ-ֆրանսիական համագործակցությունը Էրեբունիում հնագիտության ասպարեզում ծանրակշիռ ներդրում կարելի է համարել ինչպես ոլորտի, այնպես էլ հայ-ֆրանսիական մշակութային կապերում:

 

«Էրեբունի» պատմահնագիտական-արգելոց թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031