Լրահոս
Օրվա լրահոսը

Զառա Հովհաննիսյան. Նույն այդ կացնով Ռամիլ Սաֆարովը կացնահարել է հայ զինվորականին

Հուլիս 11,2016 16:38

«Այնուամենայնիվ, մենք գործ ունենք իրավական խնդրի հետ»,- հուլիսի 11-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ընտանեկան բռնություններին, ասաց իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը:

Խոսելով ուրբաթ Երեւանում տեղի ունեցած սպանության մասին, երբ 31-ամյա տղամարդը կասկածվում է նախկին զոքանչին կացնով սպանելու, նախկին կնոջն ու նախկին աներոջը կացնով գլխուղեղային բաց վնասվածքներ հասցնելու մեջ՝ Զառա Հովհաննիսյանն ասաց, որ ընտանիքում բռնություններ են գործադրվել, մի քանի անգամ դիմել են ոստիկանություն:

«Ի վերջո, մենք ունենք դատական վճիռ, երբ ամուսնուն վեց ամսվա ազատազրկման են դատապարտել, բայց ի կատար չի ածվել վճիռը: Նույն ժամանակահատվածում Շենգավիթի առաջին ատյանում Վարդգես Գասպարիի նկատմամբ կայացվում է նախնական կալանքի որոշում, նույն ժամանակահատվածում է տեղի ունեցել: Այսինքն՝ կամայականությունները, որոնք կատարվում են դատավորների կողմից, կոնկրետ հենց Նելլի Բաղդասարյան անունով դատավորի կողմից, ինչո՞ւ է այդպես կատարվում, ինչո՞ւ պետությունը հանձ չի առնում նույն այդ դատավորներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները:

Մյուս կողմից` շատ կարեւոր է դիտարկել նաեւ միջազգային հանրության արձագանքները եւ ինչպիսի մեխանիզմներ են ցանկանում ներդնել Հայաստանում թե՛ ոստիկանության աշխատանքի, թե՛ դատաիրավական համակարգի վերակառուցման եւ թե՛ ճնշումների մեխանիզմների տեսանկյունից, որովհետեւ ոստիկանությունը ի վերջո կատարում է այն, ինչ օրենքով իրեն այսօր տրված է»,- ասաց նա:

Զառա Հովհաննիսյանը ընդգծեց, որ օրենքով ոստիկանությանը կանխարգելման մեխանիզմներ տրված չեն, իսկ օրենսդրության ներդրումը ձգձգվում է:

Նա անդրադարձավ նաեւ «Կիսաբաց լուսամուտներ» ծրագրի թողարկմանը. «Ընդամենը մի քանի ամիս առաջ նույն բռնարարին կանչում են այդ հաղորդմանը եւ այնպիսի մի գովերգում են կազմակերպում, որ տեսեք, թե ինչ օրինակելի հայր է, եւ ինչպես իրեն թույլ չեն տալիս երեխային տեսնել: Բայց այդ նույն հոր հանդեպ եղել է դատական վճիռ, դուք ինչո՞ւ եք անտեսում դա: Եվ այդպիսի մոտիվացված լինելով հանդերձ` այդ մարդը գնում է եւ վերցնում է կացինը: Ի վերջո, նույն այդ կացինն է, որը հայ ժողովրդին շատ լավ ծանոթ է, ինչով Ռամիլ Սաֆարովը կացնահարել է հայ զինվորականին: Այնուամենայնիվ, ես հանրային այդպիսի արձագանք մինչ այժմ չեմ տեսնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031