Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՀՀԿ-ն սեփական թեկնածուի փոխարեն սատարում է Սամվել Բալասանյանին (Տեսանյութ)

Հուլիս 12,2016 19:00

ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն այսօր հայտարարեց, որ ՀՀԿ մարզային կառույցի խորհուրդը որոշում է ընդունել Գյումրու ՏԻՄ ընտրություններում դաշինքով հանդես գալ «Քրիստոնեա-դեմոկրատական միության» հետ ու սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Լրագրողները Սահակ Մինասյանից հետաքրքրվեցին, թե ՀՀԿ-ն չունի՞ արժանի կադրեր, որ հանդես գար սեփական թեկնածուով ու ինչո՞ւ հօդս ցնդեցին այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է հենց Սահակ Մինասյանը:

Վերջինս ասաց, որ հանրապետությունում բոլոր պատասխանատու պաշտոնները զբաղեցնում են ՀՀԿ-ականները, իսկ Գյումրու ՀՀԿ-ականներին չպիտի տարանջատել հանրապետության մյուս ՀՀԿ-ականներից, այստեղ ևս կան երևելի կադրեր, պարզապես ավելորդ ռիսկերից են խուսափում, քաղաքի զարգացման շարունակականության մասին են մտածում, որն արդեն իսկ նկատելի է գործող քաղաքապետի օրոք:

Հարցին, թե Սամվել Բալասանյանը մտե՞լ է ՀՀԿ-ի շարքերը, Սահակ Մինասյանն ասաց, որ Սամվել Բալասանյանը «Քրիստոնեա-դեմոկրատական միության» կուսակցության ցուցակն է գլխավորում, նա չի կարող լինել ՀՀԿ-ական: Նշենք, որ ավելի ուշ ՀՀԿ կառույցի ղեկավարը մեզ տեղեկացրեց, որ Սամվել Բալասանյանը գլխավորելու է ՀՀԿ-ի ցուցակը: Ըստ բանախոսի, դաշինք կազմելու դեպքում այն կունենա անվանում, որի մասին լրացուցիչ տեղյակ կպահեն:

Այն խոսակցությունները, որ Սահակ Մինասյանն էր գլխավորելու ՀՀԿ ցուցակը Գյումրու ՏԻՄ ընտրություններում, բանախոսն այսպես մեկնաբանեց. «Լսել եմ, եղել են խոսակցություններ, ես կուսակցական եմ, պատվախնդիր մարդ՝ բարձր կատարողական կարգապահությամբ, և հարգել եմ, հարգում եմ ու պարտավոր եմ հարգելու կուսակցության ցանկացած որոշում»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե արդեն իսկ կան կանխատեսումներ, թե ՀՀԿ-ի ցուցակով հանդես գալու դեպքում Սամվել Բալասանյանը իր ընտրազանգվածից զգալի հատվածի կկորցնի, Սահակ Մինասյանն հիշեցրեց, որ նախորդ ՏԻՄ ընտրություններում ևս Հանրապետականը սատարել է Սամվել Բալասանյանին:


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031