ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործով հերթական դատական նիստը։ Այս գործով 16 վկաներ են հարցաքննվել։
Հանրային մեղադրողները պահանջեցին ևս երեք ամսով երկարացնել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
Հանրային մեղադրողներից մեկը նշեց, որ 16 վկաներ հարցաքննվել են, երբ անցնեն գրավոր ապացույցների հետազոտմանը՝ հնարավոր է անհրաժեշտություն առաջանա նրանց կրկին հարցաքննելու, ավելին՝ քրեական վարույթով այլ անձանց հարցաքննեն։ Իսկ այս դեպքում հնարավոր է Վարդան Ղուկասյանը խոչընդոտի գործի ընթացքին։
Նրանք մեջբերեցին նաև «Դատալեքսում» տեղադրված, Վարդան Ղուկասյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 452 հոդվածով հարուցված քրեական գործերից մեկը, որով ևս, ըստ հանրային մեղադրողների, առկա է նոր հանցանք կատարելու ռիսկ։
Կարդացեք նաև
«Նոր հանցանք կատարելու հիմքը դեռ առկա է, մինչև այժմ կիրառված խափանման միջոցը ի զորու է եղել ապահովելու պատշաճ վարքագիծը, այսինքն՝ մինչ հիմա չունենք քրեական վարույթը խոչընդոտելու հիմնական փաստական տվյալ, ինչը վկայում է, որ կիրառված խափանման միջոցը պիտանի է, իսկ այլընտրանքային միջոցները հնարավոր է ի զորու չլինեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,-ասաց հանրային մեղադրողը՝ առաջարկելով՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարացնել ևս երեք ամիս ժամկետով։
Մյուս դատախազն ասաց, թե այս գործով առկա խոսակցությունների իսկությունը հաստատված է, այս մասին վկայում են վկաների հարցաքննությունները, սա էլ ի հայտ է բերում նոր ռիսկ։
Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը պատասխանեց՝ տարակուսած է, որ հանրային մեղադրողը գտնում է, թե վկաների ցուցմունքները ինչ-որ բան են հաստատում։
Նա առարկեց հանրային մեղադրողների մեջբերած փաստերին՝ նշելով, որ չկա փաստական հանգամանք, որ նոր ռիսկ ավելացնի նրա կալանքը երկարացնելուն։
Ըստ Արամայիս Հայրապետյանի, անձին հավերժ կարելի է կալանքի տակ պահել՝ առանց դատավճռի։
Արամայիս Հայրապետյանն ասաց, որ հուլիսի 1-ին հարցում է կատարել քրեակատարողական բժշկական կենտրոն, 16 օր է անցել, պատասխան չկա։ Մինչդեռ փորձագետի եզրակացությամբ նախատեսված է որոշակի հետազոտություններ անցկացնել, անհապաղ վիրահատության կարիք կա՝ ճողվածքի հետ կապված, և ինքը խնդրել է համապատասխան վիրահատություն կազմակերպել։ Մինչդեռ չեն պատասխանում՝ առհասարակ նախատեսո՞ւմ են վիրահատություն, թե՞ ոչ, իսկ արդյունքում ունեն ամիսներ ձգտվող շարունակական կալանք, առողջական վատ վիճակ և մի մտահոգիչ իրավիճակ․ անտարբերություն անձի առողջական վիճակի մասին։
Նա նաև ասաց, որ իրենք դատարանին ներկայացրել են բազմաթիվ տեղեկություններ անձի հայրենասիրության, եկեղեցաշինության մասին․ Հայոց Կաթողիկոսը ամենաբարձր եկեղեցական շքանշանն է նրան հանձնել։ Ըստ փաստաբանի, անգամ Վարդան Ղուկասյանի նկատմամբ առկա անբարյացակամ տրամադրության ու ճնշումների պայմաններում՝ օրենքի անտեսմամբ չպիտի որոշում կայացվի կալանքը շարունակելու։
«Մենք առաջարկում ենք 10-15 միլիոն դրամ գրավ՝ որպես այլընտրանք, թե դատարանը գրավի հետ միաժամանակ տեսնում է ավելի խիստ սահմանափակման հիմք, կա վարչական հսկողություն, որն ունի սահմանափակումներ։ Որպես ծայրահեղ միջոց՝ մեր կարծիքով կդիտվի տնային կալանքի կիրառումը՝ ազատությունից զրկման մի տեսակը փոխարինելով ազատությունից զրկման մի այլ տեսակով։
Պատվարժան դատարան, խնդրում ենք Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխել, գրավ կիրառել խելամիտ գումարի չափով կամ վարչական հսկողություն կամ համակցությամբ գրավ վարչական հսկողության հետ կամ ծայրագույն դեպքում տնային կալանք»,-միջնորդեց Արամայիս Հայրապետյանը։
Ձայն խնդրեց նաև Վարդան Ղուկասյանը, դատարանը նրան թույլատրել էր խոսել նստած, սակայն նա ոտքի կանգնեց ու ասաց․ «Ճիշտն ասած երկու բան եմ ուզում ասել․ պատվարժան դատարան․ ես 8-10 անգամ ընտրվել եմ քաղաքապետ և Ազգային ժողովի պատգամավոր, ոչ մի անգամ դատվածություն չեմ ունեցել, ընդհուպ իմ մասնակցությունը քաղաքապետի և Ազգային ժողովի պատգամավորի ընտրություններին Գյումրիի ամենաշատ ձայներ հավաքած քաղաքապետն եմ եղել և թեկնածուն եմ եղել մինչև այսօր։
Այսինքն՝ այդ քաղաքը ինձ վստահել է և վստահում է՝ իմ կատարած աշխատանքների և գործունեության համար։ Դա իմիջայլոց։
Երկրորդը․ երբ որ Տիրոջը խաչում էին, ինքն ասում էր՝ Հայր, ների՛ր սրանց մեղքերը, զի ոչ գիտեն՝ ինչ են գործել։ Ամբողջ աշխարհի ջրերը ստեղծողը, որ մենք խմում ենք, խաչի վրա ջուր ուզեց, մարդիկ քացախ տվեցին և մի տեղ ասում էր, թե մի երեսիդ կխփեն, մյուսն էլ դեմ տուր, բայց եղբայր ենք, մենք իրար եղբայր ենք, որովհետև մենք խոսում ենք հայոց լեզվով, մենք մկրտված ենք Սուրբ Առաքելական եկեղեցով և ուզում ենք էդ սկզբունքով մեկս մյուսիս նայենք և ասենք։
Մի բան ունեմ ասելու՝ ովքեր որ իմ նկատմամբ չար են տրամադրված, թող Աստված իրենց իմացություն տա և արժանացնի Տիրոջ աջակողմյան դասին։ Ես՝ որպես հավատացյալ մարդ, էդքան բանն եմ ասում, մնացածը ձեր խղճով, ոնց գիտեք, էդպես արեք։ Շնորհակալ եմ»։
Դատարանը նշեց, որ 16 վկաները հարցաքննվել են և գործի ընթացքի վրա խոչընդոտելու ռիսկը նվազել է, կիրառված խիստ խափանման միջոցի շարունակականությունը այլևս անառարկելի անհրաժեշտություն չի ենթադրում․ որոշեց Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինել տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով և 15 մլն դրամ գրավով:
Նրան արգելվեց նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, արգելվեց նաև շփում ունենալ այլ անձանց հետ՝ բացառությամբ պաշտպանների ու տվյալ բնակարանում բնակվող անձանց։
Դատարանի որոշումը ընդունվեց ծափահարություններով։
«Ապրեք պատվարժան դատարան»,-բացականչեցին դատարանի դահլիճից։ Իսկ Վարդան Ղուկասյանը, դեմքով շուռ գալով դեպի դատավորն, ասաց․ «Աստված օրհնի»։
Նա հեռացավ՝ ասելով․ «Փառք տիրոջը»։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 7-ին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































