Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Թխած, կարած գործերով ոչ մի տեղ չեք գնալու»

Հուլիս 13,2016 12:49

«Թխած, կարած գործերով ոչ մի տեղ չեք գնալու: Ժիրո կվերցնեք, Գառնիկ Մարգարյան, մարդկանց աչքը վախեցնելով ոչ մի տեղ չես գնա: Խելքի եկեք, վաղը-մյուս օրը ձեզ հետ են էսպես վարվելու: Նախադեպ մի ստեղծեք: Նույնիսկ Իոսիֆ Վիսարիոնովիչը հավերժ չէր, դուք կարծում եք՝ դուք հավե՞րժ եք»,- «Հայելի» մամուլի ակումբում ՀՀ իշխանություններին այսպիսի կոչով դիմեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը: Նա զավեշտ է համարում, որ Ժիրայր Սեֆիլյանին «փակել» են մեկ մարդու ցուցմունքով:

Բանավեճի թեման էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը արաբական «Al Mayadeen» հեռուստաընկերությանը, Սերգեյ Լավրովի այցը Բաքու, ՆԱՏՕ–ի անդամ երկրների գագաթնաժողովը Վարշավայում. անդրադարձ ԼՂՀ հակամարտությանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը շատ չէր տարբերվում նախկիններից. «Բացահայտ հնչեցվեց մի բան, որ Հայաստանը բարեկամաբար է տրամադրված ՆԱՏՕ-ին, բայց ավելի խոշոր ծրագրերում չի հավակնում ընդգրկվել: Չի էլ կարող»:

Անուշ Սեդրակյանի կարծիքով, ՆԱՏՕ-ն համապատասխան չափանիշներ է պահանջում, դրա համար Հայաստանը պետք է աճի: Բայց ինքը Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ում է տեսնում ու կարծում է, որ ՀՀ վերնախավը պետք է հայտարարի, որ այժմ իրավիճակային քաղաքականություն է վարում, բայց իր ռազմավարական բոլոր հույսերը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ է կապում:

Ի տարբերություն Անուշ Սեդրակյանի, Գուրգեն Եղիազարյանը գտնում է, որ Հայաստանը ոչ թե իրավիճակային քաղաքականություն է վարում, այլ ընդհանրապես քաղաքականություն չի վարում. «Մենք իրական ինքնուրույն քաղաքականություն պիտի վարենք, դիվանագիտական դեմք պետք է ստեղծեինք քսան տարի»: Ըստ նրա, մեր դիվանագիտական պարտությունները մեկը մյուսի ետեւից գրանցվում էին, բայց մեր դիվանագետները մնացին նույն դեմքով:

«Հարցազրույցում խրոխտ դեմքով բան ասելու համար համապատասխան դեմք պետք է ստեղծեինք»,- ասում է Գուրգեն Եղիազարյանը`հավելելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետեւություն պետք էր անել, ոչ թե փորձել «վերմակը քաշել» ու փորձել մոռացության մատնել ամեն ինչ:

Իսկ ԼՂՀ հարցի շուրջ ծավալվող իրադարձությունները Անուշ Սեդրակյանը պայմանավորում է ընդհանուր տարածաշրջանի սրացումներով: Այս հարցի շուրջ բանավեճը տեղափոխվեց ԼՂՀ-ին եւ ԱՄՆ-ին սիրել-չսիրելու, այդ երկրների վարած քաղաքականությունն ընդունել-չընդունելու հարթություն: Անուշ Սեդրակյանին մտահոգում է այն, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի Արեւելյան Եվրոպայով համապարփակ այցի շրջանակներում, Լավրովի հետ հավանական հանդիպման ժամանակ Քերրին պլանավորում է խոսել Սիրիայի եւ ԼՂՀ հարցի մասին: Այս հարցերի միջեւ հավասարությունն Անուշ Սեդրակյանին արդեն հիմք է տալիս մտահոգվելու սրացումներից:

Նա դժգոհ է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հանդիպումներից հետո մեր պաշտոնական լրահոսը տվեց շատ անդեմ տեղեկություն, ի հեճուկս ադրբեջանական պաշտոնական լրահոսի, որ ԱԳՆ-ի կայքէջում տեղադրվեց Մամեդյարովի խոսքը, որ ԼՂՀ քննարկումները վերջին քննարկումները, Լավրովի հետ հանդիպումը, Ադրբեջանի համար խիստ խրախուսելի էին: Սա, բանախոսը բավարար է համարում, որ մենք այդ հարցը խիստ տարակուսելի պետք է գնահատենք:

Անուշ Սեդրակյանին մի բան էլ է վրդովվեցնում`ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Հայաստանի մասնակցությունն այնպես փաթեթավորվեց, որ գնացել էինք ԼՂՀ հարցի համար, մինչդեռ ՆԱՏՕ-ն կոլեկտիվ անվտանգություն ապահովող հզոր կռվան է տարածաշրջանում ու Հայաստանը պետք է համապատասխան հետեւություններ անի, մանավանդ, որ ներկա անվտանգության երաշխավորները տապալել են այդ անվտանգության հեռանկարը:

Գուրգեն Եղիազարյանն էլ հակադրվելով Անուշ Սեդրակյանի տեսակետներին, ասաց, որ ապրիլյան քառօրյա պատերազմը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այն հայտարարության արդյունք էր, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի անխախտելի մաս է: Նրան էլ վրդովվեցնում է հետեւյալը. «Հայտնի ուժերը, որոնք անընդհատ գնում են ՌԴ դեսպանատուն, չգիտես ինչու, դրոշակները ծալեցին ու չգնացին ԱՄՆ դեսպանատուն`ասելու`էս ի՞նչ ես ասում, պարոն Բայդեն»: Անգամ Ադրբեջանին`Թուրքիայի բացահայտ աջակցությունից հետո «չտեսանք համապատասխան կառույցների ստեղծած երիտասարդներին», որոնք պետք է փողոց դուրս գային ու պայքարեին: «Միգուցե ճի՞շտ են գրում եւ մտածում մարդիկ, որ ամեն ինչ ծրագրավորված էր»,- հռետորական հարց հնչեցրեց Գուրգեն Եղիազարյանը:

Անուշ Սեդրակյանի հետ Գուրգեն Եղիազարյանը մեկ հարցում համամիտ է`հանդիպումներից տեղեկություններ չեն տրամադրվում. «Երբ «նորօրյա կոմսոմոլները» անմիջապես չեն խոսում հաղթանակի մասին, դրոշ չեն ծածանում, շեփոր չեն հնչեցնում, ուրեմն լրջագույն կորուստներ ենք ունենում»:

Ընդհանրապես, Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, սկսած նախագահի`Վիեննայից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում տված հարցազրույցից մինչ օրս կորուստներ ենք կրել ու կրում ենք եւ առօրյա պատերազմից համապատասխան հետեւություններ չենք արել:

Գուրգեն Եղիազարյանը համամիտ չէ Անուշ Սեդրակյանի այն դիտարկումներին, որ Սանկտ-Պետերբուրգում հետաքննության մեխանիզմների մասին չխոսվեց, քանի որ ՌԴ-ն էր այդպես ցանկանում, որ քառօրյա պատերազմում հետախուզական տվյալներ ՌԴ-ն Հայաստանին չտվեց եւ այլն: «Ո՞վ պիտի հարցը դներ Սանկտ-Պետերբուրգում: Մենք պետությո՞ւն ենք: Կամ`ո՞վ ասեց, որ հետախուզական տվյալ չկար. էդքան մարդ, զինտեխնիկա է կուտակվում սահմանին, Ռուսաստանից պիտի ասեի՞ն: Ով պիտի աներ, հասցեն ասեք`ՀՀ իշխանություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031