«Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ապագայի հանդեպ, ինչը խրախուսող է մեզ համար: Բանակցությունները մտել են ինտենսիվ փուլ, առաջընթաց է արձանագրվում»,-հուլիսի 15-ին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին` խոսելով ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունների մասին:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավելի կառույցներ, կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկումը:

Եվրամիության գերակայություններից դեսպանը հատկապես առանձնացրեց համագործակցությունն անվտանգության գոտում. «Եվրամիությունը ցանկանում է օգնել իր հարեւաններին, որպեսզի արդյունավետ լուծեն անվտանգության խնդիրները: Հայաստանը դիմագրավում է շատ կոնկրետ ռազմական սպառնալիքի, բայց Եվրամիության տեսանկյունից խոսքը գնում է անվտանգության լայն խնդիրների մասին` սկսած կիբերանվտանգությունից եւ ահաբեկչական վտանգից, վերջացրած անվտանգությանը սպառնացող ավելի մեղմ երեւույթներով»:
Կարդացեք նաև
Սվիտալսկին հարցադրում արեց, թե ինչու է Եվրամիությունը կամուրջ կապում Հայաստանի հետ. «Հնարավոր է լինել մեկ այլ ինտեգրացիոն գործընթացում եւ ունենալ լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ: ՀՀ-ն այդպիսի օրինակ է: Մենք փորձում ենք ապացուցել, որ չկա հակասություն մեկ այլ ինտեգրացիայի եւ եվրոպական արժեքների միջեւ: Մենք հավակնոտ օրակարգ ունենք: Հայ գործընկերներն են որոշում մեր հարաբերություններում հավակնությունների մակարդակը: Մենք չենք փորձում որեւէ բան պարտադրել` «էգոիստական» օրակարգով: Մեզ համար Հայաստանն Ադրբեջանի եւ Բելառուսի հետ մի զամբյուղում է, բայց առանց ԵՄ-ի հետ ասոցացման կարգ ունենալու` մյուս երկրները եւս կարող են օգտվել ԵՄ-ից»:
Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսության զարգացումներին, դեսպանն ասաց. «մոռացված չէք` օրակարգում եք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































