Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես լինեի՝ վաղուց զինված խմբի խնդիրը փակված կլիներ». Իսագուլյանը զարմանում է իշխանության համբերության վրա

Հուլիս 29,2016 17:01 Share

«ԼՂՀ նախագահի հետ եմ խոսել, այնտեղ վիճակը ապակայունանում է, այն պատճառով, որ ՀՀ-ում վիճակը սա է, երկարում է, ինչքա՞ն կարելի է համբերել»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նա հայտարարեց, որ եթե բանակցությունները «Սասնա ծռերի» հետ շարունակվեն, դա պետք է իրականացնի Վիտալի Բալասանյանը:

Հարցին՝ Դուք ասում եք՝ ՊՊԾ գնդում ահաբեկչություն է, այդ դեպքում ինչո՞ւ էին շտապօգնության բժիշկներին ուղարկում ահաբեկիչների մոտ, թող Կարմիր խաչին ուղարկեին՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Իրենք ի՞նչ գիտեին, որ իրենց կալանավորելու էին: Մինչ այդ պատանդ չկար, մենք մտածում էինք, որ սրանք տղաներ են, որոնք ազնիվ մղումներով գնացել, մտել են այդտեղ»:

Լրագրողների դիտարկմանը, որ ասում են՝ բժիշկների փոխարինող խումբ են սպասում, պատանդ չեն նրանք՝ Իսագուլյանը չհամաձայնեց. «Ո՛չ, նրանք պատանդ են, եւ դրա մասին բժիշկներն իրենք են ասել: Մարդուն բռնի ուժով պահում են, դա պատա՞նդ է, թե՞ ինչ»:

Գառնիկ Իսագուլյանը չի ընդունում ՊՊԾ գնդում գտնվողների գործողությունները. «4 մեքենա են վառում, ինչի՞ են վառում: Եթե այդ մարդիկ վաղն ուզում են իշխանություն դառնան, պետական գույքն ինչի՞ են այրում: Ստեղծում էին ծխային քող, որպեսզի իրենք գործեն: Եթե մարդկանց հայտնի չի, օպերատիվ աշխատողները, պրոֆեսիոնալները դա շատ լավ հասկանում են: Մեքենաները ի՞նչ մեղք էին գործել: Վիրավորներին բերեք չեզոք գոտի, ինչի՞ չեք բերում»:

Լրագրողների դիտարկմանը, որ պատճառաբանում են նրանով, որ երբ Պավլիկ Մանուկյանի տղան փորձել է պատգարակին մոտենալ, իրեն էլ են կրակել՝ Իսագուլյանը չհամաձայնեց. «Դուք իրենց ասածը ինձ մի պարտադրեք: Ոչ մի տենց բան չկա, եղել է շղարշ ծխային, եւ այդ ժամանակ փորձել են գործողության, տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Հիմա ամեն մեկը, որ փորձում է իրեն արդարացնել, որովհետեւ մեղք է գործել, ո՞ր մի մեղավորն է ասում, որ ես մեղավոր եմ»:

Հետո Գառնիկ Իսագուլյանը խոսելով իշխանությունների համբերատարության մասին, ասաց. «Ես լինեի՝ վաղուց այս խնդիրը փակված կլիներ, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում»:

Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ է համբերում իշխանությունը, ինչո՞ւ գործողություններ չի իրականացնում՝ նա պատասխանեց. «Չի ուզում որեւէ նոր արյուն: Ես զարմանում եմ եւ ապշում եմ իշխանությունների համբերության վրա»:

Մեր հարցին՝ բայց Դուք արյո՞ւն եք ուզում՝ նա պատասխանեց. «Ես ուզում եմ, որ ՀՀ-ում զինված ուժին թույլ չտան, որ ինչ-որ հարց լուծի քաղաքական, եւ դա դառնա ՀՀ-ի համար նախադեպ: Վաղն էլ ես 100 հոգի կհավաքեմ, էլի մի տեղ կգրոհեմ, կգրավեմ ու կասեմ՝ ես սրան չեմ ուզում, հետո՞: Այսինքն, նախադեպ դարձնենք սա՞»:

Մեր դիտարկմանը՝ իրենք էլ ասում են, որ այսպես, թե այնպես, այս իշխանությունները Մարտի 1-ով են եկել, այսինքն, նորից զենքով են եկել, դուք համաձայն չե՞ք՝ նա պատասխանեց, որ միանշանակ իրենց ասածների հետ համաձայն չէ:

Նրա խոսքերով՝ Վարուժան Ավետիսյանը, եթե առաքինի մարդ է, վայրկյան առաջ պետք է հասկանա, որ կնոջ հետեւը չեն թաքնվում եւ այդպես զինված ապստամբություն չեն անում:

Դիտարկմանը, որ իշխանություններն էլ մեծ մասամբ կանանց ու ծերերին բերման ենթարկեցին, կանանց հետեւը թաքնվելու տեսանկյունից՝ նա արձագանքեց, որ երբ օպերատիվ ինֆորմացիա է լինում, որ կարող է սադրանքներ լինեն, դա բերման ենթարկել չէ. «Եթե ասում է վտանգավոր է, չեն գնում, իշխանությունները ո՞նց անեն, որ մարդկանց վտանգ չլինի, երբ ահազանգ կա»:

Հարցին՝ լուրեր կան, որ Վիտալի Բալասանյանը նորից վերսկսել է բանակցությունները խմբի հետ, ճի՞շտ է, Իսագուլյանը պատասխանեց, որ Բալասանյանը միշտ էլ պատրաստ է. «Բայց պետք է հասկանալ՝ ներսում ահաբեկիչներ են, եւ իրենք չէ, որ պետք է պայմաններ թելադրեն»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԱՆի says:

    Հետաքրքիր ա, էս մարդը գոնե ինքն իր ասածներին հավատու՞մ ա

  2. Наири Урартаци says:

    Ей ты, давно мертвый, но не похороненный политикант, арена цегодня не для трупов.
    Уходи, пока жив. Армения не для разных гулянов. Амот а, амот.

Պատասխանել