Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանի հարցազրույցը News.am-ին. «Աշխարհում չի եղել դեպք, երբ զինված մարդիկ գրավեն տարածք, այնտեղ կատարվի սպանություն, դրանից հետո իշխանությունները սնունդ եւ բժշկական օգնություն ուղարկեն»

Օգոստոս 09,2016 17:12

Պարոն Բալասանյան, ինչպե՞ս որոշվեց, որ հենց Դուք պիտի ստանձնեք միջնորդի դերը իշխանությունների եւ «Սասնա ծռերի» միջեւ:

Երբ մենք լուրը ստացանք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ղարաբաղում: Մենք երեկոյան հանդիպումներ ունեցանք: Նախագահի այցի շրջանակը հետեւյալն էր՝ հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի, շարժման ակտիվիստների հետ, նախկին հրամանատարների հետ: Մեկ խնդիր կար դրված. նախագահը հարց էր բարձրացրել, թե ինչպես ենք տեսնում ղարաբաղյան հարցի լուծման ուղիները, մենք տեսակետներ էինք հայտնում: Որեւէ որոշում ընդհանրապես չի կայացվել: Հավաստիացնում եմ բոլորին, կարող եմ ասել որպես մարդ, որը ունի անցած ճանապարհ, մենք Սերժ Սարգսյանի հետ պատերազմի օրերին լուրջ պաշտոններ ենք զբաղեցրել, որեւէ խոսակցություն չի եղել տարածքների հանձնման վերաբերյալ:

Առավոտյան Սերժ Սարգսյանը պետք է մեկներ։ Երբ լուրը ստացանք, ես անձամբ Բակո Սահակյանի միջոցով տեղյակ պահեցի, որ ցանկություն ունեմ ներկայանալ Երեւան եւ «Սասնա ծռերի» հետ բանակցել: Սերժ Սարգսյանը հրաժարվեց, ասաց՝ թող, մենք լուծումը կտանք: Եվս երկու օր սպասեցի, զանգեցի անձամբ Սերժ Սարգսյանին, ասացի՝ պատրաստ եմ եւ չեմ կարող ձեռնպահ մնալ, քանի որ ինչպես Լեռնային Ղարաբաղը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը իմ հայրենիքն է, ես էլ հայ ժողովրդի մի մասնիկն եմ, իրավունք չունեմ ընդհանրապես ձեռնպահ մնալ:

Եկա, հանդիպեցի նախագահին: Ճիշտն ասած, ինձ հասած ինֆորմացիան այնքան էլ ստույգ չէր, եւ նախագահ Սարգսյանը տվեց համապատասխան ինֆորմացիան: Նախագահի հետ քննարկեցի իմ լիազորությունների շրջանակները, ճշտումներ մտցնելուց հետո հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի հետ, լսեցի Սեֆիլյանին, նրա առաջարկությունները: Կետ առ կետ կա դա գրանցված, գրավոր իմ մոտ: Ինչ վերաբերում է այն լուրերին, որ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից, հստակ ասեմ՝ այո: Ժիրայր Սեֆիլյանն ասել է՝ այս պահի դրությամբ ես հրաժարվում եմ եւ չեմ պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ կա առաջարկությունը: Առաջին կետը՝ ինձ անհապաղ ազատ արձակել եւ խափանման միջոցը փոխել: Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ եւս մի քանի հարց: Ես այնուհետ խոստացա Ժիրայր Սեֆիլյանին եւ ներկայացրեցի նախագահին: Հանրապետության նախագահն ընդունել է բոլոր առաջարկությունները, ուշադիր լսել է, որեւէ պատասխան չի տվել, ասել է՝ ես կքննարկեմ եւ պատասխան կտամ: Հանրապետության նախագահը նաեւ հետեւյալ առաջարկությունն է արել՝ եթե Ժիրայր Սեֆիլյանը այս պահի դրությամբ կարողանա հրահանգավորի, հորդորի կամ հրամայի, որ զինված խումբը զենքերը վայր դնի, ես պատրաստ եմ ընդունել Ժիրայր Սեֆիլյանին: Այնուհետեւ, ժիրայր Սեֆիլյանն իր խոստումները չի կատարել: Դրանից հետո այդպիսի խոսակցություն չի եղել, թե Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել՝ պատրաստ եմ հանդիպել, ու դրժել է իր խոստումը: Ի լուր աշխարհի եմ ասում, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել: Հանրապետության նախագահը ընդունել էր այդ կետերը եւ պատրաստ էր ցանկացած հարց քննարկել:

Հենց այդ կետերի հետ կապված էլ Ձեր հայտարարությունից հետո եւ Ենիգոմշյանը, եւ Վարուժան Ավետիսյանը հայտարարեցին, որ Դուք այլեւս բանակցող չեք: Կպարզաբանեք՝ ի՞նչ էր տեղի ունեցել, եւ ի՞նչպես եղավ, որ ավելի ուշ կրկին ստանձնեցիք միջնորդի դերը։

Նախ ասեմ, որ երկրորդ անգամ երբ հանդիպել ենք Ժիրայր Սեֆիլյանին, ներկա էին Ալեք Ենիգոմշյանը, հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչը: Ընդհանրապես նման խոսակցություն չի եղել: Ալեք Ենիգոմշյանը իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է արել: Երեւի մի պարզ պատճառով, դիվիդենտներ շահելու, որպեսզի միտինգավորների թիվը ավելանա, եւ միտինգավորները, այսպես ասած, չթողնեն դաշտը:

Ինչ վերաբերում է բանակցություններից դուրս գալուն, թող գաղտնիք չլինի, ես մեկ րոպե չեմ բացակայել: Ասեմ, թե ինչու եմ ջղայնացել այդ օրերին, երբ պայմանավորվեցինք, որ լրատվամիջոցները ներկայանային, մենք գծել էինք այն կարմիր գիծը, տեղանքն էինք որոշել, անձամբ ես էի որոշել՝ համաձայնեցնելով եւ իշխանությունների, եւ զինված խմբի տղաների հետ: Բայց խախտվեց, եւ մեր լրատվամիջոցների սխալն էլ էր: Այնուհետեւ սկսեցին այդ կրակոցները, կադրերում տեսաք՝ ինչպես էի կանչում, ընդհուպ գոռում: Տղաներին հարց տվեցի, ասացի, որ դուք խախտել եք, էլ չեմ գալու ձեզ մոտ, բանակցությունները իմ մասով կտրում եմ, այնքանով մինչեւ դուք ուժ կգտնեք, ներողություն կխնդրեք, ես կգամ բանակցությունների:

Ուզում եմ ավելին ասել, որ աշխարհում չի եղել որեւէ դեպք, երբ զինված մարդիկ գրավեն մի տարածք, առավել եւս զորամաս, այնտեղ կատարվի սպանություն, վիրավորներ ունենանք, եւ դրանից հետո երկրի իշխանությունները սնունդ եւ բժշկական օգնություն ուղարկեն: Շատ հումանիտար են վերաբերվել մեր իշխանությունները: Այնտեղ էլ մեր հայերն են, մեր ժողովուրդն են, եւ նախագահը կարողացավ սառնասրտորեն վերաբերվել, տաք որոշում չկայացրեց: Եվ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք: Ենթասպայի սպանությունը, որը սարսափելի է: Բայց փառք Աստծո, ըստ իս, մենք շատ լավ դուրս եկանք, ի շնորհիվ մեր ժողովրդի, մեր իրավապահ կառույցների, մեր նախագահի, ի շնորհիվ զինված խմբի տղաների խոհեմության: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Բոլորը պատրաստ էին, որ րոպե առաջ մենք արյունահեղությունից զերծ մնանք:

Չհաշված մի քանի հոգու: Այնպես որ ես գտնում եմ՝ մեր ժողովուրդը միշտ խոհեմ է եղել, միշտ սթափ է եղել, մենք որեւէ հարցի իրավունք չունենք զինված լուծում տանք:

«Հիմնադիր խորհրդարանի» հրապարակեց հեռախոսազրույցի ձայնագրություն՝ որպես ապացույց այն բանի, որ դուք խոստացել եք, որ զենքերը վայր դնելու դեպքում Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ։

Նորից եմ կրկնում, դա ամսի 20-ի խոսակցությունն է, իսկ այն ձայնագրությունը, որը մոնտաժված է եւ տվել են ԶԼՄ-ներին, որ հուլիսի 29-ի մասին է, իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նորիկ says:

    Աննա Իսրայելյան ջան, բա էս ո՞նց եղավ որ սա անմիջապես հրապարակվեց Ձեր կայքում։Արամ Աբրահայանն էլ կիսվեց ՖԲ-ում։Չէ՞ որ սա հայտարարություն չի, այլ news.am -ին տրված հարցազրույց ա։
    Հիշեցնեմ խոսքը ինչի մասին ա։Մեկնաբանություններում․․․․
    https://www.aravot.am/2016/07/31/722389/

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031