Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց է արդյոք Կարեն Կարապետյանը քավության նոխա՞զ է մեջտեղ բերվել, թե՞ իրոք կա ցանկություն բարեփոխումների». Վիգեն Խաչատրյան

Սեպտեմբեր 16,2016 17:08

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Կարեն Կարապետյանին` վարչապետի պաշտոնում նշանակելու ընտրությունը տեղին է համարում:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա միևնույն ժամանակ նշեց, որ միայն վարչապետով հնարավոր չէ. պետք է դատական իշխանության, ուժային կառույցների լուրջ մասնակցություն, ազատ մամուլի երաշխավորում:

Պարոն Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդպես էլ հասարակությունը պատասխան չստացավ, թե ինչու հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանը. «Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ճիշտ քայլ էր, քանի որ կա երկրում կարևոր խնդիր. այն նպատակները, որ հռչակված էին և մարտահրավերները, որոնք ծառացած են հասարակության առաջ, տարիներ շարունակ չեն լուծվում, ընդհակառակը, իրավիճակն ավելի վատթարանում է: Դրա համար դժգոհությունը համատարած է»:

Ըստ Վիգեն Խաչատրյանի` նոր վարչապետի այսպիսի ընտրությունը վկայում է այն մասին, որ քաղաքական ուժերը ռեսուրս չունեն, դրա համար ընտրվել է մի մարդ, որը ծանրաբեռնված չէ անցյալի բեռով և ազատ կարող է սկսել ինչ-որ քայլեր կազմակերպել. «Այս առումով լավ ընտրություն է տեղի ունեցել, որը հույս է ներշնչում, որ կարող են բարեփոխումներ սկսել»:

Դառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վարչապետին ներկայացնելու ելույթին` պարոն Խաչատրյանն ասաց. «Իր արտահայտությունները` բարեփոխումների մեծ ալիք, առաջնորդ, խորհրդանիշ, սա ավելի շատ նախագահի հրաժեշտի խոսքի էր նման, քան վարչապետի ներկայացման, քանի որ այդ խորհրդանիշը պետք է լինի նախագահը, ոչ թե վարչապետը: Պիտի հետևենք, թե արդյոք նա քավության նոխա՞զ է մեջտեղ բերվել, թե՞ իրոք կա ցանկություն բարեփոխումների: Եթե կա ցանկություն, ընտրությունը վատը չէ»:

suqias-avetisyan

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Հովիկ Աբրահամյանի հրաժարականը կապում է Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի ելույթի հետ. «Հասարակությունը սպասում էր այդ ելույթում տեղ գտած դրույթների կյանքի կոչելուն, ողջ հասարակությունն և քաղաքական ուժերը սպասում էին, թե երբ է դա տեղի ունենալու: Ցավոք, երկար տևեց, քանի որ մենք ունեցանք ապրիլյան պատերազմ, որը տարբեր կառույցների երևույթներ բացահայտեց: Նորից պահանջ առաջացավ հասարակության մեջ այդ փոփոխություններն ավելի արագ անել»:

Դառնալով Կարեն Կարապետյանի անձին` նշեց. «Ես 1996-ից նրա հետ համատեղ աշխատանքի եմ եղել. այն անձերից է, որն ի զորու է ոչ թե քավության նոխազ դառնալու, այլ իր վրա բեռ վերցնել և կարողանալ առավել ակտիվ տեմպերով խթան հանդիսանալ մեր տնտեսության զարգացման և հասարակության մեջ ծառացած խնդիրների լուծմանը»:

Պարոն Ավետիսյանը հեգնանքով նշեց, թե վերջին շրջանում շատերը հանդես են գալիս այնպիսի հայտարարություններով, որ կարելի է կարծել՝ նոր փրկիչներ են հայտնվել:

Դիտարկմանը` արդյոք ՀՀԿ-ի՞ց են փրկելու երկիրը, պարոն Ավետիսյանն արձագանքեց. «ՀՀԿ-ից պետք չէ փրկել երկիրը, հաջորդ տարի ապրիլին ինչքան քվե տա ժողովուրդը ՀՀԿ-ին, այդ չափով էլ ներկայացված կլինի ԱԺ-ում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ով չի ալարում խոսում է նոր վարչապետի մասին: Նա գործնական մարդ է ու նաև հայրենասեր ու քավության նոխազ դառալու իմաստ չկա: երկիրը այնպիսի վիճակում է, որ այն համընդհանուր ուժերով պետք է դարձնել մրցունակ բոլոր առումներով: Պետք է վերացնել բոլոր թերությունները, որի համար պետք է համախմբել մեր ժաղավուրդի իրոք կարող ուժերը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930