«Երբ ազատվեմ, վերադառնալու եմ Արցախ եւ շարունակեմ իմ բարի գործերը»,-այսպես է ասել ՌԴ-ում կալանավորված բարերար Լեւոն Հայրապետյանը` դստեր հետ վերջին հեռախոսազրույցում: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում 14-ամյա Զարուհի Հայրապետյանը լրագրողներին հայտնեց, որ կալանավորումից հետո դա միակ հեռախոսազրույցն է եղել, տեսակցությունն արգելված է` առանց պատճառաբանության. «Ասաց, որ չնայած ծանր հոգեվիճակին` միշտ կանգնած է Արցախի կողքին:Նա շատ ուժեղ է: Կարծում եմ` այս փորձությունը կհաղթահարի»:
Անդրադառնալով Լեւոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքին` դուստրն ասաց. «Հայրս հանցանք չի գործել: Երկու տասնամյակից ավելի` նա իր գործունեությամբ ապացուցել է, որ Հայաստանն ու Արցախը մեկ ամբողջություն են: Նա Արցախում ստեղծել է մի դրախտավայր, որից օգտվում են մեր հայրենակիցները»:
Նշենք, որ երկու ամսից ավելի` ՌԴ կազմի մեջ մտնող Մորդովիայի հանրապետության բանտ տեղափոխված Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը գնահատվում է համեմատաբար լավ, սակայն ըստ բժիշկների` եթե նա շարունակի բանտային պայմաններում պահվել, հետեւանքը գուցե անդառնալի լինի:
Ըստ Լեւոն Հայրապետյանի փաստաբանների` հույսեր կան, որ մինչեւ տարեվերջ նա ազատ կարձակվի: Փաստաբաններն ապշած են, որ հանցակազմի բացակայության պայմաններում Հայրապետյանին պահում են կալանքի տակ: Ըստ որոշ տեղեկությունների` նրանք Հայրապետյանին խոշտանգելու փաստով արդեն դիմել են ՄԻԵԴ:
Կարդացեք նաև
Մամուլի հրապարակումների համաձայն` Մորդովիայի բանտը տարբերվում է կալանավորների սպանությունների, խոշտանգումների, ինքնասպանությունների` տարեցտարի ավելացող դեպքերով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ