Վերին Լարսի անցակետում կուտակումները վաղուց արդեն սովորական երեւույթ են դարձել։ Հերթական անգամ իրավիճակը սրվել է եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով, ու դեռ հայտնի չէ, թե ինչքան կտեւի։
Այսպես է լինում ամեն տարի, երբ ձմռան ամիսներին տեղացող առատ ձյան, ինչպես նաեւ ձնաբքի պատճառով դժվարություններ եւ վտանգներ են ստեղծվում երթեւեկության համար։ Արդեն գրեթե մեկ տասնօրյակ է, ինչ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով դժվարացել է կանոնավոր երթեւեկություն ապահովելը։ Այս ընթացքում բեռնափոխադրողների համար ճանապարհը հիմնականում փակ է եղել։ Դրա հետեւանքով անցակետում կուտակվել են մեծ թվով հայաստանյան բեռներ։
Սա լուրջ հարված է տնտեսավարողների, առավել եւս արտահանողների համար, ովքեր օգտվելով նախատոնական առեւտրի ակտիվությունից՝ փորձում են հնարավորինս շատ ապրանք մատակարարել արտաքին շուկաներ։ Մատակարարումների ուշացումները մեծացնում են ճնշումը նաեւ ներքին ապրանքային շուկայում՝ հանգեցնելով գների բարձրացման։ Այս խնդրին տնտեսությունը բախվում է ամեն տարի։
Ինչպես հայտնի է, Վերին Լարսը Հայաստանը ԵԱՏՄ երկրների եւ արտաքին աշխարհի հետ կապող հաղորդակցության միակ ցամաքային ուղին է։ Թվում է, թե ժամանակի ընթացքում միջանցքի եւ անցակետի հետ կապված խնդիրներն աստիճանաբար կլուծվեն։ Սակայն առայժմ չի հաջողվում որեւէ կերպ ելք գտնել։
Կարդացեք նաև
Ավելին՝ վերջին շրջանում Լարսի միջանցքով իրականացվող երթեւեկության հետ կապված խոչընդոտները շատացել են ոչ միայն ձմռան ամիսներին։ Բեռնափոխադրողները նման իրավիճակի առջեւ կանգնեցին նաեւ ամռանը՝ հունիս¬հուլիս ամիսներին։ Հեղեղումները, քարաթափումները եւ փլուզումները բերեցին նրան, որ ճանապարհը գրեթե մեկ ամիս չգործեց։
Թե Լարսի միջանցքի փակման հետեւանքով որքան կորուստներ է կրում Հայաստանի տնտեսությունը, հաշվարկներ չեն արվում։ Սակայն որ դրանք մեծ չափերի են հասնում, անկասկած է։ Երբ ավտոճանապարհը փակվում է, բեռնափոխադրողները ստիպված են լինում բեռների մի մասը փոխադրել լաստանավով։ Մի բան, որ ծախսատար է։
Թե մինչեւ երբ կշարունակվի այս վիճակը, հայտնի չէ։ Ճանապարհային այդ միջանցքի անխափան աշխատանքի համար պահանջվում են մեծ ներդրումներ։ Անհրաժեշտ է համարվում մասնավորապես թունելային անցումների կառուցումը։ Սակայն Վրաստանը հակված չէ մտնել նման ծանրության տակ։ Մինչդեռ այլ լուծումներ կարծես չկան։
Ն. Սարգսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում