Լրահոս
Օրվա լրահոսը

Որն է մեր աշխատանքը

Փետրվար 07,2017 10:13

Գյումրիում վարչապետ-լրագրողներ հարցուպատասխանի վերաբերյալ լրագրողները շատ վիճեցին: Եթե մի կողմ թողնենք զուտ էմոցիոնալ եւ հայաստանյան լրատվական դաշտի համար ավանդական «փոխհրաձգությունները» (մենք խիզախ ենք-դուք վախկոտ եք, մենք անկախ ենք-դուք ծախված եք, մենք ժողովրդի կողմից ենք-դուք ժողովրդի դեմ եք), ապա պետք է նախ արձանագրել, որ խոսքն ամենեւին միայն Գյումրիում աշխատող լրագրողների մասին չէ, նույն խնդիրները վերաբերում են Երեւանում աշխատողներին, այդ թվում նաեւ` ինձ: (Վարչապետի արձագանքը լրագրողների հարցերին միանշանակ սխալ էր: Կուսակցության երկրորդ դեմքը, որը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին եւ հավակնում է դառնալ երկրի առաջին դեմքը, քաղաքական գործիչ է, իսկ վերջինս չի կարող «մուննաթ գալ» լրագրողների վրա՝ ինչպիսի հարցեր էլ հնչեն: Բայց դա առանձին խոսակցության թեմա է):

Եվ այսպես, առաջարկում եմ մտածել հետեւյալ թեմայով: Արդյո՞ք հարցը, որը սկսվում է «դուք չե՞ք գտնում, որ» դարձվածքից, լրագրողական հարց է: Արդյո՞ք դա ընդհանրապես հարց է, թե՞ ելույթ է, գնահատական է, հաճախ՝ կշտամբանք, որը ձեւակերպված է որպես հարց: Խելացի պաշտոնյան դրան կարող է պատասխանել՝ «այո, գտնում եմ», «ոչ, չեմ գտնում»: Ես ինքս էլ երբեմն տալիս եմ նման հարցեր, եւ դա սխալ է:

Մեկ այլ խնդիր: Եթե ես ժամանակ կամ հավես չունեմ պատրաստվելու այս կամ այն պաշտոնյայի հետ հանդիպմանը, որպեսզի հարցեր տամ հենց նրա՛ ոլորտի, այդ թվում՝ նրա՛ սխալների, նրա՛ բացթողումների մասին, ապա ես իմ «գզրոցում» ունեմ մոտավորապես հետեւյալ հարցը՝ «որքա՞ն է այս խեղճ ժողովուրդը ձեր ձեռքը տառապելու»: Այստեղ էլ կարող ենք ասել, որ դա իրականում հարց չէ՝ ռեպլիկ է, հոգոց է, բողոք է, որը, սակայն, հնչում է չափազանց «ժողովրդական»: Իհարկե, եթե պաշտոնյան քայլի փողոցով, քաղաքացիները նրան հենց այդ հարցը կտան, բայց մեզնից` լրագրողներիցս, կարելի է սպասել ավելի խորքային, ավելի «արմատական» հարցեր: Դարձյալ խոստովանեմ՝ ես էլ եմ ժամանակ առ ժամանակ պաշտոնյաներին տալիս «ժողովրդական» հարցեր, ինչի համար փողոցում հանդիպած մարդիկ ինձ ողջունում են: Բայց այդպես չի կարելի անել՝ միշտ պետք է ժամանակ գտնել ավելի լուրջ հարցեր նախապատրաստելու համար:

Հիմա՝ նախընտրական վիճակում, «խեղճ ժողովրդի», արտագաղթի, աղքատության եւ մնացածի մասին «հոգոցները» շատ արդիական են լինելու: Դա քաղաքական գործիչների աշխատանքն է, որովհետեւ նրանք, ի վերջո, պայքարում են ընտրողների ձայների համար: Բայց մեր՝ լրագրողներիս, ինչպես նաեւ փորձագետների, հետազոտողների աշխատանքն, ինձ թվում է, այլ է: Մենք, իմ կարծիքով, պետք է հանրությանը ներկայացնենք այն օրինաչափությունները, այն մեխանիզմները, որոնք հնարավոր են դարձնում այս՝ բազմիցս արձանագրված իրավիճակը: Կամ՝ թողնենք լրագրությունն ու մտնենք քաղաքականության մեջ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ի՞նչ կարող է անել Կարեն Կարապետյանը «կարմիր գիծը» հատած Հայաստանում:
    1. «Կարմիր գիծ» նկատի ունեմ այն, որ Արժույթի միջազգային հիմնադրամից «տշշել» են (հավանաբար արտաքին պահուստները=0): Իսկ Համաշխարհային բանկը, այսպես որ գնա, քացի կտա ՀՀ Կ բանկին:
    2. Ոսկու արդյունահանում կա, բայց ոսկու պահուստ չկա…
    Անշուշտ, անհրաժեշտ է Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայրապետին հրավիրել Հայաստան եւ նշանակել գլխավոր դատախազ, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը տեղափոխել Էջմիածին:

  2. gib.gibindus says:

    Երիտասարդ Հեմինգուեյը աշխատում էր “The Kansas City Star” թերթում: Անտեղ նրանց-լրագրողներին սովորեցնում էին, որ միշտ պետք է դնել և պատասխանել 7 հարցի.
    Ո՞վ,Ի՞նչը, Որտե՞ղ, Ե՞րբ, Ու՞մ հետ, Ինչու՞, Ինչպե՞ս, Ինչի՞ համար: Այն ժամանակ, երբ դրվում են այս հարցերը, կարելի է արդեն ինչ որ բանի պատասխանել: Առանց այս հարցերի
    լրագրողություն չկա:
    Սա է լրագրողի աշխատանքը և չի խանգարի բոլորից պահանջել կիրառել այս “ալգորիթմը”: Չգիտեմ, ամբողջ Հայաստանով մեկ քանի բարձրակարգ լրագրող կարող եք “հաշվել”, բայց միջին մակարդակը Ազգային ժողովից չի տարբերվում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728