Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մոտենում է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմի. Freedom House

Ապրիլ 04,2017 10:45

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ – 2017» (Nations in Transit) զեկույցը, ըստ որի Եվրասիայում անձնային ավտորիտարիզմի զարգացման միտումը վերածվել է կայուն նորմայի:

Զեկույցի հեղինակները պնդում են, որ հետազոտության մեջ ներառված 29 երկրներից 18-ում ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշների նվազում է գրանցվել: Նման մասշտաբային նվազում չէր գրանցվել 2008 թվականից ի վեր:

Զեկույցի հրապարակման պատմության ընթացքում առաջին դեպքն է, որ ավտորիտար ռեժիմները գերազանցել են ժողովրդավարական ռեժիմներին: Հետազոտության համաձայն՝ ժողովրդավարության վատթարացումը և ավտորիտարիզմի ամրապնդումը այս տարվանից ավելի վաղ է սկսվել: Սակայն այնպիսի պայմաններում, երբ Մեծ Բրիտանիան կենտրոնացած է ԵՄ-ի կազմից դուրս գալու վրա, իսկ տարածաշրջանի կառավարությունները վստահ չեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա, ժողովրդավարությունը սկսել է անսպասելիորեն փլուզվել:

Ժողովրդավարության և ռեժիմի վարկանիշի գնահատականները հիմնված են 1-7 սանդղակի վրա, որտեղ 1-ը մատնանշում է ժողովրդավարական զարգացման ամենաբարձր մակարդակը, իսկ 7-ը՝ ամենացածր:

Զեկույցում Հայաստանն ունի 5.39 միավոր: Երկիրը համեմատվում է Ղրղըզստանի հետ: Ուսումնասիրության համաձայն՝ երկու երկրներն էլ մոտենում են ամրապնդվող ավտորիտար ռեժիմների: «Հայաստանի և Ղրղըզստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալմազբեկ Աթամբաևը պնդում էին, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են խորհրդարանների ժողովրդավարական իշխանությունն ամրապնդելու համար տարածաշրջանում, որտեղ ուժեղ մարդու սինդրոմն էնդեմիկ է: Բայց բարեփոխումների իրական արդյունքը կլինի այն, որ ավելի կամպրապնդվեն նախագահների կուսակցությունները և օլիգարխիկ էլիտան»,-ասվում է զեկույցում:

Չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն էլ մոտ են կանգնած կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմին, բայց յուրաքանչյուրը պահպանում է քաղաքական պլյուրալիզմ, ինչը խոչընդոտում է մեկ մարդու կամ խմբի դոմինացմանը: Երկու երկրներում էլ նախագահների լիազորությունները մոտենում են ավարտին, և նրանք այլևս չեն կարող առաջադրվել: Ավելին, նրանք չեն կարող վստահ լինել, որ էլիտան կամ հասարակությունը չի ընդվզի, եթե նրանք ուղղակի երկարացնեն իրենց լիազորությունները՝ օրինական կամ անօրինական կերպով: Ուստի, սահմանադրական փոփոխությունները Սարգսյանի և Աթամբաևի համար դիտարկվում են որպես իշխանությունը պահելու միջոց:

«Հայաստանի դեպքում բացի այն, որ լիազորություններն անցնում են խորհրդարանին, վերանայված սահմանադրության ամենաէական դրույթը «կայուն մեծամասնության» ապահովման նոր համակարգի ապահովումն է… Արդյունքում կառավարությունում և խորհրդարանում կիշխի Հանրապետական կուսակցությունը, որը Սերժ Սարգսյանը կղեկավարի կամ պաշտոնապես, կամ կուլիսների հետևից»,-ասված է զեկույցում:

Հետազոտության համաձայն՝ Հայաստանի, ինչպես նաև Ղրղըզստանի դեպքերը, ցույց են տալիս՝ ինչպես է զարգանում ավտորիտարիզմը՝ հարմարվելով հանգամանքներին: Բախվելով բնակչության դժգոհությանը, ճնշելով քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը՝ այս երկրների իշխանությունները պետք է գտնեն իշխանությունը պահպանելու այլ միջոցներ: Նրանք կարող են փոխել հենց պետության կառուցվածքը, սակայն նպատակը կայնում է քաղաքական ստատուս-քվոյի պահպանումը՝ ասվում է զեկույցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930