Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծել սեփական սխալները

Ապրիլ 15,2017 10:19

Բազմիցս կրկնված ճշմարտություն է. եթե որեւէ անձ, որեւէ կազմակերպություն կամ որեւէ ազգ իր անհաջողությունների պատճառը փնտրում է իրենից դուրս, ապա այդ անհաջողությունները շարունակվելու են: Ես, օրինակ, ողջ կյանքի ընթացքում այդպես էլ նորմալ անգլերեն չսովորեցի: Նաեւ առավոտյան ծուլանում եմ մարզանք անել: Նաեւ երբեմն ծխում եմ: Նաեւ հաճախ առանց որեւէ անհրաժեշտության Ֆեյսբուք եմ մտնում: Ո՞ւմ մեղադրեմ դրա համար՝ համակա՞րգը, Բաղրամյան – 26՞- ը, արտաքին թշնամիների՞ն: Բայց այդ դեպքում ես ոչ մի շանս չեմ ունենա երբեւէ շտկելու այս, ինչպես նաեւ իմ բազմաթիվ այլ թերությունները, քանի որ դրա համար պետք են իմ, անձնապես իմ ամենօրյա ջանքերը: Չէ՞ որ կան բաներ, որոնք մենք կարող ենք անել կամ չանել: Ընտրությունը մերն է:

Նույնը՝ ներքին կյանքում: Իշխանությունը վերջին ընտրություններում հաղթել է ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի՝ այսպես ասած, հարյուրավոր «Սասի Արտակների» շնրհիվ՝ դա ինձ համար ակնհայտ է: Բայց այդ արձանագրումը չի տալիս հետեւյալ հարցի պատասխանը՝ իսկ ինչո՞ւ է պարտվել ընդդիմությունը: Պաշտոնական տվյալներով, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ստացել է 29 950 ձայն, իսկ ՕՐՕ-ն՝ 32 508 ձայն (հատուկ բերում են «դժգոհների» թվերը): Որքան հասկանում եմ, այս քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն պնդում, որ ստացել են ավելի շատ ձայն եւ այդ ձայները նրանցից գողացել են. նրանք ասում են, որ ՀՀԿ-ն է իրեն ինչ-որ ձեւով հարյուր հազարավոր ձայներ ավելացրել: Չեմ ուզում վիճարկել այդ պնդումը՝ չնայած, օրինակ, երբ ասվում է, թե քվեարկել են 100 հազար գոյություն չունեցող հասցեներից, ապա ցանկալի է, թերեւս, բերել դրանցից գոնե 10-ը: Բայց չխորանանք այդ խնդրի մեջ եւ ենթադրենք, որ ՀՀԿ-ի 770 441 ձայնից կես միլիոնը ինչ-որ անհայտ եղանակով կեղծվել է: Կմնա 270 441 ձայն: Դա կավելացնի՞ «Կոնգրես-ՀԺԿ»-ի եւ ՕՐՕ-ի ձայները: Իհարկե, ոչ: Հետեւաբար, իրենց ստացած ձայների մասին այդ երկու քաղաքական ուժերը պետք է խորհեն, վերլուծութուններ անեն: Այսինքն՝ մտածեն, թե ինչ պետք է անեին, բայց չարեցին: Նման վերլուծություն ակնհայտորեն չի կատարվում: Դա էլ, իր հերթին, կասկածի տակ է դնում այդ երկու քաղաքական ուժերի ապագան: Եվ, հակառակը՝ ավելի հեռանկարային է դարձնում «Ելքը», որն իր ստացած 122 065 ձայների տերն է:

Նույնն է, իհարկե, միջազգային մասշտաբով: Ոչ մի թուրք, ոչ մի ադրբեջանցի, ոչ մի ռուս կամ ամերիկացի մեզ չի ստիպում, որ մենք իրար նկատմամբ լցված լինենք խանդով կամ նախանձով, որ մեր չինովնիկները աչք ծակեն իրենց դղակներով: Կամ՝ որ մենք Դավթաշենում ծառեր կտրենք: Այստեղ նույնպես ընտրության հնարավորություն կա: Եվ թուրքերն այս հարցում կապ չունեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բրավո Արամ Աբրահամյան,
    կարճ, դիպուկ, սրտացավ ու խելացի, ավելի հաճախ ժողովրդի հետ կիսեք Ձեր մտքերը….

Պատասխանել Karine Kocharyan

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930