Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է տեղի ունենում կատարյան ճգնաժամի ետևում. Foreign Policy

Հունիս 06,2017 23:45

Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել Կատարյան ճգնաժամի վերաբերյալ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի ու Բահրեյնի աննախադեպ քայլը՝ խզել դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցնել նրա հետ տրանսպորտային հաղորդակցությունը, իրար դեմ է լարում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներին:

Երկուշաբթի ընդունված որոշումը փորձ էր մեկուսացնել Պարսից ծոցի այդ երկիրը այն բանի համար, որ իբր թե նա աջակցում է ահաբեկչությանը:

Դրանից հետո Կատարի քաղաքացիներին տրվեց 2 շաբաթ ժամանակ այդ 4 երկրների տարածքը լքելու համար, իսկ սաուդցիներին, եգիպտացիներին, ԱՄԷ-ի և Բահրեյնի բնակիչներին արգելվեց մուտք գործել այդ երկիր կամ այդ երկրի տարածքով այլ վայր մեկնել:

Կատարում ապրում է ընդամենը 2.7 մլն բնակիչ, մեծամասնությունը ներգաղթյալներ են: Գազի հսկայական պաշարների հաշվին Կատարը վերածվել է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը: Այն նաև դեպի Ասիա և Եվրոպա խտացված բնական գազի կարևորագույն մատակարարներից մեկն է: Բացի այդ, երկիրն իր Qatar Investment Authority սուվերեն ֆոնդի միջոցով լուրջ միջոցներ է ներդնում Մեծ Բրիտանիայում, ներառյալ Shard երկնաքերը և  Harrods հանրախանութը:

Ինչպե՞ս դա կանդրադառնա Կատարի վրա

Հետևանքները լուրջ կլինեն, քանի որ իր ամբողջ պարենամթերքի կեսը Կատարը ստանում է Սաուդյան Արաբիայի հետ ցամաքային ճանապարհով: Սահմանի փակումը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա նաև շինարարական ճյուղի վրա և կարող է ազդել 2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների վրա, որը նախատեսվում է անցկացնել Դոհայում:

Իրավիճակը կանդրադառնա նաև ավիացիայի վրա: Սաուդյան Արաբիայի օդային տարածքի փակումից հետո կատարյան Qatar Airways ավիաընկերությունը՝ աշխարհի ամենաարագ զարգացող ավիափոխադրողներից մեկը, կբախվի արևմտյան ուղղությամբ թռիչքների երկարությունն ավելացնելու խնդրի հետ: Դուբայում տեղակայված ԱՄԷ-ի Etihad Airways և Emirates ավիաընկերություններն արդեն հայտարարել են, որ երեքշաբթի օրվանից դադարեցնում թռիչքները Կատար:

Էռ-Ռիյադը և Աբու Դաբին նույնպես հայտարարել են, որ բարեկամ երկրներից կպահանջեն փակել օդային տարածքը Դոհա թռիչքների համար, սակայն շրջափակումը խստացնելու այլ փորձերի մասին դեռ չի հաղորդվում:

Ճգնաժամի խորացման դեպքում կարող է դադարեցվել Dolphin խողովակաշարով կատարյան բնական գազի մատակարարումը ԱՄԷ: Դա կհանգեցնի մեկ երրորդով ԱՄԷ-ի մատակարարումների կրճատմանը ամառվա շոգին, երբ էներգակիրների պահանջարկը կտրուկ աճում է:

Ինչու՞մ են մեղադրում Կատարին

Այն, որ Կատարն աջակցում է իսլամիստական շարժումներին, արդեն վաղուց քննադատության է ենթարկվում նրա տարածաշրջանային հարևանների, հատկապես ԱՄԷ-ի կողմից:

Աբու Դաբին կարծում է, որ Կատարի աջակցությունը քաղաքական իսլամին, այդ թվում «Մուսուլման եղբայրներին» և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը մահացու հարված է Պարսից ծոցի պետությունների համար: Այդ երկու կազմակերպությունները երկար տարիներ գնալով ավելի թշնամական քարոզչական պատերազմ են վարում՝ պետական ԶԼՄ-ների միջոցով մեղադրանքներ հնչեցնելով միմյանց դեմ:

Դոհան, որը երկար ժամանակ տանիք է ապահովում «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդ Շեյխ Յուսուֆ ալ-Կարդաուիի համար, ապաստան է տալիս նաև իսլամական ակտիվիստներին, այդ թվում Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի քաղաքացիների:

Կատարը նաև աջակցել և աջակցում է իսլամական կուսակցություններին և ապստամբական խմբավորումներին տարբեր հակամարտություններում, այդ թվում Լիբիայում և Սիրիայում:

Կատարը, հատկապես աջակցում է Սիրիայի իսլամական խմբավորումներին, որոնք փորձում են տապալել նախագահ Բաշար Ասադի վարչակարգը: Քննադատները նշում են, որ խոսքը «ալ-Կաիդայի» հետ կապված խմբավորումներին, օրինակ «Թահրիր ալ-Շամին» հատկացվող կողմնակի օգնության մասին է: Օգնությունն իրականացվում է պատանդներին ազատելու փրկագին վճարելու ձևով:

Սաուդյան Արաբիան նույնպես աջակցում է իսլամական խմբավորումներին, սակայն ըստ հետազոտողների, իր անմիջական օգնությունը նա վերջին տարիներին կրճատել է: Արևմտյան քննադատները Դոհային մեղադրում են այն բանում, որ նա ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին մասնակցելու մեծ ցանկություն նա չի ցուցաբերում:

Եգիպտոսը և ԱՄԷ-ն նաև Կատարին և Թուրքիային մեղադրում էին Լիբիայում իսլամիստ ապստամբներին աջակցելու մեջ: Կահիրեն և Աբու Դաբին պաշտպանում են ավտորիտար ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարին, որը վերահսկում է արևելյան Լիբիայի մեծ մասը:

Տարածաշրջանում Դոհան առավել սերտ կապեր ունի Անկարայի հետ, որը առաջնորդվում է նույն սկզբունքներով Սիրիայում իսլամիստական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու հարցում: Թուրքիան ռազմաբազա է բացել Կատարում, որը տարիներ շարունակ իր «ալ-Ուդեյդ» ավիաբազան տրամադրում էր ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական տարածաշրջանային հրամանատարությանը:

Կատարը խոստովանում է, որ իր դիրքորոշումը քաղաքական իսլամի և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության նկատմամբ տարբերվում է իր որոշ հարևանների դիրքորոշումից, բայց պնդում է, որ ոչ մի վատ բան չկա աջակցելու այնպիսի կազմակերպությունների, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում: Իր աջակցությունը զինված ահաբեկչական խմբավորումներին Կատարը հերքում է:

Ի՞նչ կապ կա Կատարի ու Իրանի միջև

Էռ-Ռիյադի և Աբու Դաբիի կոալիցիան գնալով ավելի շատ է մտահոգվում իրենց կարծիքով Դոհայի և շիական Իրանի մերձեցմամբ: Վերջին ամիսներին Դոհան դարձել է Սաուդյան Արաբիայի գլխավոր մրցակիցը:

Կատարը, ինքնիշխան պետություն, որը իր հյուսիսում Իրանի հետ իրացնում է իր հսկայական հանքահորերը, ավանդաբար առավել քիչ թշնամական վերաբերմունք ունի Թեհրանի նկատմամբ:

Դոհան հպարտանում է, որ չեզոք դերակատար է, որն ի վիճակի է հանդես գալ որպես միջնորդ տարածաշրջանային հակամարտություններում՝ սկսած Լիբանանից մինչև Սուդան: Կատարի մայրաքաղաքում ընդունում են այնպիսի կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչների, որոնք այլ պետություններում համարվում են ահաբեկչական: Դրանց թվում են ՀԱՄԱՍ-ը և «Թալիբանը»:

Ըստ Կատարի քննադատների՝ չեզոք միջնորդությունն աստիճանաբար վերածվել է աջակցության այնպիսի խմբավորումներին, որոնք ակտիվորեն գործում են Պարսից ծոցի սուննիական պետությունների շահերին հակառակ:

Կատարը, ինչպես և ենթադրվում էր, միլիոնավոր դոլարներ է վճարել այնպիսի խմբավորումների, որոնք վայելում են Իրանի աջակցությունը, այդ թվում «Հըզբոլլահին»: Փոխարենը կարողացել է պատանդությունից ազատ արձակել Իրաքի հարավում անցյալ տարի գերեվարված իր քաղաքացիներին:

Էռ-Ռիյադը Թեհրանին մեղադրում է Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Եմենի և Բահրեյնի գործերին միջամտելու մեջ: Իրանի նկատմամբ Ծոցի սուննիական երկրների դիրքորոշումը չպաշտպանելու բացահայտ դժկամությունը գնահատվում է որպես դավաճանություն՝ իր ամենածայրահեղ դրսևորմամբ:

Ինչու՞ հենց հիմա

Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի պետական ԶԼՄ-ների քարոզչական պատերազմը Կատարի դեմ շարունակվում է արդեն մի քանի շաբաթ:

Անցյալ ամիս կատարյան պետական լրատվական գործակալությունը հրապարակեց հայտարարություն, որն իբր արվել էր Կատարի շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանիի կողմից, որով վերջինս աջակցություն էր հայտնում «Մուսուլման եղբայրներին» և խաղաղություն առաջարկում Իրանին: Դոհայում հայտարարում են, որ այդ ժամանակ կայքի վրա հաքերային հարձակում է եղել: Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ԶԼՄ-ները, սակայն, արհամարհում են հաքերային հարձակման մասին այդ հայտարարությունը և շարունակում են հեռարձակել շեյխին վերագրվող այդ խոսքերը:

Կատարի պետական արբանյակային հեռուստաալիքը՝ «ալ-Ջազիրան», հատուկ ուշադրություն է դարձրել այս շաբաթ տարածված այն հայտարարության վրա, որ իբր կոտրել են ԱՄՆ-ում ԱՄԷ-ի ազդեցիկ դեսպան Յուսեֆ ալ-Օթայբայի էլեկտրոնային փոստը, որտեղ խոսք էր գնում Դոհայի և ահաբեկիչների միջև ենթադրյալ կապի դեմ արշավի մասին:

ԱՄՆ դաշնակիցների միջև դեռ 2014թ-ից սկսված կոնֆլիկտը սրացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա այցելությունից անմիջապես հետո: Այդ այցի ընթացքում նա հաստատել էր Էռ-Ռիյադի առաջնորդող դերակատարությունը Իրանի դեմ պայքարում:

Դոնալդ Թրամփը հույս ուներ միավորել Վաշինգտոնի մերձավորարևելյան դաշնակիցներին Թեհրանի դեմ և ծայրահեղական սուննիական խմբավորումների, ինչպիսին է «Իսլամական պետությունը» դեմ պայքարում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930