«Ես կանխատեսում եմ, որ մոտակա ժամանակներս Ղարաբաղի հարցի լուծում չի լինելու»,- Ստեփանակերտում հունիսի 16-18-ն ընթացած Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը հանդես էր գալիս «Հայկական պետությունների անվտանգության հիմնահարցերը» զեկուցմամբ: Վստահություն հայտնելով, որ մոտակա ժամանակներս փոփոխություն չի լինելու՝ պրն Հարությունյանը հավելեց. «Միակ հարցը, որ պետք է լուծենք՝ արտագաղթի խնդիրն է, այն լուրջ ազդեցություն է ունենում մեր մարտունակության վրա»:
Մեկ այլ բանախոս՝ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, որը հանդես եկավ «Մեր անվտանգությունը եւ համաշխարհային անվտանգային սպառնալիքները» զեկույցով՝ հայտարարեց. «Մեծագույն մարտահրավեր, սպառնալիք համարում եմ Հայաստանի տնտեսության վիճակը»: Ու դիմելով իշխող մեծամասնությանը՝ Դավիթ Շահնազարյանը պնդեց, թե տնտեսական աճը 7-8 տոկոսից պակաս չպետք է լինի»:
Անդրադառնալով ռազմական անվտանգությանը՝ Դավիթ Շահնազարյանը նշեց, թե վերջին մեկ տարում ինչ որ արվել է առաջնագծում՝ շատ վաղուց պետք է արվեր. «Ամեն անգամ, որ տեսնում ես այդ փոփոխությունները ՝ ուղղակի ուրախանում ես: Բայց որ օրը կհամարեն, թե արված փոփոխությունները բավարար են՝ այդ մարդը պետք է հրաժարական տա»: Վերջին պնդումը հատկապես դուր եկավ համաժողովի մասնակից Շուշան Պետրոսյանին:

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականության առնչությամբ համաժողովի մասնակիցների մոտեցումները տարբերվող էին: Ասենք՝ Դավիթ Շահնազարյանը համարում էր. «Նոր լայնածավալ պատերազմի հավանականությունը վերջին ամիսներին մի փոքր նվազել է», եւ այս համատեքստում խոսեց Ռուսաստան –Ադրբեջան հարաբերություններում ստեղծված որոշակի բարդությունների մասին՝ ՌԴ-ն ուզում է ստորագրել գազի արտահանման համաձայնեցված քաղաքականության փաստաթուղթ, ինչին Ադրբեջանը չի կարող գնալ:
Մինչդեռ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթում հայտարարեց. «Լայնածավալ պատերազմն անխուսափելի է: Մենք զբաղված ենք զոհերի մասին հերթական լուրի սպասելով»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե Հայաստանն այս իրավիճակին համարժեք արձագանքելու ծրագիր չունի՝ «Պետք է մտածենք կանխարգելիչ գործողությունների անցնելու մարտավարության մասին»: Նաեւ նշեց. «Այն, ինչ տեղի է ունենում այսօր՝ արդեն իսկ լայնածավալ պատերազմ է: Եթե հնարավորինս արագ չենք կարողանում անցնել կանխարգելիչ գործողությունների, ամեն տեխնիկայի շարժին չունենք պատասխան՝ ուրեմն, գնում ենք շատ վատ ճանապարհով»:





















































