Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի եւ «Հոգու պարտք» ՀԿ նախաձեռնությամբ լույս է տեսել «Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը», որն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ներկայացվեց լրագրողներին: Սյունիքի մշակութային հարստությունների եւ տուրիստական կենտրոնների մասին ուղեցույցն օգտակար կլինի հատկապես տեղացի եւ օտարերկրացի զբոսաշրջիկներին, ուսանողներին, տուր-օպերատորներին:
«Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանի խոսքով՝ այն միտված է Սյունիքում զբոսաշրջությունը զարգացնելուն. «Սյունիքի գլխավոր զբոսաշրջային կենտրոններն են Տաթեւի վանքը եւ ճոպանուղին, սակայն ուղեցույցն իրազեկում է նաեւ այլ հուշարձանների մասին: Այն անվճար տրամադրել ենք մարզպետարանին եւ 42 տուրիստական գործակալությունների»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրատարակվել են Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու եւ Տավուշի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































