Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկայի» ծիրանի պատմությունը ցույց է տալիս, որ արտահանման այդ ուղղությունն էլ կմենաշնորհեն» (Տեսանյութ)

Հուլիս 03,2017 15:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում կառավարության նոր՝ 2017-2022 թվականների ծրագրի վերաբերյալ բանավիճում են «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը:

Նելլի Բաբայան.- Պարոն Տարասյան, կառավարության ընդդիմախոսները պնդում են, որ ձեր գերատեսչությունն ու մյուսներն անգամ չաշխատելու դեպքում կառավարության նախանշած 5% տնտեսական աճը կլինի, մինչդեռ նախորդ տարի մենք ականատես եղանք, որ կառավարության աշխատելու դեպքում էլ 0.2% աճ եղավ:

Էմիլ Տարասյան.– Այո, մեր կառավարությունը նախանշել է ՀՆԱ-ի միջինը 5% աճ, դրա նախադրյալները մենք նախորդ տարիներին ունեցել ենք: Եթե համաշխարհային միտումներով մենք նայենք, ընդհանուր համաշխարհային տնտեսական աճը, եթե 2008 թվականից սկսենք, 5%-ից նվազել է 2-2,5%: Այո, մենք ունեցանք 0.2% տնտեսական աճ՝ ի հաշիվ արտահանման ծավալների: Մենք բավականին դրական միտումներ ունեինք որոշակի առումով եւ արտահանման ծավալների 20% աճ ունեցանք, արդյունաբերական ապրանքների արտահանումը կազմեց 40% եւ ավելի, բայց ՀՆԱ-ի մեջ դրական պահեց, եւ բացասական միտում չունեցանք հենց արտահանման հաշվին: Շինարարականը՝ 10.8%, եւ գյուղատնտեսական ոլորտը 6% անկում ունեցան:

Ն. Բ.– Ինչի՞ հաշվին էր արտահանումը՝ հանքարդյունաբերությա՞ն:

Է. Տ.– Հիմնականում հանքարդյունաբերությունն էր, մշակող արդյունաբերությունն էլ ավելի մեծ աճ ունեցավ նախորդ տարիների համեմատ, թեթեւ արդյունաբերությունը սկսեց արտահանել: Այստեղ սկսվեցին լայնամասշտաբ ծրագրեր իրականացվել, սուբսիդավորումներ, նոր գործարաններ բացվեցին: Նաեւ ակտիվացավ թեթեւ արդյունաբերությունը, որը, ի դեպ, կառավարության այս ծրագրի ներքո նշված է՝ մինչեւ տարեվերջ մենք պետք է թիրախավորենք արդյունաբերության ոլորտի հենց այդ արտահանման պոտենցիալ ունեցող ճյուղերը: Մեր ծրագրերով միայն թեթեւ արդյունաբերության ոլորտը, չհաշված ներդրումային ծրագրերով առաջացող աշխատատեղերը կապահովի, եթե բանակցություններն ընթանան միջազգային առեւտրի ցանցերի հետ, եթե պայմանագիրը կնքվի, 7000-ից ավելի աշխատատեղ: Արտահանման 20% աճի եւ ոլորտների զարգացումը մեզ տալիս է վստահեցում, որ կհասնենք այդ տոկոսին:

Հայկ Գեւորգյան.- 5% տնտեսական աճը եւ ընդհանրապես՝ Հայաստանում տնտեսական աճը կամ անկումը կախված չեն կառավարության գործունեությունից ընդհանուր առմամբ: Եթե աշխարհում նավթի գները նվազում են, Ռուսաստանում փողը պակասում է, ու տրանսֆերտները դրա արդյունքում պակասում են, ապա ունենում ենք անկում: Այս երեւույթը մենք ունցել ենք 2008-2009 ճգնաժամի տարիներին, ունեինք նաեւ 2015-2016 թվականներին, երբ աճի տեմպը նվազեց: Նույնը պղնձի համաշխարհային գների հետ է կապված՝ եթե աշխարհում պղինձը թանկանում է, մենք գրանցում ենք լավ ցուցանիշներ: Այս երեւույթը մենք ունեցել ենք 2012-2013 թվականներին, երբ Համախառն ներքին արդյունքը հասավ 11.3 միլիարդ դոլարի: Բայց այդ տարիներին պղնձի գներն էին բարձրացել, եւ Հայաստան եկող տրանսֆերտներն էին ավելացել: Եթե այս տարի պղնձի գինը բարձրանա, մենք այս տարի կունենանք ոչ թե 5, այլ 5, 6, 7% աճ:

Արտահանման աճի մասին. օրինակ՝ գյուղատնտեսական արտադրանքը՝ լոլիկի արտահանումը: Ես կարող եմ ապացուցել, որ Հայաստանը չէր կարող արտահանել 36 հազար տոննա լոլիկ: 2-րդը՝ եթե մենք նույնիսկ արտադրեինք այդքան լոլիկ, ապա Ռուսաստան արտահանելու խնդիրն այն է, որ Ռուսաստանը փակել էր թուրքական լոլիկի շուկան: Հայաստանից արտահանած այդ լոլիկը թուրքական լոլիկի վերարտահանումն է, վատ բան չկա սրանում: Ուղղակի մեր տնտեսությունն այդ լոլիկը չի արտադրել: Թեթեւ արդյունաբերության ոլորտում նույնպես կան շուկաներ, որոնց թուրքական արտադրանքի մուտքը Ռուսաստանը փակել էր: Հիմա այդ շուկաները բացվում են, կարծում եմ՝ լոլիկի արտահանման դեպքում դեռ լավ ցուցանիշներ կունենանք, որովհետեւ արգելքը լրիվ չի հանվել: Թեթեւ արդյունաբերության ոլորտում արգելքները լրիվ հանվել են, այստեղ խնդիրներ կլինեն: Բայց այստեղ պետք է նայել թեթեւ արդյունաբերության ներքին արտադրողների կենտրոնացումը՝ 1-2 գործարարի ձեռքում են՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլը»: Այս խնդիր կա հարկերի վճարման: Եթե այդպիսի արտոնություններ պետք է տրվեն բոլորին, ապա Հայաստանում տնտեսությունը կարող է աճել, բայց հարկ չհավաքվի: Այսինքն՝ մի քանիսին արտոնություն կտան, բայց նրանք կշարունակեն հարկերը թաքցնել: Ինձ շատ է դուր գալիս կառավարության ծրագիրը, բայց վստահ եմ, որ դա չի կատարվելու, որովհետեւ դրա կատարման բանալին տնտեսության դաշտում չէ, այլ քաղաքականության: Քաղաքական վերնախավի ձեռքում է, ինչ-որ բան ինձ հուշում է, որ երբեք չեն բացի, որովհետեւ դա սպառնում է իրենց շահերին:

Ն. Բ.– Պարոն Տարասյան, Դուք կարծում եք՝ Հայաստանում մրցակցային դաշտն այնպիսին է, որ ցանկացած ոք ցանկացած ոլորտում կարո՞ղ է ներդրում կատարել:

Է. Տ.– Ցանկացած ոլորտում՝ ոչ: Բայց ունենք լուրջ պոտենցիալ տեխնոլոգիական ոլորտում, թեթեւ արդյունաբերությունում, եւ այդ ոլորտները ունեն արտահանման ներուժ, որոնց համար մենք ունենք գրավիչ գործիքներ:

Հ. Գ.– Պարոն Տարասյանը շատ ճիշտ ասաց՝ ոչ բոլոր ոլորտներում ցանկացած ոք կարող է ներդրում կատարել: Պարոն Տարասյանի ասածները հետագայի հետ կապված են, բայց մենք ունենք «Քարֆուր» սուպերմարկետի օրինակը, եկավ ու սնանկանում է, որովհետեւ մրցակցությունից դուրս է վատ իմաստով: Եթե «Քարֆուրը» գար այն ծրագրով, որը նախատեսել էր, կունենար հաջողություններ, բայց իր հիմնական մրցակիցը, որը աշխատում է շատ կասկածելի հարկային դաշտում, նրա հետ ոչ ոք չի կարող մրցել՝ առանց իր հետ համաձայնության՝ շուկայում քվոտավորման: Եթե ներքին սպառման շուկան օլիգոպոլացնում են ու ասում են՝ չէ, գիտեք ինչ, այստեղ արտադրանք դրեք, արտահանումը չի կարող մոնոպոլիզացվել, չի օլիգոպոլացվի: Բայց «Սպայկայի» վերջին պատմությունը՝ ծիրանի հետ կապված, ցույց է տալիս, որ հնարավոր է, որ արտահանման էդ ուղղությունն էլ օլիգոպոլացնեն:

Է. Տ.– Մոնոպոլիա, գերիշխող դիրք՝ սրանք տնտեսագիտորեն ընդունված կատեգորիաներ են: Քանի որ մեր տնտեսությունը փոքր է, այո, իրականում այդ դիզբալանսը որոշակի ոլորտների, որտեղ կա խոշորացում, որտեղ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը դառնում է ոչ էֆեկտիվ, այստեղ է պետության դերը: Այսինքն՝ իրականում մոնոպոլիաների դեմ չենք պայքարում, մենք իրավական առումով այսօր ունենք գերիշխող դիրք զբաղեցնող: Եվ կառավարության ծրագրով հստակ կետ է սահմանած, թե որն է համարվում գերիշխող դիրքի չարաշահման դեպք, օրենսդրական նախաձեռնությամբ պետք է դեպքերը հստակ գրվեն: Որովհետեւ այսօր եթե մենք ասում ենք՝ դեմպինգ, սրա ախտորոշելը շատ դժվար է լինում, եթե մենք ասում ենք՝ գերիշխող դիրքի չարաշահում՝ ո՞րն է դա, հստակությունը չունենք, եւ փորձը ցույց է տալիս, որ այդ մասով օրենսդրական փոփոխությունները եւ իրավակարգավորման մասը ապահովելով՝ բավականին դրական տեղաշարժ կլինի:

Հ. Գ.- Ես հենց հիմա չարաշահման օրինակ բերեմ՝ շաքարավազն այս պահին արժե 405-410 դրամ, Գերմանիայում արժե 350 դրամ, Վրաստանում՝ 310 դրամ: Չի կարող նման բան լինել, եթե կա մրցակցություն:

Զրույցն ամբողջությամբ

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31