Հուլիսի 14-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների, Սփյուռքահայ լրագրողների և Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների փակման արարողությունը, որին մասնակցեցին 90 սփյուռքահայեր աշխարհի 17 երկրներից:


Այնուհետև ելույթ ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի պատասխանատու, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սփյուռքահայ մասնակիցներին իրենց ներկայության համար: Ձեզ մի խնդրանք ունեմ՝ երբեք չմոռանաք Հայաստանը, Սփյուռքի նախարարությանն ու Երևանի պետական համալսարանին: Միշտ հիշեք, որ Հայրենիքում կան այնպիսի կառույցներ, որոնք պատրաստ են ցանկացած պահին լինել ձեր կողքին: Ձեր բնակության վայրերում բարձր պահեք այն դրոշը, որն այսօր կփոխանցենք ձեզ»,- ասաց Մհեր Հովհաննիսյանը:
Այնուհետև ելույթ ունեցան «Սփյուռք» ամառային դպրոցի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների, Սփյուռքահայ լրագրողների և Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների ղեկավարները: Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթացի ղեկավար Եկատերինա Ալթունյանը նշեց, որ դասընթացի ձեռքբերումներից մեկը կարելի է համարել ընդհանուր հարթակի ստեղծումը, որը հետագայում կդառնա նոր ծրագրերի և նախաձեռնությունների հիմք: Դիմելով ամառային դպրոցի մասնակիցներին՝ Սփյուռքահայ լրագրողների դասընթացի ղեկավար, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը մասնավորապես ասաց. «Հայրենիքը ձեզանից յուրաքանչյուրի սրտի ու հոգու մեջ է, այդ Հայրենիքի կորուստը հավասարազոր է սեփական եսի կորստին: Ուստի խնդրում եմ միշտ Հայրենիքի հետ լինել, Հայրենքով ու Հայրենիքում ապրել »:
Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների ղեկավար, ԵՊՀ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը իր երախտագիտության խոսքը հայտնեց հատկապես այն դասախոսներին և ուսուցիչներին, ովքեր դասավանդել են «Սփյուռք» ամառային դպրոցի այս երեք դասընթացների ընթացքում: «Հատկանշական է նաև այն, որ ամառային դպրոցի մասնակիցներից շատերը Հայրենիքում բացահայտում են նաև իրենց արմատները, վերագտնում են իրենց ինքնությունը: Վառ օրինակ է Բուլղարիայից ժամանած և Ազգային երգ ու պարի վարպետության դասընթացին մասնակցող Գրոնիկա Գաֆաֆյանը, ով պարուսույց Գագիկ Գինոսյանի շնորհիվ պարզել է, որ ինքը հայ ֆիդայական պայքարի մեծանուն ներկայացուցիչ Արշակ Գաֆաֆյանի՝ Քեռիի ժառանգներից է: Սա մեզ համար իրոք նշանակալի իրադարձություն էր»,-նշեց Կարինե Դավթյանը:
Այնուհետև Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և «Սփյուռք» ամառային դպրոցի պատասխանատու Մհեր Հովհաննիսյանը մասնակիցներին հանձնեցին ամառային դպրոցին մասնակցությունը վկայող հավաստագրեր:
Միջոցառման ընթացքում իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև ամառային դպրոցի սաները:
Համերգային համարներով հանդես եկան Ազգային երգ ու պարի վարպետության դասընթացի մասնակիցները: Միջոցառման ավարտին ցուցադրվեց դասընթացների և մասնակիցների մասին պատմող փոքրիկ ֆիլմ:
ՀՀ սփյուռքի նախարարություն


















































