Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնականաբար, զենք ու զրահ չկա պայուսակումս». «Սեֆիլյանի գործով» պաշտպանը հեռացավ նիստերի դահլիճից (Տեսանյութ)

Օգոստոս 04,2017 12:35 Share

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստը վերսկսվելուն պես դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն արձանագրեց, որ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը գտնվում է ապակե պատնեշից այս կողմ՝ քաղաքացիների համար նախատեսված սրահում:

Կարապետյանցը հայտարարեց, որ իրեն կարգադրիչները փորձել են խուզարկել, այդ պատճառով աշխատանքային գործիքներն ու փաստաթղթերը թողել է մեքենայում ու մուտք գործել անձնագրով՝ փաստաբանի վկայականի փոխարեն: Դատավորը նրան խնդրեց անցնել ապակե պատնեշից այս կողմ՝ հարցը պարզաբանելու:

-Դրանք իմ աշխատանքային պարագաներն են, բնականաբար, պայուսակում զենք ու զրահ չկա, արգելված իրար չկան: Առավել եւս, որ արգելված իրերի ցանկ էլ չկա, իսկ կարգադրիչն ասում է՝ «բացեք տեսնեմ»…Չի կարելի փաստաբանին նման պահանջ ներկայացնել, նրան խուզարկել չի կարելի,- ասաց պաշտպանը:

-Դուք կատարում եք գործողություններ, որոնք խափանում են դատական նիստը: Հետաձգում ենք, հանրային պաշտպանի հրավիրում,-չհամաձայնեց դատավորը:

-Մեղքը փաստաբանի վրա եք ուզում բարդել, մինչդեռ պետք է միջոցներ ձեռնարկեք, որպեսզի մեզ չխուզարկեն:

-Հիմա դատարանում չորս այլ պաշտպաններ են նստած, որոնք առանց խնդրի զննություն են անցել ու ներկայացել: Դուք տարբերակված մոտեցո՞ւմ եք ցուցաբերում:

-Դա կարգադրիչներին հարցրեք:

-Բողոքարկեք նրանց գործողությունները, բայց որպես պաշտպան պարտավոր եք ներկա լինել:

-Դուք պատկերացնո՞ւմ եք՝ քանի տարի կտեւի բողոքարկման գործընթացը եւ ինչ քաշքշուկ կլինի…

Ի վերջո, Նինա Կարապետյանցը հեռացավ նիստերի դահլիճից: Նիստն ընդմիջվեց, որպեսզի դատավորը նրա հանդեպ սանկցիա կիրառելու հարցը քննարկի: Նշենք, որ նույն խնդրով դատարան չէր մտել նաեւ ամբաստանյալների պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:

Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու փորձի մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031