Այսօր Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով դատական նիստին հարցաքննված երկու վկաները ուշագրավ հայտարարություն արեցին:
Նրանք երկուսն էլ վստահեցրին, որ սպանության օրը ոստիկաններն իրենց կանչել են՝ որպես ընթերակա ու ստորագրել են տվել մի թղթի տակ, որն իրենք չեն կարդացել:

Ինչպես տեղեկացրել ենք, վկաներից մեկը՝ Վոլոդյա Խաչատրյանը դատարանում ցուցմունք տալիս ասել էր, որ ոստիկաններին պարզ ասել է, որ չի տեսնում, չի կարող կարդալ. «Ասի՝ աչկիներս չկան, լավ չեմ տեսնում, չեմ կարող կարդալ, մատը դրեց, ասեց՝ ստեղ ստորագրի, ես էլ ստորագրել եմ»:

Թե ինչպես է դեպքը եղել, ինչ է տեսել, նա այսպես նկարագրեց. «Ես գործից տուն էի գալիս՝ պերերիվի, եկել էի տուն, որ հաց ուտեի, նորից գնայի գործից: Տենամ մեր շենքի կողքը ոստիկանները հավաքված են: Ինձ կանչին՝ բա հոպար, մի րոպե արի, ասի՝ ի՞նչ ա եղել, ասին՝ բա, տենո՞ւմ ես էս զենքը, ասի՝ հա, հետո՞ ինչ, բա ասեց՝ ստեղ մի հատ ստորագրի: Ասի՝ ինչի՞ համար ստորագրեմ, ասեց՝ ստորագրի, որ էս զենքերը հավաքում ենք, տանենք ու վեկալավ ավտոմատները, համարակալած էր, ինչ էր, գրում էին, ինձ տվին, ասին՝ ստորագրի, ստորագրեցի ու գնացի տուն, էլ բան չեմ տեսել»:
Նա պատմեց, որ թերթի մեջ փաթաթել են ավտոմատները, տարել են: Հարցին՝ ի՞նչ թերթ էր, կնքե՞լ են, փաթեթավորե՞լ են, ասաց՝ չեն կնքել, սովորական թերթ էր, դրին մեջը տարան: Վկան փաստեց, որ ոչինչ չի կարդացել, միայն ստորագրել է. «Ինքը գրել էր, ասեց՝ ստորագրի: Ես ոչ մի բան չտեսա, ես զիբիլ կրող մարդ եմ, գնացել եմ իմ գործին»:
Դատարանում գործի նյութերում ցույց տվեցին այն փաստաթղթերը, որի տակ կար Մայիս Բեգոյանի ստորագրությունը եւ խնդրեցին հաստատել՝ ի՞ր ստորագրությունն է: Վկան պնդեց, որ թղթերի տակի ստորագրությունների մի մասն իրենը չի, ավելին՝ մանրամասն նկարագրեց, թե ինչպես է ինքը ստորագրում՝ «Մ եմ գրում, ա, յ, հետո գիծ եմ քաշում, «ս» եմ գրում: Այ էդ ա իմ ստորագրությունը՝ Մայիս»:
Վկաներից երկուսը չէին եկել, դատարանում հայտարարվեց, որ վկաներից մեկը դատապարտվել է:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 5-ին, ժամը 12.30:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































