Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզո՞ւմ եք էսօրվա պլանս տվեք՝ մնամ». Երրորդմասցի Լյովիկի գործով վկան՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին (Տեսանյութ)

Օգոստոս 29,2017 17:42

Այսօր Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով դատական նիստին հարցաքննվեցին երկու վկաներ:

Հիշեցնենք, որ Վահան Հակոբյանը (հայտնի որպես «Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը(«Ծըգլ») մեղադրվում են 2015թ. մարտի 4-ին քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանին՝ «Երրորդմասցի Լյովիկին», եւ նրա երկու ընկերներին սպանելու մեջ:

Ոստիկանները դեպքի վայրի զննության ժամանակ որպես ընթերակա ներգրավել են Նուբարաշենում բնակվող մի քանի մարդկանց: Նրանցից մեկը՝ Վոլոդյա Խաչատրյանն այսօր, որպես վկա, դատարանում ուշագրավ ցուցմունք տվեց: Ըստ նրա ցուցմունքի, երեւում էր, թե ինչպես են ոստիկաններն աշխատել սպանության վայրում, վկաներին ստորագրել տվել մի բան, որը նրանք չեն կարդացել, տեղյակ չեն, չեն էլ բացատրել:

Պաշտպանական կողմը նրան հարցրեց՝ դեպքի վայրի զննությանը ամսի 4-ին մասնակցե՞լ եք, նա պատասխանեց, որ եղել է դեպքից հետո. «Եղել եմ ՏԷՑ-ի կրուգ, մեքենաների ավտոպահեստամասերի խանութում: Զանգել եմ կնոջս, հարցրել եմ՝ ինչ ա եղել, ասել են՝ սենց բան: Եկել եմ մի ժամ հետո: Մեքենան փչացել էր: Մեքենայի տակը գործ եմ անում, ժողովուրդն էլ էնտեղ հավաքված էր: Սերժանտն եկավ, բա՝ հոպար ջան, բարի լույս, բա՝ մի րոպեով արի, մի հատ բան կա, նայի, հետ դարձի քո գործին: Ես էլ հելա գնացի: Բա՝ հոպար ջան, տեսնո՞ւմ ես էս զենքը, ստեղից եմ վերցնում, ստեղ մի հատ ստորագրի: Ասի՝ աչկիներս չկան, լավ չեմ տեսնում, չեմ կարող կարդալ, մատը դրեց, ասեց՝ ստեղ ստորագրի, ես էլ ստորագրել եմ»:

Վոլոդյա Խաչատրյանը նաեւ նշեց, որ դեպքի օրը՝ «Գնացել եմ էն մոմենտին, որ ավտոմատի համարն էին գրում: Ես ոչ մի գործողության չեմ մասնակցել, մենակ ստորագրել եմ, իրանք ասել են՝ կարաս գնաս քո աշխատանքին: Էդ օրը ես 11 հազար իմ գրպանից կորցրեցի, պլանս չկարողացա տալ, չէին թողնում աշխատել»: Հարցին՝ զենքերը տեսե՞լ եք՝ նա պատասխանեց. «մի ավտոմատը ընկած էր մեր շենքի մոտ՝ խաղադաշտի մոտ, մյուս երկուսը՝ բերդի կողմերը: Ես չեմ էլ նայել, ինձ հետաքրքիր չէր, չեմ կարող նկարագրել»:

Մեղադրող դատախազը հարցրեց՝ «հակասական ցուցմունք եք տալիս, մեկ ասում եք պլանս չեմ կարողացել տալ, մեկ ասում եք՝ մեկ անգամ ստորագրել եմ, գնացել եմ: Եթե երկու ժամ կտրվել եք ձեր աշխատանքից՝ որտե՞ղ եք եղել»: Նա էլ պատասխանեց, որ իրեն երկու անգամ են կանչել, երկու անգամ գործից կտրել են ու տարել, ստորագրել են տվել, ընդ որում, պարզ հայտարարեց. «Ես չեմ էլ կարդացել, թե ինչի տակ եմ ստորագրում: 3 տեղ ստորագրել եմ: Չէի տեսնում, մատը դրեց՝ ստորագրեցի: Ինչքան տվել են, ասել են՝ ստորագրի, ստորագրել եմ, ասում էին՝ գնալու ես քո գործին, քեզ ոչ կանչելու են, ոչ էլ»:

Այն, որ այս վկան տեսողական խնդիրներ ուներ, դատարանում ակնհայտ էր, որովհետեւ իր ստորագրությունը ճանաչել էլ չէր կարողանում՝ առանց ակնոցի, դատավոր Արտուշ Գաբրիելյանը իր ակնոցները տրամադրեց, որ տեսնի:

Ցուցմունքը լսելուց հետո դատավորը կատակով հարցրեց՝ «ուզու՞մ ես գնաս, հետո չասես՝ փողերս գրպանիցս պակասեցին: Վոլոդյա Խաչատրյանն էլ ամենայն անկեղծությամբ պատասխանեց դատավորին. «Ուզո՞ւմ եք էսօրվա պլանս տվեք՝ մնամ: Դատավորը կատակեց՝ «Խաչատրյան, գնա, թե չէ հիմա պլան կուզես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031