Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստն է: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը: Սամվել Բաբայանին նաեւ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:
Վկաների հարցաքննություն ավարտված է, ուստի դատարանը որոշել հետազոտել գործում առկա իրեղեն ապացույցները, հետո՝ փաստաթղթերը: Դատարան բերվեց Վրաստանից մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված «Իգլա»-ն, ավելի ճիշտ՝ զինատեսակի արձակման խողովակը միայն:

Հատկանշական է, որ հետազոտման ժամանակ դատախազ Արամ Արամյանը փոքրիկ դանակը ձեռքին եւ առանց ձեռնոցների՝ դատարանի կարգադրիչների հետ միասին պատռեց «Իգլա»-ի փաթեթավորումը:
Հետո տեւական ժամանակ՝ ամբաստանյալների ժպիտների ներքո, կարգադրիչները փորձում էին «բացել» «խողովակը»՝ պարզելու համար՝ մեջը «հրթիռ» կա՞, թե ոչ:
Ամբաստանյալներից Սամվել Բաբայանը հայտարարության կարգով ասաց. «Սա զինատեսակ չի կարող լինել, մարտկոցը չկա: Եթե «պուսկավոյ» մեխանիզմը բերենք-դնենք վրան՝ չի կրակի: Այն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում»:
Մյուս իրեղեն ապացույցներն էին պլանշետը, որով, ըստ գործում առկա նյութերի, լուսանկարվել է «Իգլա»-ն, գունավորված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկելու նյութերը, որոնց պատկանելիությունն ամբաստանյալ Ժորա Զաքարյանը չճանաչեց, եւ հենց թղթադրամները՝ 90-ից ավելի 50 գունավորված եվրո, որոնց պատկանելիությունն ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը ճանաչեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































