Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատաքննությանը հարցաքննվում են գործով այն ամբաստանյալները, որոնք մեղադրվում են փողերի լվացման մեջ:
Ամբաստանյալներից Ժորա Զաքարյանը հրաժարվեց ցուցմունք տալ՝ խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը: Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:

Ըստ Ժորա Զաքարյանի նախաքննական ցուցմունքի՝ ինքը տեղյակ չի եղել, թե ինչպես են 5 հազար եվրոն տեղափոխել Հայաստան, նա նաեւ չի ընդունել առաջադրված մեղադրանքը, նա նաեւ ասել է՝ տեղյակ չի եղել՝ այդ թղթադրամները կապ ունեն Սամվել Բաբայանի հետ:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Վերջիններս, ըստ մեղադրանքի, օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































