Լրահոս
Օրվա լրահոսը

Զիջումներ ստացած Մոսկվան չի ցանկանա խանգարել ՀՀ-ԵՄ փաստաթղթի ստորագրմանը

Հոկտեմբեր 12,2017 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը

– Պարոն Սամսոնյան, սեպտեմբերի 21-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի 4-րդ համաժողովում հավակնոտ ելույթով հանդես եկաք: «Հաշվի առնելով միջազգային փորձն ու մեր՝ լիբերալ ժողովրդավարական մոդելի պետություն կերտելու պատրաստակամությունը` անելու ենք հնարավորը, որպեսզի ժողովրդավարության կողմնակից այլ քաղաքացիական հասարակության մարմինների հետ համատեղ փոխենք անձնական եկամուտների աղբյուրի վերածված քաղաքացիական դաշտը եւ հենց քաղաքացիական հասարակության կայացմամբ շարունակենք 91-ից սկիզբ առած եւ 95-96 թվականներին առկախված ժողովրդավարացման գործընթացը։ Այդ գործընթացի տեսլականը կարող է լինել «Հայկական երազանքի» ձեւակերպումը, որը պետք է պատկանի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու, բայց որի իրագործման տարածքը պետք է լինի բացառապես ՀՀ-ն։ Սա է լինելու Հայկական երազանքի տարբերակիչ առանձնահատկությունը ներկայումս առկա հայերի երազանքից»: Նախ՝ այսպիսի հարց. քաղաքական հա՞յտ եք ներկայացնում, ավելի կոնկրետ հարցնեմ՝ կուսակցություն ստեղծելու մտադրություն, ծրագրե՞ր ունեք:

– Մենք քաղաքական հայտ վաղուց ենք ներկայացրել, եւ անցնող 5 տարիների մեր գործունեության փորձը ցույց է տալիս, որ այդ հայտը դրական եւ պետքական է համարվում գոնե այն հանրային խմբի կողմից, որի հետ մենք կապում ենք մեր երկրի ապագան։ Ընդհանրապես, ժողովրդավարական հասարակություններում քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա անմիջական ազդեցություն ունենալու համար միակ արդյունավետ գործիքը կուսակցություն ստեղծելն է, բայց հայկական իրականությունը բավականին հեռու է վերոնշյալ իրողությունից։ Ցավոք սրտի, կուսակցությունները մեր երկրում ամենաանվանարկված, ամենաանարդյունավետ գործող եւ հասարակության կողմից ամենացածր վստահությունը վայելող ինստիտուտներն են։ Այսպիսի պայմաններում կուսակցություն ստեղծելով խնդրին լուծում տալն անհնար է, քանի որ նախ պետք է ստեղծել համապատասխան միջավայր, եւ այս համատեքստում որքան էլ մենք քաղաքական լուրջ հայտ ենք ներկայացրել եւ այսօր ինստիտուցիոնալ առումով ամբողջությամբ պատրաստ ենք կուսակցություն ստեղծելուն, այնուամենայնիվ այս պահին կուսակցություն ստեղծելու մտադրություն չունենք։

Մենք հստակ սահմանել ենք մեր պատկերացրած գործընթացի տրամաբանությունը, եւ այն նույնական է «ժողովրդավարացման երրորդ ալիքի» ընթացքում բազմաթիվ երկրներում հանդիպած ժողովրդավարական շարժումների հետ։ Այդպիսի շարժումներում առավել ակտիվ դերակատարում են ունեցել հենց քաղաքացիական ինստիտուցիոնալ միավորումները, եւ նրանց ջանքերի արդյունքում նախ՝ ոչ ժողովրդավարական համակարգը փոխարինվել է ժողովրդավարականով, հետո նոր նրանցից որոշները վերածվել են կուսակցությունների։ Որպես ասվածի կարճ պատմական ակնարկ՝ տեղին է հիշել լեհական «Համերաշխությունը», հայկական «Ղարաբաղ կոմիտեն», Մերձբալթյան երկրների քաղաքացիական շարժումները, ուկրաինական «Մայդանը», սերբական «Դիմադրությունը» (Отпор ) եւ այլն: Իսկ նմանատիպ շարժումների առանցքը միշտ եղել է հավաքական տեսլականը, որը մենք կփորձենք բանաձեւել «Հայկական երազանքի» տեսքով։

– Մեր երկրում լիբերալ ժողովրդավարական մոդելի պետություն կերտելու պատրաստակամություն հասարակության մեջ կա՞, ինչպե՞ս եք պատրաստվում հաջողության հասնել այս հարցում: Ասում են՝ լիբերալ ժողովրդավարությունը առավել քան երբեք թույլ է այսօր աշխարհում:

– Լիբերալ ժողովրդավարությունն այսօր աշխարհում իր լավագույն օրերը չի ապրում, բայց չպետք է մոռանալ, որ հենց լիբերալ ժողովրդավարությունն էր, որ «սառը պատերազմի» ընթացքում տապալեց խորհրդային հակամարդկային համակարգը։ Մեր օրերում լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ է ապրում ոչ թե ինստիտուցիոնալ թերությունների, այլ ոչ կոմպետենտ մարդկային գործոնի պատճառով, բայց սրա մասին ավելի մանրամասն մեկ այլ առիթով։

Հայ հասարակության շրջանում լիբերալ ժողովրդավարության վերաբերյալ ընկալումներն ուղիղ համեմատական են դրա վերաբերյալ ունեցած գիտելիքներին։ Շատերն անգամ տարրական պատկերացումներ չունեն եզրույթի բովանդակային եւ քաղաքական բաղադրիչի մասին։ Այդ իսկ պատճառով մեր առաջնային խնդիրն այսօր լիբերալ ժողովրդավարության վերաբերյալ ամբողջական պատկերացումներ ունեցող որակյալ փոքրամասնության ձեւավորումն է, որից հետո, վստահ եմ, հասարակության լայն շրջանակներում այն բավարար աջակցություն կգտնի։

– «Հայկական երազանքի» տեսլականի ընկալումը հասարակության մեջ ինչպե՞ս եք պատրաստվում սերմանել, ի՞նչ ճանապարհով եք հասնելու դրան:

– Մեր գործունեության ողջ ընթացքում մենք ունեցել ենք հստակ ռազմավարություն եւ այդ ռազմավարությունն իրականություն դարձնող մարտավարական հստակ միջոցառումներ։ «Հայկական երազանքը» հասարակության սեփականությունը դարձնելը մեզ համար ռազմավարական նշանակության խնդիր է։ Այդ ուղղությամբ արդեն իսկ արվել են ծավալուն աշխատանքներ, եւ մեր համաժողովին այդքան լայն երիտասարդական ներկայությունը հենց դրա արդյունքն էր։ «Հայկական երազանքի» ամբողջական ձեւակերպումը հենց այն ճանապարհն է, որով այն դարձնելու ենք բոլորի սեփականությունը, այսինքն՝ այն, ինչ այսօր մենք ունենք, պետք է փոխլրացվի եւ ամբողջացվի հենց ՀՀ քաղաքացիների կողմից։ Մենք մարդկանց չենք պարտադրելու մեր տեսլականը, այլ այդ տեսլականի առանցքում նրանց անմիջական մասնակցությամբ քննարկումներ, կրթական, ուսումնական, քարոզչական ծրագրեր իրականացնելով, կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումներ հիմնելով՝ ձեւավորելու ենք «Հայկական երազանքը»։

– Դուք ասում եք՝ իշխանությունները ժողովրդավարական գործելաոճի հակադիր բեւեռում են, ընդդիմությունը զբաղված է եղանակային «հեղափոխություններով», իրենց իրավապաշտպան հռչակած մարդիկ աղաղակում են միջազգային իրավունքում առկա զինված ապստամբության իրավունքի մասին, ունենք հնչեղ անուններով քաղաքացիական հասարակության մարմիններ հանդիսացող կառույցներ, որոնց շահառուների թիվը չի գերազանցում մի քանի տասնյակը: Բայց այս վիճակը կարծես բոլորին է ձեռնտու, ինչպե՞ս եք կոտրելու այս «պատը»:

– Այո՛, այս իրավիճակի հետ բոլորը համակերպվել են, եւ հենց այդ է պատճառը, որ մենք գործում ենք այդ հարմարվողականության եւ կոնյունկտուրային տիրույթից դուրս։ Այդ «պատն» իր ստեղծողների նման խարխուլ հիմքեր ունի, եւ այն ճեղքելու համար ընդամենը հարկավոր է չգործել այդ մարդկանց կանոններով։ Առաջին հայացքից նրանք իրար խիստ հակամետ ուժեր են, բայց իրականությունն այն է, որ նրանք մեկը մյուսին փոխլրացնելով՝ ընդամենը երկարացնում են համակարգի կյանքը։ ՀՀ քաղաքացու համար որեւէ տարբերություն չկա իր զարգացմանն ուղղված գումարները մսխող իշխանավորի կամ տասնյակ, իսկ երբեմն հարյուր հազարավոր դոլարների դրամաշնորհներ ստացող եւ քաղաքացիական հասարակության իրական նշանակությունը խեղաթյուրող ՀԿ-ների միջեւ։

Այս իրավիճակն առաջին հայացքից բավականին անհաղթահարելի է թվում, բայց միջազգային հաջողված փորձերն ուսումնասիրելու պարագայում ակնհայտ է դառնում, որ ժողովրդավարությանն ընդառաջ բոլոր մեծ փոփոխություններն ուղեկցվել են նմանատիպ «պատերի» առկայությամբ, եւ, ինչպես բեռլինյան պատը, դրանք եւս քանդվել են։ Համախոհների եւ գաղափարակիրների լայն զանգված՝ գումարած արդյունավետ քաղաքացիական խաղաղ անհնազանդություն, եւ մեր երկրում, վստահ եմ, այդ «պատը» քանդվելուն այլընտրանք չի լինելու։ Հնդկաստանի անկախական շարժման ժամանակ այդ «պատը» մի քանի անգամ ավելի ամուր եւ բարձր էր, բայց հնդիկ ժողովուրդն այն ճեղքեց, ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում 60-ականներին այդ «պատերն» առավել ամուր էին, քան հայկականը, բայց ճեղքվեցին, Սերբիայում, Չիլիում, Արգենտինայում, Հունաստանում, Իսպանիայում, Պորտուգալիայում եւ այլ բազմաթիվ երկրներում 20-րդ դարի վերջին այդ «պատն» ավելի ամուր էր, բայց ճեղքվեց: Եվ, վերջիվերջո, Հայաստանն այս համատեքստում եւս բացառություն չի եղել, քանի որ 88-ին խորհրդային «պատի» ճեղքումը սկսվեց հենց մեր երկրից։

– Դեռ մեկուկես ամիս ժամանակ կա ԵՄ ԱլԳ գագաթնաժողովին, նոյեմբերին ակնկալվում է, որ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կստորագրվի: Ձեր կարծիքով՝ այն կստորագրվի՞: Ֆորս-մաժոր հնարավո՞ր է գագաթնաժողովից առաջ:

– Մի կողմից՝ 2013-ի հայտնի փորձն ունենալով՝ միանշանակ կանխատեսել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անշնորհակալ գործ է։ Մյուս կողմից էլ՝ այս անգամ իրավիճակն իշխանությունների համար բարենպաստ է այն առումով, որ, ցավոք սրտի, նախապատրաստվելիք համաձայնագիրը որեւէ աղերս չունի այն փաստաթղթի հետ, որը չստորագրվեց 2013-ին։ Այս անգամ Մոսկվայի համար այդ փաստաթղթում չկան «վիճելի» կետեր, եւ եթե հաշվի առնենք անցնող շաբաթվա ընթացքում ԱԺ-ի կողմից շատ արագ ընդունված մի քանի՝ ՀՀ շահերի հետ աղերս չունեցող փաստաթղթեր, կարելի է ասել, որ Մոսկվան, ստանալով իր համար անհրաժեշտ զիջումները հայկական կողմից, չի ցանկանա խանգարել այս փաստաթղթի ստորագրմանը։ Փաստաթղթի ստորագրմանը, Մոսկվայից բացի, ամեն հնարավոր ձեւով փորձում են խոչընդոտել, այսպես կոչված, «արեւմտյան արժեքների ջատագով» եւ Արեւմուտքից ահռելի ֆինանսական աջակցություն ստացող մի քանի կառույց, որոնք հանրության շրջանում չունենալով գոնե մի քանի տոկոսի աջակցություն՝ այնուամենայնիվ, փոքրիկ սադրանքներով փորձում են ազդել այդ գործընթացի վրա։ Նրանց հետապնդած նպատակներն էլ են ակնհայտ, վերջիվերջո, իշխանության դեմոնիզացիայի համար անհրաժեշտ հող է պետք, առանց որի նրանց ֆինանսավորումն ուղղակի իմաստ չի ունենա, բայց առավել քան վստահ եմ, որ այս անգամ նույնիսկ նրանց վնասարարությունը չի օգնի ո՛չ իրենց, ոչ էլ ռուսական նպատակների իրականացմանը եւ փաստաթղթի ստորագրման գործընթացին ոչնչով չի խանգարի։ Կարճ ասած՝ «գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է»։

– 2018-ին Սերժ Սարգսյանի՝ իշխանության ղեկին մնալու հարցում որեւէ արգելք տեսնո՞ւմ եք: Կարեն Կարապետյանին, օրինակ, կարելի՞ է բեւեռ համարել, որը կարող է իր շուրջը իշխանական էլիտա համախմբել: Եվ այս համատեքստում եւս մի հարց՝ շատերը խոսում են այն մասին, թե «Սերժ Սարգսյանը ճիշտ չի լինի, եթե իշխանավարի 2018-ից հետո…»: Իսկ կա՞ ուժ, որն այսօր վայելում է հասարակության վստահությունը, եւ այնպիսի առաջնորդ, որը քիչ թե շատ ընկալելի է հասարակության համար:

– Հարցի վերջին հատվածից պատասխանեմ. ո՛չ, չկա այնպիսի մի ուժ, որն ունենա հասարակության վստահությունը, եւ եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ն անգամ այդ վստահությունը չունի, ապա մնացածի մասին խոսելն ուղղակի պոպուլիզմի ժանրից է։ Իսկ այն մարդիկ, ովքեր խոսում են Սերժ Սարգսյանի իշխանության մնալու «ճիշտ ու սխալից», նրանց պետք է հորդորել, որպեսզի մի քանի անգամ հաճախեն որեւէ բուհի իրավաբանական ֆակուլտետում անցկացվող սահմանադրական իրավունքի դասաժամերի, եւ վստահ եմ, որ դրանից հետո նրանց մոտ գոնե տեսականում անպատասխան հարցեր չեն մնա։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի իշխանության մնալ-չմնալուն. նախ՝ Սերժ Սարգսյանը մոտակա 5 տարիներին իշխանության մնալու հարցն արդեն լուծել է ապրիլին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, իսկ ՀՀԿ-ում այսօր, նրանից բացի, չկա մի գործիչ, որը կուսակցության ներսում ունենա այն լեգիտիմության աստիճանը, որն ունի Սարգսյանը, հետեւաբար խոչընդոտների մասին խոսելն ավելորդ է։ Կարեն Կարապետյանի դերակատարումն ի սկզբանե չի եղել կուսակցական գործունեություն ծավալելը։ Կարեն Կարապետյանն ինչի համար եկել է Հայաստան, ինքն այդ ամենը հաջողությամբ իրականացրել է։ Ավելին, նա ինքը մի քանի անգամ ցուցադրաբար ընդգծել է, որ քաղաքականության հետ կապ չունեցող գործիչ է։ Ուստի նա քաղաքական գործիչ չէ եւ ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող իշխանական էլիտային համախմբողի դերում հայտնվել։

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

11.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031