Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կենտրոնում «քաղաքացի» (City+Zen) կարող են լինել միայն ունևոր խավի երեխաները». Գայանե Թերզյան

Հոկտեմբեր 30,2017 13:17

«ՍիթիԶեն» մասնագիտությունների քաղաքը, պարզվում է, հասանելի չէ բոլոր երեխաներին: Պատճառը մուտքի տոմսի բարձր գինն է:

Հիշեցնենք՝ «Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնի և վարպետների մանկական քաղաք «Մաստերսլավլ»-ի համագործակցությամբ՝ Երևանում արդեն մեկ ամիս է գործում է «ՍիթիԶեն» մասնագիտությունների քաղաքը։ Կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար։ «Սիթիզեն»-ի մարքեթինգի ղեկավար Նարեկ Մարտիրոսյանի խոսքերով՝ «Սիթիզեն»-ի հիմքում դրված է երեխայի զարգացման կարևոր 2 գաղափար՝ կրթություն և զվարճանք։ Փորձելով իրենց հրշեջի, վարսահարդարի, բանկիրի կամ ատամնաբույժի դերում՝ երեխաները կարծիք են կազմում այն մասնագիտությունների վերաբերյալ, որոնք կարող են յուրացնել ապագայում։

Մինչդեռ ոչ բոլոր երեխաներն են կարողանում օգտվել նման հնարավորությունից: Նշենք, որ այցելությունը մանկական կենտրոն մեկ անձի համար աշխատանքային օրերին մինչև ժամը 18.00-ն 6000 դրամ է, իսկ ժամը 18.00-ից հետո՝ 9000 դրամ, հանգստյան օրերին՝ 12.000 դրամ: Մեզ հետ զրուցած մի շարք ծնողներ հարցրին՝ արդյոք ներկայիս սոցիալական պայմանները թույլ կտա՞ն ընտանիքներին այդքան գումար հատկացնել մեկ այցի համար:

Օրինակ՝ ծնողներից Կարինե Կարապետյանին հետաքրքիր է՝ կենտրոնի մուտքի տոմսի գնի՝ սահմանված գնային սանդղակը միջին աշխատավարձի հետ համեմատությամբ համապատասխանո՞ւմ է ծնողների ֆինանսական վիճակին, և ի՞նչ հիմունքներով է սահմանված տոմսի գինը:

Նարեկ Մարտիրոսյանի հավաստիացմամբ՝ մինչ օրս նման դժգոհություններ չեն ստացել, ընդհակառակը, եղել են դրական արձագանքներ. «Կենտրոնը երեխային օգնում է կողմնորոշվել՝ ինչ են մասնագիտությունները։ Մեզ մոտ այցելուների հոսքը բավականին մեծ է, նրանք գոհ են մեր ծառայություններից»։

Իսկ թե ինչպես են վերաբերվում բացասական կարծիքներին, նա պատասխանեց. «Բացասական կարծիքներ հնարավոր է՝ լինեն. մենք դա նորմալ ենք ընդունում։ Պատճառն այն է, որ մարդիկ դեռ հստակ պատկերացում չեն կազմել մեր գործունեության մասին»։

Մուտքի տոմսի բարձր գների հետ կապված Նարեկ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ հաշվի են առել նախագծի ծախսերը և այլ հանգամանքներ. «Կարծում ենք՝ սկզբի համար նորմալ է»։

Հարցին՝ հետագայում հնարավո՞ր է լինեն գնային փոփոխություններ, մասնագետը պատասխանեց. «Հաշվի առնելով տնտեսվարության օրենքները՝ցանկացած գին փոփոխության ենթակա է. դա ապագան ցույց կտա»։

Հավելենք, որ մանկական կենտրոնը համագործակցում է դպրոցների հետ․կենտրոն են այցելում բազմաթիվ դասարաններ։ Վերջիններիս համար նախատեսված են ավելի մատչելի գներ, քան սահմանված գնային ցանկում է։

Նախագծի վերաբերյալ կան հակասական կարծիքներ․լրագրող Հրածին Սաֆարյանի պնդմամբ՝ այդ տարիքում երեխան պետք է մանկությունը վայելի․«Դեռ վաղ է երեխային կողմնորոշել մասնագիտության ընտրության հարցում»։

Իսկ ծնող Աստղիկ Բադալյանի խոսքերով՝ սա շատ լավ հնարավորություն է, որ երեխաները փոքր հասակից գաղափար կազմեն մասնագիտությունների, դրանց կիրառությունների ու կարևորության մասին, ինչն էլ կնպաստի ապագայում մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշմանը։

Բարձրացված խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստացանք  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող Գայանե Թերզյանից: Նա նշեց, որ «ՍիթիԶեն» կենտրոնում, ցավոք, չի եղել, նրանց գործունեության մասին գիտի միայն պաշտոնական կայքից. «Նման կենտրոնի գոյությունը հետաքրքիր է. կարծում եմ, երեխաները շատ բան կարող են սովորել, մանավանդ, եթե ունենան հմուտ մանկավարժական մոտեցում ունեցող ուղեկցողներ, որոնք ոչ թե թելադրում են, այլ պայմաններ ստեղծում և օգնում, որ երեխաներն ինքնուրույն ընտրեն, որոշեն, խաղան, սովորեն»։

Գայանե Թերզյանը նույնպես անդրադարձավ անհասանելիության խնդրին և կարծիք հայտնեց, որ կենտրոն այցելությունը հասանելի է միայն հասարակության միջին խավին. իսկ դա խորացնում է սոցիալական շերտավորումը․«Մտահոգիչ են ծառայություների գները։ Չեմ կարծում, թե շատ ընտանիքներ կարող են իրենց թույլ տալ երեխայի մեկօրյա խաղին մոտ 10 հազար դրամ տրամադրել՝ հավելյալ ծախսերով։ Ստացվում է, որ այս կենտրոնում «քաղաքացի» (City+Zen) կարող են լինել միայն ունևոր խավի երեխաները»։

Անուշիկ ՅՈԼՉԻՆՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031