Լրահոս
Օրվա լրահոսը

«Բան- գործ թողնեմ, 20 օր հետևներից ընկնեմ, որ գումարս հետ տա՞ն». տնտեսագետը՝ հարկադիր կատարման ծառայության քաշքշուկների դեմ (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2017 15:25

Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Կարեն Պետրոսյանն օրերս Aravot.am-ին էր դիմել՝ դժգոհելով ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության ստեղծած քաշքշուկներից։ Բանն այն է, որ վարչական իրավախախտում կատարելու համար իր հաշվեհամարից կրկնակի գանձում է կատարվել, հարկադիր կատարման ծառայությունն էլ, տեսնելով՝ վճարումը կրկնակի է կատարված, ծանուցել է քաղաքացուն , որ 7500 դրամը վերադարձնելու են։ Սակայն, ըստ Կարեն Պետրոսյանի, 20 օր է անցել ու դեռ անհայտ է, թե ինչ ճանապարհով են գումարը վերադարձնելու։

Քաղաքացին, ուսումնասիրելով հարկադիր կատարման ծառայության պաշտոնական էջում տեղադրված կոնտակտային տվյալները, զանգահարել է վարչական ակտերի բռնագանձման բաժին։ Հեռախոսազանգին պատասխանող պետական աշխատակիցը, ներկայանալով Հայկուշիկ անվամբ, Կարեն Պետրոսյանին իր պետի անունից փոխանցել է գալ Երևան այդ գումարը ստանալու կամ բանկային հաշվեհամարն ու անձնագրի տվյալները իրենց ուղարկել փոստի միջոցով։ Սակայն քաղաքացու ասելով, Գյումրի-Երևան ճանապարհածախսը հնարավոր է շատ ավելին նստի, քան 7500 դրամն է, բացի այդ, մեր զրուցակիցը նեղվում է՝ թե փող տանելուց հաշվեհամարը գիտեին, հետ վերադարձնելուց չգիտե՞ն։

Կարեն Պետրոսյանը Հայկուշիկ ներկայացող անձին խնդրել է տալ իրեն էլեկտրոնային հասցե, որով կկարողանա ուղարկել իր անձնագրի տվյալներն ու բանկային հաշվեհամարը, սակայն վերջինս տեղյակ չի եղել, որ տվյալները կարելի է և փոխանցել էլեկտրոնային հասցեով։

«Չգիտեմ, եթե կառավարությունում իրեն աշխատանքի են ընդունում, մեյլի մասին բացատրո՞ւմ են, թե՞ չէ։ Երբ ես բացատրեցի ինչ է, ասում է՝ տնօրենս ասել է՝ ոչ մի մեյլ, էլեկտրոնային տարբերակով հնարավոր չէ, պիտի փոստով ինձ նամակ ուղարկեք։ Հետո ճշտեցին, որ ինչ-որ մի մեյլ կա, դրանով հնարավոր է ուղարկել։ Ուղարկեցի իրենց տված մեյլով [email protected] ՝ խնդրելով, եթե նամակը հասել է, պատասխանեք, որ ստացել եք։ Մինչև օրս ոչ մի ծանուցում չեմ ստացել։ Դրանից հետո իմ անձնագրային տվյալներն ու բանկային հաշվեհամարը ուղարկել եմ [email protected] էլեկտրոնային հասցեով, դարձյալ ոչ մի պատասխան։ Խայտառակ մի վիճակ, մարդը էդ գումարը հետ ստանալու համար իր բան ու գործը պիտի թողնի, 20 օր հետևներից ընկնի, որ աշխատանք կատարեն», -ասում է մեր զրուցակիցը։

Նրան անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է պետական աշխատակիցը զլանում ներկայանալ իր անուն-ազգանունով։ «Եթե մեր կառավարությունն առաջնորդվում է Հայկուշիկներով, ինձ համար անհասկանալի է, մարդը ունի անուն-ազգանուն, և երբ որ պետական ծառայողին հարցնում ես իր անուն-ազգանունը, ինքը պարտավոր է ներկայանալու, եթե ինքն է պատասխանատուն այդ հարցով։ Մարդիկ հրաժարվում են պատասխանել, երևի թե առաջին անգամն է իրենց կյանքում, որ քաղաքացու պիտի պատասխանեն կամ էլ չգիտեն, որ պարտավոր են պատասխանել։ Բայց սա այդքան էլ էական չէ, կարծում եմ համապատասխան գերատեսչությունը դասեր կքաղի, իրենց թեժ գծին էլ է ծանուցված, բայց ձայն բարբառո հանապատի։ Իրենց վերադասի՝ այսինքն` արդարադատության նախարարության թեժ գծին էլ է ծանուցված, բայց էլի ոչ մի արձագանք և իրենց վերահսկողության ծառայությանն էլ է ծանուցված, դարձյալ ոչ մի արձագանք։ Թե այդ ամբողջ պետական ապարատն ինչով է զբաղված, միայն Աստված գիտի, բայց մենք մի օր որ հարկերը չտանք, մեզ կտուգանեն, բայց մենք մի օր հանկարծ ԴԱՀԿ-ի որոշումները, բռնագանձումները չանենք, մեզ կտուգանեն․․․ Հարցն այն է, եթե դու քաղաքացուց գումար ես վերցրել, վերցնելը գիտես, հետ վերադարձնելը չգիտե՞ս։ Եթե սա է մեր հարգարժան վարչապետի երազանքի կառավարությունը, կներեք, մենք չենք հավատում այս կառավարությանը։ Իսկ եթե այդ կրճատումներն ու բարեփոխումները միտված են որակի բարելավմանը, սա կարող է լինել առաջին քայլը Հայկուշիկներից օր առաջ ազատվելու քաղաքականություն որդեգրելու», -ասում է Կարեն Պետրոսյանը։

Մենք պարզաբանումներ ստանալու խնդրանքով գրավոր դիմել ենք ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, արդարադատության ավագ լեյտենանտ Գոհար Կուրղինյանին։ Պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930