Թավրիզում մեկնարկել է լողի պատանեկան միջազգային մրցաշար, որին բացի Իրանի ութ թիմերից մասնակցում են Հայաստանը, Թուրքիան, Սիրիան, Իրաքը եւ Ադրբեջանը:
Լողի հայկական դաշնությունը մրցավայր գործուղել է երկու տարիքային խմբի (11-12 եւ 13-14 տարեկաններ) տասը պատանի լողորդ, որոնք հաջող են սկսել մրցելույթները:
Մրցումային առաջին օրը 50 մետր բրաս ոճում Էդվարդ Ասատրյանը (11-12 տարեկաններ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Գրիգոր Գրիգորյան-Մուշեղ Կագանյան-Վահե Խաչատրյան-Ստեփան Աբրահամյան քառյակը նույն տարիքային խմբի 4×50 մետր ազատ ոճ փոխանցալողում նվաճել է հաղթողի կոչումը: Այս քառյակը հավասարը չի ունեցել նաեւ 4×100 մետր փոխաքնցալողում:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ին ասաց, որ պատանիները վերադառնալու են դեկտեմբերի 1-ին՝ իրենց տեղը զիջելով աղջիկներին, որոնցից սպասելիքներն ավելի մեծ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ