Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք հակապետական կառույցներ են». քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունները

Դեկտեմբեր 18,2017 17:22

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ ԵՄ-ի՝ ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցության 15 տոկոսը տրամադրվելու է քաղաքացիական հասարակությանը:

«Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» հանրային քննարկմանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը վստահեցրեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը նոր դռներ ու հնարավորություններ է բացելու Հայաստանի համար: Նա նշեց, որ քաղհասարակության զարգացման հարցում նոր գաղափարախոսություն են առաջ բերել: Դեսպանը մանրամասնեց. «Ցանկություն ունենք, որ ավելի ակտիվ լինեն մարզերում: Մենք ստորագրելու ենք դրամաշնորհ, որով ֆինանսավորելու ենք քաղաքացիական ակտիվությունը հեռավոր մարզերում: Մենք ուզում ենք գործնականում Հայաստանում զարգացնել հաջողված այն օրինակները, որոնք կիրառվել են Եվրոպայում»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասաց, որ ԱՄՆ կառավարությունը վստահ է՝ քաղաքացիական հասարակության դերակատարությունը խիստ կարևոր է ցանկացած ժողովրդավարության համար: Ըստ դեսպանի՝ քաղաքացիական հասարակությունն այն հսկիչն է, որն ավելի բարեփոխված է դարձնում կառավարությանը. «Քաղաքացիները պետք է նախաձեռնող լինեն, որպեսզի կարողանան հասնել բարեփոխումների և ստիպեն կառավարությանն աշխատել:

Դեսպանը վստահեցրեց, որ շարունակելու են աշխատել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, քանի որ խիստ կարևորում են այս կառույցների դերակատարությունը»: ԱՄՆ դեսպանը կոչ արեց ՀՀ իշխանություններին լսել քաղհասարակության ձայնը, հորդորեց e-draft համակարգում նախագծերի տեղադրումից հետո ծանուցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և բավարար ժամանակ տրամադրել նրանց ծանոթանալու համար:

ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն էլ վստահեցրեց՝ ՀՀ գործադիր մարմինները կարևորում են որոշումների ընդունման գործընթացում քաղհասարակության մասնակցությունը. «Քաղաքացիական հասարակությունը կարևոր դերակատարություն ունի ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ շարունակական համագործակցության խթանման հարցում»:

Հանրային քննարկման ընթացքում բարձրացվեցին մի շարք խնդիրներին, օրինակ՝ այն, որ կառավարությունը բավարար կերպով ջանքեր չի գործադրում քաղհասարակության հետ համագործակցության համար:

«Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի» տնօրեն Լարիսա Մինասյանը բարձրացրեց ներառականության հարցը. «Ինձ համար կարևոր է նաև այն հարցը, որ որոշումներ ընդունող մարմինները պատասխանատու և հաշվետու լինեն նաև այն շերտերին, որոնց կարծիքը ընդունված չէ: Մեր կառավարության ամենամեծ պրոբլեմներից է ներառականությունը սկսած ներգրավվածությունը տարբեր շերտերի, Երևանի, Երևանից դուրս ապրողների, աղքատների և ոչ աղքատների, կառավարական օղակների և ոչ կառավարական օղակների»:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը վստահեցրեց՝ որքան էլ իշխող կուսակցության տարբեր խոսափողներով շանտաժի են ենթարկում քաղաքացիական հասարակության կառույցներին, միևնույն է, իրենք ձգտելու են նրան, որ նորից մեր ժողովրդին դարձնեն քաղաքական ժողովուրդ. «Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ-ում ժողովուրդը ոչ թե հպատակ է, այլ քաղաքացի և ունեն իրենց իրավունքները, հետևաբար քաղաքականացված են: Ցավոք, այս տարիների ընթացքում կախված նաև կառավարման համակարգից մեզ մոտ հետևողականորեն գնում են դեպի քաղաքացուն հպատակ դարձնելուն: Կամաց-կամաց ընտրողներին ՀՀ-ում դարձրին քվեարկող, և դրա վերջնական ապացույցները ապրիլի 2-ին կայացած իբր ընտրություններն էին, որի անունը ես դնում եմ քվեարկություն»:

«Հոդված 3» ակումբի ղեկավար Գայանե Աբրահամյանը բարձրացրեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ուղղված հակաքարոզի խնդիրը. «Վերջին մի քանի ամիսներին սկսում է ավելի ուղղորդված իրականացվել այն քարոզչությունը, թե սրանք հակապետական կառույցներ են: Ավելին, սահմանը փոխվել է: Հակաքարոզը սկսեցին իրականացնել նաև իշխանության ներկայացուցիչները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031