Այսօր Գրողների միությունում Պարույր Հայրիկյանի «Ազատության ճանապարհի բանտերում. (Իմ բանտային հուշերից)» գրքի Բ հատորի շնորհանդեսն էր: Ներկա գրականագետները, գիրքն ընթերցողները գովեստի խոսքեր ասացին թե՛ Հայրիկյանի, թե՛ այս գրքի պատմական արժեք լինելու մասին:

Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ գրքին նայել է ե՛ւ ընթերցողի, ե՛ւ իրավաբանի աչքերով եւ կարեւորում է թե՛ որպես գրական գործ, թե՛ տվյալ շրջանի իրավակարգի ներկայացում. «Այս գործը ոչ միայն գրական, այլեւ գիտական ստեղծագործություն է, այն պետք է թարգմանվի աշխարհի բոլոր լեզուներով, որտեղ ուղղակի ցույց է տրվում ազատության ճանապարհը եւ այն, թե ինչպես հասնել այդ ազատությանը»:

Նա նշեց, որ գիրքը սիրով է կարդացել . «Այսօր Հայաստանը առաջին տեղն է գրավում աշխարհում՝ մի քմ-ի վրա բանաստեղծների քանակով, բայց դաժան փաստը պետք է խոսի: Էնքան կան՝ գրում են, գրում են, մրցանակներ, գրքեր, ինչքան հեռու այդ բոլորից, այնքան լավ»:
Դավիթ Գասպարյանը Հայրիկյանին հարցրեց. «Սերունդների պայքարի գնով մենք հասանք անկախության ու հիմա Հայրիկյանին դաժան հարց ենք տալիս՝ գո՞հ եք այդ անկախությունից, ինչի համար էիք պայքարում, հասանք ինչի»:


Նա ասաց, որ Հայրիկյանը իր հերոսն է, ամեն սերունդ պետք է ունենա իր էտալոնը: Հայրիկյանը հակադարձեց, թե ինձ հերոս մի ասեք, կերպար ասեք: Միրզոյանն էլ չընդունեց, ըստ նրա, կերպար շատ կան. «Գրողների միությունից մի քիչ վերեւ դուրս գանք՝ 131 հատ կերպար կա»: Նա նկատի ուներ ԱԺ պատգամավորներին:

Խաչիկ Մանուկյանը պատմեց, թե հատկապես որ տողերն էին գրքում առավել տպավորիչ: Նրա խոսքով՝ «Մենք մեր ազգի հերոսներին, մեր ազգի դավաճաններին ճիշտ չենք գնահատում: Կարծես ամեն ինչ խառնվել է իրար»: Ըստ նրա, այսօր ԱԺ-ից կարող են հոխորտալ, որ կարտոշկա կերեք, փոխարեն հայտարարելու, որ սիրելի ժողովուրդ ես այսօր անքուն մնացի, որ մտածեմ, թե ինչպես դու պիտի օգտվես սրանից-սրանից: Նա ասաց, որ դատական համակարգում եղել են դատավորներ, որոնք անգամ այն ժամանակ զգացել են Պարույր Հայրիկյանի դերը:

Գրականագետ Արմեն Ավանեսյանն էլ ասաց, որ «ժամանակակից պատմագրության արժեք կա այս գրքում: Նա նշեց, որ հիմա մեր աչքի առաջ պատմությունը սրբագրվում է, իրողությունները այլ կերպ են ներկայացնում եւ այս գիրքը կարեւոր է նաեւ այդ առումով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































