«Ես նրա հետ 1997 թվականից հետո չեմ շփվել, չգիտեմ էլ՝ վերջին քսան տարում իր վրա ազդեցություն թողել են, թե չեն թողել, բայց այն Արմեն Սարգսյանը, որին տեսել եմ 97 թվականին, որի հետ աշխատել եմ մի քանի ամիս՝ շատ հրաշալի մարդ էր ե՛ւ կիրթ, ե՛ւ մտահոգ: Եթե հինգ տոկոս մնացած լինի այն Արմեն Սարգսյանից, որին տեսել եմ, ապա նրա որակական հատկանիշները նկատի ունենալով՝ ինքը նախագահի հրաշալի թեկնածու է»,- այս կարծիքին է ՀՀԿ-ի՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին Բնապահպանության նախարարի նախկին խորհրդական Արծրուն Պեպանյանը:
Նրա պատմելով, երբ դեռ Արմեն Սարգսյանը վարչապետ էր, ինքը պետք է աշխատանքի անցներ նրա աշխատակազմում, բայց Արմեն Սարգսյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական ներկայացրեց ու գնաց. «Ես այդպես էլ չհրամանագրվեցի: Ինքը եկել էր Եվրոպայից, ուրիշ աշխարհից, մենք այդ ժամանակ, կարելի է ասել, լրիվ վայրի վիճակում էինք գտնվում, նույնիսկ երկրում մի կարգին սրճարան էլ չկար: Սեպտեմբերյան իրադարձությունները նոր էին եղել, քաղաքական լարված իրավիճակ էր, սոցիալ-տնտեսական վիճակն էլ լավ չէր, ինքը որ եկավ, երկրում բարեփոխումներ անելու մեծ ցանկություն ուներ, անկեղծ մտահոգություն ուներ երկրում արմատական փոփոխություններ անելու համար, բայց այդ հնարավորությունը մենք բաց թողեցինք»:

Մեր դիտարկմանը, թե հասարակությունը պայքարում է օլիգարխների դեմ, բայց ՀՀ նախագահի թեկնածուն, ըստ մամուլի հրապարակումների բազմաթիվ բիզնեսներ ունի Հայաստանում ու արտասահմանում, նրա անունը կապվում է օֆշորում գրանցված ընկերությունների հետ, պարոն Պեպանյանը հավելեց. «Հայաստանի ձեր ասած օլիգարխիայի ծագումը շատ լավ գիտենք, թե իրենք հասարակության որ շերտից են եկել, ինչպես են դարձել մեծահարուստ, ինքը, ի տարբերություն մյուսների, Հայաստանում չէ ինչ-ինչ կասկածելի եղանակով կարողություն ստեղծել, նա Արեւմուտքում է հարստություն ձեռքբերել ու լավ է, որ ինքը հարուստ է ու աչքը չի դնի այստեղ ինչ-որ բան ձեռքբերելուն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































