Կառավարությունն առաջարկում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել եւ ամրագրել, որ օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տալու որոշումը կայացնելու է ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Բացի այդ, առաջարկվում է, որ եթե հատուկ կացության կարգավիճակ տալու դիմումը մերժվեց, օտարերկրացին կարողանա բողոքարկել:
Այս նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ Պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հարցրեց՝ հիմա որ դուք այլ երկրի դեսպանատուն դիմում եք՝ մուտքի արտոնագիր տալու համար, մերժվում եք, հետո բողոքարկո՞ւմ եք: Ինձ համար անհասկանալի է՝ ինչի՞ եք փոփոխություն առաջարկում. «Բողոքարկման ինստիտուտը տրվում է քաղաքացուն, որ պաշտպանի իր իրավունքները: Հատուկ կարգավիճակ տալը, մուտքի թույլտվություն տալը ինստիտուցիոնալ առումով նույնն է, դա պետության իրավունք է, քաղաքացու իրավունք չի: Մենք բողոքարկման իրավունք ենք տալիս, որ իր ո՞ր իրավունքը պաշտպանի»:
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ մուտքի արտոնագիր ստանալն ու կացության կարգավիճակ ստանալը չի կարելի նույն հարթության վրա դիտարկել: Մուտքի արտոնագիր տալու համար մեկ այլ պետություն մտնելու համար ես դիմում, կացության համար դու գտնվում ես այդ երկրի տարածքում, եթե մերժվում ես կացությունը շարունակել, պետք է արդյունավետ վիճարկելու հնարավորություն ունենալ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ այստեղ պետության ինքնիշխանության խնդիր կա, եթե ամեն օտարեկրացի, որին մերժում են կացության կարգավիճակ տալ, վիճարկի, պետությունը պետք է ընկնի այդ վեճերի մեջ:
Ըստ նրա, բողոքարկումը կամ պետք է բացառել կամ պետք է խիստ սահմանափակել:
Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ «Իհարկե, սա ինքնիշխանության հարց է: Պետությունը որոշում է ում իր երկիր թողնի, ինչքան ժամանակով եւ ինչ պայմաններով: Սա տրված է պետությանը, պետության իրավունք է: Ազատ տեղաշարժվելու իրավունքն էլ բացարձակ իրավունք չի, սահմանափակ է»:
Կոստանյանը մի օրինակ բերեց, թե ինչպես կարող է բողոքարկման իրավունք տալը մեր երկրի դեմ օգտագործվել. «Եթե Թուրքիայի բնակչության 40 տոկոսը դիմի մեզ՝ կացության կարգավիճակ ստանալու համար ու մենք մերժենք ու բոլորը գան ստեղ բողոքարկեն, ի՞նչ կլինի: Կամ Սիրիայի բնակչության 95 տոկոսը դիմում է Գերմանիային, ասում է՝ մենք բոլորս ուզում ենք հատուկ կարգավիճակ: Եթե այդպես լիներ, փախստական հասկացությունը չէր լինի, բոլորը հատուկ կարգավիճակ կստանային: Նա ասաց, որ եթե մեր պետությունն ուզում է նման բան անել, ինքը դեմ է:

Հանձնաժողովի անդամները դեմ լինելով՝ կողմ քվեարկեցին նախագծին: Կոստանյանն ասաց՝ «Մենք դեմ լինելով կողմ ենք, ես չէի անի այդպիսի բան, բայց եթե մեր կառավարությունը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, դա շատ լավ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































