Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետականները չեն հեռանալու այս երկրից, նման բան ասողները հանցագործներ են»․ Սուքիաս Ավետիսյան

Ապրիլ 30,2018 21:33

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ Գյումրի-2 գրասենյակի պատասխանատու Սուքիաս Ավետիսյանն Aravot.am-ի հետ զրույցում, թեև ընդունեց, որ իշխող կուսակցությունը թերացել է, սակայն նրա համար անընդունելի են այն կոչերը, թե ՀՀԿ-ականները պիտի անհապաղ հեռանան երկրից։ Նա նաև ներկայացրեց ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին իր առաջարկը։

-Պարոն Ավետիսյան, ձեր համար սպասելի՞ էր, որ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժումը կարող էր դառնալ համազգային։

– Անկեղծ ասած, չէի սպասում, ու գիտե՞ք ինչու․ ընդամենը մեկ տարի առաջ Ազգային ժողովի ընտրություններ էին տեղի ունեցել, ես ինքս շատ ակտիվ մասնակցելով այդ ընտրություններին՝ եղել եմ մարզի գրեթե բոլոր համայնքներում, հանդիպել եմ ժողովրդի հետ։ Դժգոհություններ բոլոր տեղերում կան, չլուծված հարցեր բոլոր տեղերում կան, անարդարությունից բոլոր տեղերում են խոսում, բայց նաև ընդունում էին, որ ժամանակ ու միջոց են պետք այդ ամենը կարգավորելու համար։

Երբ որ Նիկոլը սկսեց քայլ Գյումրիից, ես մտածում էի, որ ժողովրդի այդ դժգոհության արդյունքում որոշ մասսա իր կողքը կկանգնի, իրենց դժգոհությունը կարտահայտեն։ Բայց նմանատիպ՝ շատ արագ ու շատ մեծ մասսայի հավաքվել, անկեղծ ասած՝ չէի սպասում։ Երբ 2-3 օր անցավ, ես հասկացա, որ այստեղ ոչ միայն Նիկոլի անձն էր, այլ նաև տարբեր քաղաքական ուժեր, այսպես ասեմ՝ տակից, աջակցում էին Նիկոլին, թեև ժողովրդի մասսան հավաքվելուց հետո արդեն բացահայտվեցին։

Այսինքն՝ քաղաքական ուժերը, բացի ՀՀԿ-ից, անթաքույց աջակցում էին Նիկոլին, շատերն էլ թաքնված էին աջակցում։ Դրա արդյունքում ժողովրդի ունեցած անարդարության մասին դրսևորումները, ժողովրդի սոցիալական խնդիրներն էլ միանգամից արտահայտվեցին։

Չմոռանանք, որ գարուն է, իսկ գարունը ինքը զարթոնք է, սա նաև ժողովրդի զարթոնքն էր, և այս ամենը մեկտեղվեց և դարձավ հզոր ժողովրդական շարժում՝ հանրահավաքներով։ Իհարկե, իմ համար անընդունելի է փողոցները փակելը, կարելի է խաղաղ հանրահավաքներ անել հրապարակներում, ցանկացած դեպքում փողոց փակելով՝ դու խախտում ես ուրիշի իրավունքը։

-Ցուցարարներից հաճախակի ենք լսում, որ ՀՀԿ-ն իրեն սպառած, «փտած» կուսակցություն է, որն այլև չի կարող կառավարել երկիրը, հետևաբար և պիտի հեռանա։

-ՀՀԿ-ն ինքն իրեն չի սպառել, որևիցե մեկը թող չմոռանա, որ ՀՀԿ-ն Հայաստանի երրորդ անկախ Հանրապետության առաջին գրանցված քաղաքական ուժն է, կուսակցությունն է։ ՀՀԿ-ն 1995 թվականին Ազգային ժողովում ուներ ընդամենը 4 պատգամավոր, և այս տարիների ընթացքում ՀՀԿ-ն դարձել է իշխանություն։ Այսինքն՝ ՀՀԿ-ն ժամանակին և ընդդիմություն է եղել նախկին իշխանությունների ժամանակ․․․ Այլ հարց է, որ ՀՀԿ-ն, շատ մեծ թվով կուսակցականներ ունենալով, այո, մենք ինչ-որ տեղ կորցրեցինք ճիշտ կուսակցականներ ընտրելու խնդիրը։ Այսինքն՝ ավելի շատ թվի հետևից գնացինք, քան թե որակի հետևից, որի արդյունքում բնական է՝ ՀՀԿ-ում մենք շատ ու շատ կուսակցականներ ունենք, որոնք Հանրապետական են, բայց ես հաստատ համոզված եմ, որ նրանից շատ շատերն էսօր ասում են՝ մենք իզուր ենք Հանրապետական , մենք չենք ընդունում Հանրապետականին։

Նմաններն էսօր հաստատ կգտնվեն, եթե նախկինում այդ մասին չէին ուզում բարձրաձայնել, հիմա կբարձրաձայնեն։ Սա ես գտնում եմ, որ մեր ՀՀԿ-ի ընդհանուր սխալն է, այո, մենք շատ չպիտի գնայինք թվաքանակի հետևից, թեև անկեղծ ասած, այս վերջին մեկ տարում փորձում էինք մեր շարքերը մաքրել, համարյա ամենօրյա աշխատանք էինք տանում, որ մեր կուսակցականները, որոնք կապը կորցրել են կուսակցության հետ, ընդհանրապես չեն ուզում համագործակցել, կամ ընդհանրապես թողել-գնացել են Հայաստանից, ճշտում էինք ու փորձում էինք կամ իրենց դիմումի համաձայն կամ ընդհանրապես հեռացնեինք կուսակցության շարքերից։ Կարծում եմ՝ մի քիչ ավելի շուտ պիտի սկսեինք։

Եվ եթե ունենային կառուցողական նորմալ ընդդիմություն, միգուցե նաև նրանք մեր իշխող ուժի համար կլինեին ճիշտ զսպաշապիկ և միգուցե քայլերը, որոնք արվել են մեր կողմից և որից ժողովրդի դժգոհությունն է առաջացել, այդ ձևով չարվեին, այլ ձևով արվեին, և ժողովուրդն այսօր անարդարության դրսևորումները, սոցիալական որոշ խնդիրներ ավելի քիչ կզգար։ Թեև սոցիալականը պիտի կապեմ նրա հետ, որ վերջին 10 տարում մենք երկու անգամ ներքաշվեցինք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ։ Կամա, թե ակամա մենք դրանից խուսափել չէինք կարող, որի արդյունքում մեր տնտեսությունը որոշակիորեն կաղեց և կաղելու արդյունքում մենք չկարողացանք իրականացնել այն ծրագրերը, որոնք ունեինք՝ թոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացման, որի արդյունքում ընդհանուր աշխատավարձը կբարձրանար։

-Դուք չե՞ք ընդունում, որ մեր տնտեսության զարգացմանն առաջին հերթին խոչընդոտում է քաղաքական դաշտ ներխուժած օլիգարխիայի՝ բիզնեսի հետ սերտաճելը, ոլորտներ մոնոպոլիզացնելը։

-Այո, տնտեսական բնագավառի թերացումներից մեկը հենց դա էր։ Իհարկե, մեր տնտեսությունը բաց է եղել, մենք ազատ շուկայական տնտեսության կողմնակից ենք եղել և դա ամրագրել ենք և՛ Սահմանադրության մեջ, և՛ Անկախության հռչակագրով։ Բայց, ցավոք սրտի, իշխանությունն այդ ասելուց առաջ չի գնացել, այսինքն՝ հստակ որոշումներ չի կայացրել, որ մարդիկ հասկանան՝ իրենք ազատ հնարավորություն ունեն այս կամ այն ապրանքը ներկրել, ազատ հնարավորություն ունեն այս կամ այն գործը դնել և իրենց համար խոչընդոտներ քիչ են լինելու։ Չնայած որ վերջին տարիներին, երբ մենք համեմատում ենք միջազգային կառույցների տրված գնահատականները Հայաստանին տարածաշրջանային մյուս երկրների հետ, պետք է ասել, որ մենք որոշ առումներով միայն Վրաստանից ենք հետ մնում, մնացածներից առաջ ենք։

Մենք ունենք նաև ներկրման խնդիրը, որը փորձեցինք, բայց չկարողացանք հստակ կարգավորել։ Այսինքն՝ մի կողմից մենք սահմանափակեցինք, այսպես ասած, սովորական մարդկանց ներկրումը, ասենք մանդարինի ու մնացած մթերքների, եթե առաջ թույլատրում էինք 200 կիլոգրամ ներկրել, հետո դարձրեցինք 50 կիլոգրամ, հետո ավելի քիչ, բայց դրա արդյունքում չկարողացանք բացել՝ ով հնարավորություն ուներ մի տոննա ներկրել, գնար ներկրեր։ Նույն խնդիրն առաջացավ մեր ապրանքի արտահանման հետ, մենք ԵԱՏՄ-ում ստեղծել ենք հստակ շուկա, բայց ես հիշում եմ մեր խնձորը չկարողացան ժամանակին տանել, որովհետև մարդիկ անտեղյակ էին ԵԱՏՄ-ի միասնական մաքսային օրենսգրքից, մաքսային տիրույթում գործող ենթաիրավական կամ իրավական ակտերից և դրա արդյունքում ծագեցին դժգոհություններ։ Գիտեք ինչ, դժգոհությունները տարբեր ոլորտում այնքան շատ էին կուտակվել, որ, այսպես ասեմ՝ այդ ամենը կուտակվել է մի տեղ՝ Նիկոլի շուրջ։ Այսինքն՝ այս կրիտիկական մասսան ելել է ոչ թե նրա համար, որ Նիկոլին տեսնում են այս երկրի փրկիչը, այլ նրանց մեծ մասը դժգոհություն ունի տարբեր բնագավառներից։ Դա համար դուրս են եկել փողոց։

-Ըստ ձեզ, որը կլինի ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու արդյունավետ լուծումը։

Շարունակությունն է շատ կարևոր, մեզ համար կարևոր է՝ ի՞նչ ենք անելու մենք։ Ըստ ինձ՝ ճիշտը քաղաքական համաձայնության կառավարություն ունենալն է, այսինքն՝ բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրոք մտահոգ են մեր երկրի ապագայի համար, պետք է բոլորը համաձայնեն պատասխանատվություն կրելու։ Եթե վարչապետ կլինի Նիկոլը, ուրեմն Նիկոլն ինքը պիտի ընդունի սա։ Երկրորդ՝ եթե չի ընդունում, ապա ինչ է ստացվում, ստացվում է՝ ունենք վարչապետ, եթե Ազգային ժողովի քաղաքական դաշտն ենք վերցնում, ինքը դառնում է ընդդիմության վարչապետ, ՀՀԿ-ն իշխանությո՞ւն է, կամ ՀՀԿ-ն է դառնում ընդդիմություն, այսինքն` մեծամասնությունն ընդդիմություն է դառնո՞ւմ, իրենք դիմությո՞ւն։ Անհասկանալի է այստեղ։

Սովորաբար նորմալ, շատ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում հակառակ պրոցեսն է, կա իշխանություն, որը պառլամենտում ունի մեծամասնություն, օրինակ՝ Շվեդիայում, բայց իրենք ընդդիմությանը տալիս են վարչապետի լծակը։ Այսինքն` այն, ինչ ուզում էր մեր ընդդիմությունը տարիներ շարունակ, ասում էր՝ մեզ տվեք վերահսկողական լծակներ։ Մեզ մոտ վարչապետի իշխանություն է, Ազգային ժողովն ասում է՝ խնդրեմ ընդդիմությունը թող ղեկավարի, վարչապետի աթոռը վերցնի, բայց այդ ամենը, որ մենք Սահմանադրությամբ տվել ենք վարչապետին, արդյո՞ք կկարողանա ընդդիմության վարչապետը ամեն ինչին տեր կանգնել, իրագործել, որովհետև շատ ծանր բեռ է մնում վարչապետի վրա, եթե ինքն Ազգային ժողովում չունի մեծամասնություն։

-Իսկ եթե կլուծարի Ազգային ժողովը։

-Ազգային ժողովը լուծարելու համար պիտի հասկանանք հանուն ինչ՞ի ենք լուծարում, այսինքն՝ եթե մենք լուծարում ենք Ազգային ժողովը, որ քաղաքական դաշտը փոխենք, այդ պարագայում ո՞րն է այսպես ասեմ երաշխիքը, որ քաղաքական դաշտը մենք չենք մասնաբաժանի այնքան, որ կընկնենք եվրոպական այն երկրների օրը, որոնք ասենք մի քանի տարի չեն կարողանում նորմալ կառավարություն ձևավորել։ Իսկ դա մեզ ձեռք կտա՞, կարծում եմ ձեռ չի տա։ Այսինքն՝ լուծարելու որոշում կայացնելուց առաջ պիտի հասկանանք, դրանից հետո մենք ի՞նչ ենք ակնկալում, որովհետև այսօրվա պարագայում լուծարելը սխալ եմ համարում։

Մենք մի տարի է՝ ունենք նոր Ազգային ժողով, Սահմանադրությունը վերջնականապես նոր է մտել ուժի մեջ, և մենք ունեցել ենք նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններ։ Այսինքն` մենք պիտի վերլուծենք, հասկանանք՝ այս մի տարին, այդ նոր Ընտրական օրենսգրքով ընտրությունները մեզ ի՞նչ են տվել, սպասենք, հասկանանք՝ ինչ է տալիս մեզ այդ Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը, հետո նոր մտածենք ինչ փոխենք, որ ապագա Ազգային ժողովը, ընտրություններն ավելի ժողովրդավար լինեն և իրոք արտահայտեն քաղաքական համակարգի շահերը։ Գիտեք ինչ, բացառված չէ, որ այս շարժումից հետո ՀՀ-ում գրանցված 84, թե 86 կուսակցությունները, նորից ոտքի ելնեն, էդ դեպքում կստացվի քաղաքական քաոս այս երկրում։ Իսկ մեր երկրում նաև փորձը ցույց տվեց, որ կոալիցիան դա աբսուրդ է, կոալիցիան դա ընդամենը ուժերի քաղաքական շահերն է, որոնք երբ պետք է դրանից օգտվում են, երբ որ պետք չէ՝ առաջինը հեռանում են։

-ՀՅԴ-ին ի նկատի ունե՞ք։

-Ինչո՞ւ միայն Դաշնակցությանը, «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, մենք բոլոր օրինակներն էլ ունենք, 10 տարի հետ գնանք․ մենք երեք անգամ կոալիցիա ենք կազմել, լուծարվել է, և ոչ մի կոալիցիա չի աշխատել։ Իսկ ես չեմ ուզում, որ մենք ապագայում նորից ունենանք նման պառլամենտ, որ կոալիցիա ունենալու կամ կոալիցիան լուծարելու արդյունքում ունենանք կառավարման կամ քաղաքական ճգնաժամ։ Ամեն մի նման քաղաքական ճգնաժամ, ամեն մի նման ժողովրդի կողմից շարժումներ մեր երկիրը հետ է գցում մեկ տարով, երկու տարով, երեք տարով։ Մեզ մոտ, ցավոք սրտի, 96 թվականից այս կողմ մենք պարբերաբար հայտնվում ենք այսպիսի վիճակի մեջ և անընդհատ փորձում ենք մտածել՝ ո՞նց անենք տնտեսությունը զարգացնենք։ Մեր նման երկրում, որն անընդհատ դրսից է սպասում տնտեսության ներդրման, մինչև հստակ համակարգ, կայուն իրավիճակ չունենաս, ինչքան էլ ուզում են դրսից գլուխդ շոյեն, ասեն՝ դու լավ ես հանրահավաք անում, դու էլ դուրս արի իշխանության դեմ, միևնույնն է՝ եթե դու կայուն չես, որևիցե մեկը ներդրում չի անի, որովհետև վախենում են։ Ասում են՝ եթե ներդրում անեք, մի երկու տարի հետո մեկ ուրիշը գա իշխանության։ Այ, սա է վատը, մենք անկախ ամեն ինչից, զարգացած ժողովրդավարության հետ այդ կայունությունը պիտի ապահովենք, որպեսզի դրսի ներդրողը տեսնի, որ կայունություն կա այս երկրում և գա ներդրում անի։

Հիմա հասարակ օրինակ բերեմ, գանք Գյումրի, նախկին վարչապետը հիմնադրամ ստեղծեց Գյումրիի կենտրոնի բարեկարգման համար, փառք ու պատիվ իրեն, հիմա փողոց կառուցել են, մի քանի տներ կառուցել են, հիմա երկրորդ փողոցն են սկսում, ի՞նչ է լինելու դրա համար։ Իմ համար շատ ցավ է, որ այդ գործերը կիսատ մնան, բայց արդյո՞ք այս նոր իշխանությունը հնարավորություն կընձեռի, որպեսզի այդ գործերը շարունակվեն, թե՞ դրանք կիսատ կմնան, մեկը ուրիշը կգա ու նորից կմտածենք՝ որտեղի՞ց փող բերվի, որ դրանք շարունակենք։ Այսինքն՝ այս շարունակականության համար հարկավոր է կայունություն։

Իշխանությունը կարող է փոխվել, բայց պետք չէ այդ իշխանության փոփոխությունը հանուն թշնամանքի անել։ Ելույթներ ենք լսում՝Հանրապետականները պիտի այս երկրից գնան, Հանրապետականներն այս երկրում կան ու մնալու են, այս երկրից գնալու են այն մարդիկ, որոնք չեն հասկացել, որ Հանրապետականը այս երկրի ժողովրդի մի մասն է։ Նման կոչեր անելով՝ նրանք որևիցե մի լավ բանի չեն տանի ժողովրդին։

Այսինքն` այդ կոչ անողը պիտի հասկանա, այո, Հանրապետականը եղել է իշխանության գլուխ, կան թերություններ, բայց ի՞նչ է նշանակում, թե այսօր փորձում են Հանրապետականների մեջ գտնել թշնամիներ, այդպես չի լինի, մենք այդպես երկիր չենք կառուցում, ժողովրդավարություն չի լինում։ ԱՄՆ-ի պես երկու կուսակցություն պիտի ունենանք՝ մի անգամ սրանք են հաղթում, մյուս անգամ նրանք, նորմալ բան է, բայց երբևիցե մեկը մյուսին թշնամի չի համարում, չի համարում, որն նրանք այդ երկրի տերը չեն, պիտի գնանք երկրից։ Նման արտահայտություններ անողները հանցագործներ են, որոնք փորձում են ժողովրդին տանել հանցագործության՝ առանց հասկանալու իրենց բառերի իմաստը։ Էմոցիայի տակ ինչ ասես կարող ես գոռալ ժողովրդի մեջ, բայց հատկապես քաղաքական գործիչները պիտի հասկանան, որ պետք չէ էմոցիաներով տարվել, սա մեր երկիրն է, սա մեր բոլորի երկիրն է՝ անկախ կուսակցական պատկանելությունից։

-Նիկոլ Փաշինյանի ելույթներում չկան նման արտահայտություններ՝ ընդհակառակը նա ասում է ՝ վարչապետ ընտրվելու դեպքում երկրում կհաստատի համերաշխության մթնոլորտ և ընդհանրապես կփակի ներհայաստանյան թշնամանքի էջը։

-Տեսեք Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք պիտի հանդուրժող լինենք, բայց այդ շարքերում մարդիկ կան, որ գոչում են՝ Հանրապետականներն այս երկրից պիտի գնան, Հանրապետականների վերջը պիտի տրվի։ Դա անընդունելի է, դա թշնամություն է սերմանում ժողովրդի մեջ։ Բոլորս պիտի լինենք հանդուրժող, իշխանությունը սխալ է եղել, պետք է այդ սխալներն ասել, բայց նրանք, որոնք այդ նույն իշխանությունում կարողանում են դեռևս այս երկրին օգուտ տալ, պետք է այդ մարդկանց ուժերը օգտագործել։

Այսօր մարդիկ կան կյանքի փորձ ունեն, այս երկրից ամեն մի ծակ ու ճյուղը գիտեն, բնագավառի խնդիրները գիտեն, մինչև նորը գա, մինչև սովորի, մի քանի տարի պետք է, որ հասկանա այդ խնդիրների լուծման ուղիները և կարողանա դրանցով զբաղվել։ Դրա համար գալիս եմ իմ առաջին խոսքին․ պետք է լինի քաղաքական համաձայնության կառավարություն, իսկ էս դեպքում և՛ Ազգային ժողովը նորմալ կաշխատի և կառավարությունը։ էլի կլինի ընդդիմություն, էլի կլինի իշխանություն, տարեք ԱԺ-ում քննարկեք, ավելի լավ քննարկում կլինի և այդ քննարկման արդյունքում ճիշտ որոշում կայացրեք, ճիշտ օրենքներ ընդունեք։ Կառավարությունն էլ, դրանից ելնելով, թող աշխատի։ Առավել ևս էսօր մենք ունենք նախագահ, որն անկողմնակալ է, այսինքն՝ որևիցե մեկի նախագահը չէ, ամբողջ Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահ է, չնայած որոշ քաղաքական ուժեր ձայն չեն տվել, բայց նա իր քաղաքական երկխոսության մասին հայտարարել է, և դրա արդյունքում ինքը կարողանում է քաղաքական ուժերի հետ աշխատել։ Սա է լուծումը, որ ասում են՝ Ազգային ժողովը լուծարել, ասելը հեշտ է, երբ որ ամբողջ պրոցեսը պատկերացնում ես ու չգիտես՝ ի՞նչ է լինելու, դրա մասին խոսել չարժե։

Թե վաղը ՀՀԿ-ն կընտրի՞ Նիկոլ Փաշինյանին, Սուքիաս Ավետիսյանը չցանկացավ իրադարձություններից առաջ ընկնել, պարզապես որպես նախկին փորձառու պատգամավոր՝ բոլորին կոչ արեց սթափ մտածել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    ՀՀԿ պատգամավորների կատաղի պայքարը պայմանավորված է իշխանական կերակրատաշտը կորցնելու վախով: Նրանք չեն էլ պատկերացնում, որ կարող են ապրել իրենց արդար քրտինքով: Նրանք չեն կարողանում պատկերացնել, որ այսուհետ դադարելու են լինել արտոնյալ ու մտնել հավասար մրցակցային դաշտ:
    Ընտրակեղծարարաության արդյունքները վայելող այս թայֆայի միտքը ընդունակ չէ ընկալել ժողովրդի ու երկրի շահը և իմաստ չունի այսպիսի մարդկանցից հարցազրույցներ վերցնել և իրենց տափակ մտքերը կարդալ: Ափսոս է մեր ժամանակն ու ջղերը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30